< Նորոգման էգ մատղաշի կերակրումն ու խնամքը
10.06.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հացահատիկային մշակաբույսերի հիվանդություններից Հանրապետությունում տարածված են ու զգալի վնաս են պատճառում մրիկները, ժանգերը, ալրացողը, փտումները: 1. Քարամրիկ կամ կարծրամրիկ: Մրիկներից ամենատարածվածն է, որի պատճառով Հանրապետությունում կորցնում ենք բերքի 20-25%: Ցորենի ու գարու կարծրամրիկներն իրար նման են, սակայն ցորենի քարամրիկը չի վարակում գարուն, գարու քարամրիկը չի վարակում ցորենին: Քարամրիկներից բերքի կորուստը մեծ է հատկապես Շիրակի /Աշոցք, Ամասիա/, Գեղարքունիքի /Վարդենիս, Մարտունի/, Տավուշի մարզերում 30-45%, Արմավիրի, Արարատի, Սյունիքի մարզերում 20-22%: Քարամրիկով վարակված ցորենի հասկերը, առողջների համեմատ, ավելի կարճ են, հասկիկներն ու կիստերը չռված: Հատիկի փոխարեն հասկիկների մեջ առաջանում են մուգ շագանակագույն, համարյա սև գույնի փոշիով լցված պարկիկներ, որոնք առողջ հատիկներից կարճ են, կլորավուն, ավելի թեթև: Յուրաքանչյուր պարկիկի մեջ քարամրիկի սպորների թիվը հասնում է 2-3 միլիոնի: Հասունացման փուլում վարակված հասկերը չեն ծանրանում, չեն կախվում, խոնարհվում: Բերքահավաքի, սերմացուի զտման աշխատանքները կատարելիս, պարկիկները պատռվում են ու սպորները /սև փոշին/ ընկնում են առողջ հատիկների մակերեսին, որտեղ կարող են պահպանվել երկար ժամանակ: Առանց ախտահանման, վարակազերցման, այդպիսի սերմացուն ցանելու դեպքում հատիկի ծլելու հետ, ծլում են սպորները, անցնում ծիլի մեջ և բույսն արդեն վարակված է: Սպորները կարող են թափվել և հողի մեջ ու եթե այդ նույն տարում , նույն դաշտում ցորեն է ցանվում, ապա այդ թափված սպորները կարող են վարակի աղբյուր հանդիսանալ: Հաճախ քարամրիկը շփոթում են փոշեմրիկի հետ, սակայն, եթե ձեռքով սեղմելիս հատիկը /փոշեպարկը/ պայթում, պատռվում է ու սև փոշի է թափվում, ապա դա քարամրիկն է: 2. Ցորենի փոշեմրիկ: Տարածված է ամենուրեք, արտահայտվում է ցորենի հասկակալման-ծաղկման փուլում, մրիկներից ամենավնասակարն է, բարեբախտաբար տարածվածության տոկոսը առայժմ 0.05-0.3%: Հիվանդ բույսը ծաղկում է առողջից մոտ մեկ շաբաթ շուտ: Հասկի ամբողջ օրգանները, բացի առանցքից փոշիացած են, երբեմն պատահում է հասկի մասնակի փոշիացում: Սև թոշին /սպորները/ ընկնում են ցորենի ծաղկի վրա, ծլում ու անցնում հատիկի մեջ: Վարակված հատիկը արտաքինից ոչ մի բանով չի տարբերվում առողջից, ձեռքով ճզմելիս փոշի չի նկատվում: Հատիկի մեջ ձմեռում է մրիկի սնկամարմինը, սերմը ծլելիս, սնկամարմինը սկսում է զարգանալ և ծաղկման փուլում, հատիկի փոխարեն առաջանում է սև փոշի, որը կարող է կրկին վարակել ծաղկած ցորենը: Ցորենի ծաղկման փուլում անձրևային եղանակը նվազեցնում է վարակման հավանականությունը: 3. Գաճաճային կամ գաճաճ մրիկ: Համեմատաբար քիչ է տարածված, մեծ վնաս է պատճառում Հրազդանում, Ապարանում: Արտաքուստ նման է քարամրիկին: Առողջ բույսերի համեմատ, հիվանդները 2-4 անգամ կարճ են, որի պատճառով բերքահավաքի ժամանակ հաճախ չեն հնձվում ու վարակի տարածման աղբյուր հանդիսանում: Վարակված բույսերը ուժեղ են թփակալում, հաճախ նաև ճյուղավորվում: Վարակը պահպանվում է հատիկի մակերեսին, հողի մեջ: ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ: 1. Բոլոր մրիկների դեմ ցանել առողջ, մրիկով չվարակված, ծլունակության մեջ էներգիա ունեցող սերմացու, ապահովելով ցանքի նորմալ խորությունն ու խտությունը, օպտիմալ ժամկետը: 2. Ցանել սուպերֆոսֆատով պարարտացված դաշտում: 3. Գաճաճ մրիկով վարակված դաշտ ցորենը կարող է վերադառնալ միայն 3-4 տարի հետո: 4. Գաճաճ մրիկով վարակված դաշտերը հնձել ավելի խորը, ավելի ցածր: 5. Բոլոր դեպքերում կատարել պտղափոխություն /ցանքաշրջանառություն/: 6. Անպայման կատարել սերմացուի վարակազերծում, ախտահանում: Կա սխալ կարծիք, որ ջրով լվանալիս ախտահանվում է: Պետք է իմանալ, որ լվացած սերմացուն նույնքան վտանգավոր է հաջորդ տարում մրիկի արտահայտման համար, որքան և չլվացածը: Սերմերի վարակազերծումը մրիկի դեմ հարկ է կատարել կիսաչոր ախտահանման եղանակով, 1տ սերմին ավելացնելով 10լ ջուր, լավ խառնել, ապա ավելացնել համապատասխան պատրաստուկը, հավասար խառնելով սերմացուին /100կգ սերմացուի համար համապատասխանաբար 1լ ջուր/: Քարամրիկի և գաճաճ մրիկի դեմ կիրառել ՏՄՏԴ-ն 1տ սերմին 2կգ /100կգ-ին 200գ/: Քարամրիկի, գաճաճ մրիկի և փոշեմրիկի դեմ կիրառել վիտավաքս, վիտատիուրամ, ֆունդազոլ 2-3կգ /100կգ սերմացուին 200-300գ/: Շատ արդյունավետ են ու հեռանկարային դիվիտենտ, մաքսիմ, բիրիտ ունիվերսալ, ռաքսիչ պատրաստուկներ` 1տ սերմին 2կգ նորմայով: Մեր 1997-1998թթ փորձերի հաշվառումները ցույց տվեցին , որ ՏՄՏԴ-ն քարամրիկի դեմ տալիս է 86-87% կենսաբանական արդյունք, դիվիտենտը` 92.8%: 1999թ փորձերի արդյունքներով ՏՎՏԴ-ն 85.4%, դիվիտենտը` 94.7%, ռաքսիլը` 93.8%: II. ԱՐՄԱՏԱՅԻՆ ՓՏՈՒՄՆԵՐ Այս հիվանդությունների դեպքում վարակվում, վնասվում են բույսերի ստորգետնյա օրգանները, արմատավզիկը մինչև առաջին միջահանգույցը: Հիվանդությունները զարգանում են բույսերի աճի ու զարգացման համար անբարենպաստ պայմանների հետևանքով թուլացած բույսերի վրա: Հանրապետությունում վնասը մեծ է հատկապես ֆուզարիոզային և օֆիոբոլեզային արմատային փտումներից, որոնք շատ տարածված են Արմավիրի /Հայկավան, Արմավիր, Լենուղի, Ձերժինսկի, Հայթաղ, Արշալույս/, Կոտայքի /Հացավան, Հրազդան, Սոլակ/, Գեղարքունիքի /Վարդենիկ, Աստղաձոր, Դրախտիկ/, Տավուշի /Վ. Կարմիր աղբյուր, Նորաշեն/, Սյունիքի /Գոռ, Հայք, Նորաշեն, Ծեղ/ մարզերում: Մեր դիտումներով ու հաշվառումներով բերքի կորուստը 1996, 1997, 1998թթ Արմավիրում կազմել է 40-65%, Կտայքում, Գեղարքունիքում, Սյունիքում, Տավուշում 15-25%: 1. Ֆուզարիոզային փտումներ: Ուժեղ վարակման դեպքում, արդեն սերմերի ծլման փուլում, բույսերը մահանում են: Գարնանը, ձնհալից հետո, վարակված բույսերը պառկած են հողի վրա, պատված սպիտակա-մոխրագույն, երբեմն վարդագույն փառով: 2. Օֆիոբոլեզային փտումներ: Մեծ վնաս է նկատվում ցորենի մոնոկուլտուրայի դեպքում, երբ նույն դաշտում մի քանի տարի անընդմեջ մշակվում է նույն մշակաբույսը, ցորեն, գարի, աշորա: Սովորաբար վարակվում են առանձին բույսեր կամ օջախներ: Բույսը արմատավզիկի մոտ ստանում է մուգ շագանակագույն, աստիճանաբար սևանում է, արմատային համակարգը քայքայվում է: Ծաղկումից հետո բույսերը կարծես հասունացած լինեն, հասկերը սպիտակում են, այդպիսի բույսերը մի թեթև ձգելիս հեշտությամբ դուրս են գալիս: ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ: 1. Կիրառել պտղափոխություն /ցանքաշրջանառություն/: 2. Սերմերի նախացանքային մշակում, վարակազերծում դիվիտենտով /2կգ/տ/, վիտավաքսով, վիտադիուրամով /2-3կգ/տ/ արդյունավետությունը` 60-70%, ռաքսիլով /2-3կգ/տ/, ֆուդազոլով /2-3կգ/տ/ արդյունավետությունը` 75-80%: III. ԺԱՆԳԵՐ ԵՎ ԱԼՐԱՑՈՂ 1. Ժանգեր: Հացահատիկային մշակաբույսերին և առանձնապես ցորենին մեծ վնաս են պատճառում ժանգի տեսակները` ցողունային, գորշ և դեղին ժանգերը: Պատճառած վնասը շատ մեծ է, երբ հիվանդությունները էպիֆիտոտիկ բնույթ են կրում: Նույնիսկ միջին վարակվածության դեպքում կորչում է բերքի 50-60%: Ժանգերի զարգացմանը նպաստում են վարակընկալ սորտերի մշակումը, խոնավ անձրևային եղանակը, միակողմանի ազոտական պարարտացումը: 2. Ալրացող: Հացահատիկային մշակաբույսերին տնտեսական մեծ վնաս է հասցնում, բերքի կորուստը հասնում է մինչև 25%: Դեռ աշնանը տերևների վրա առաջանում է ոչ մեծ սպիտակ թավշանման փառ, որը հետագայում մոխրագույն կամ գորշավուն է դառնում, նկատելի ե մանր սև կետիկներ /կլեյստոտեցիաներ/: Հիվանդությունը կարող է զարգանալ նաև գարնանից: Հիվանդության զարգացմանը պաստում են վաղ ժամկետում կատարված ցանքը, ուժեղ աճը /միակողմանի և բարձր դոզաներով ազոտական պարարտացումը/: ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ: 1. Ժանգերի և ալրացողի դեմ դիմացկուն սորտերի մշակումը: 2. Հողի համալիր պարարտացումը ֆոսֆորական, կալիումական և ազոտական պարարտանյութերով: 3. Եթե կա էպիֆիտոտիկ զարգացման վտանգ, ապա անհրաժեշտ է ու պարտադիր ֆունտիցիդների /սնկասպանների/ կիրառումը: Առաջին սրսկումը հարկ է կատարել ոճ ուշ քան հիվանդության առաջին նշանների երևալուն պես: Թե ժանգերի և թե ալրացողի դեմ արդյունավետ են Բայլետոն 0.5-1 կգ/հա, Տիլտ 0.5 լ/հա և Տիլտ պրեմիում 0.33 կգ/հա: 1998թ մեր փորձերում ալրացողի դեմ լավ արդյունէ ն տվել նաև ֆոլիկուլ, հորիզոն պատրաստուկները /77-82%/: IV. ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Գարու դեղին գաճաճություն: Վիրուսային հիվանդություններից Հանրապետությունում տարածվածն է ու մեծ վնաս է պատճառում հացահատիկային մշակաբույսերին: Մեր դիտումներով ու հաշվառումներով Սյունիքում ու Արցախում ցորենի բերքի կորուստը ըստ տարիների տատանվում է 35-65 տոկոս: Հիվանդությամբ վարակվում են ցորենն ու գարին: Արտահայտվում է հիվանդությունը ապրիլ-մայիս ամիսներին: Բույսի տերևների ծայրերը ստանում են դեղնա-նարնջագույն, բույսերի աճը հետ է մնում, արմատային համակարգը թույլ է զարգանում: Հիվանդությունը տարածում են հիմնականում լվիճիկները, որոնք սկզբում զարգանում են դաշտաեզրի հացազգի մոլախոտերի վրա: Ուժեղ վարակմանը նպաստում են վաղ ցանքերը, տաք, առանց ձյան ձմեռnերը: ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ: 1. Ցանքը կատարել օպտիմալ ժամկետներում, տաք եղանակներին` ավելի ուշ ժամկետներում, տաք եղանակներին` ավելի ուշ ժամկետներում: 2. Դաշտեզրի մոլախոտերի ոչնչացումը հերբիցիդներով: 3. Նպատակաուղղված պայքար լվիճների դեմ /սրսկել նաև դաշտեզրի մոլախոտերը/:



To top