22.05.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՊՈՄԻԴՈՐԻ ԲՆԱՑԱՆ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱՆ

Պոմիդորի բարձր բերք ստացվում է ստրուկտուրային, փխրուն, օդաթափանց, ջրունակ և տաք, բույսի համար մատչելի սննդանյութերով հարուստ, կավաավազային և ավազակավային հողերում, սևահողերում: Հողի նպաստավոր թթվայնությունը` (pH)-ը պոմիդորի բույսերի համար 6.0-6.5 է: Ավազակավային հողերում պոմիդորը ավելի շուտ է հասունանում, քան կավաավազային հողերում, սակայն կավաավազային հողերում բերքատվությունն ավելի բարձր է լինում: Ցանքաշրջանառություն: Ցանքաշրջանառության մեջ պոմիդորը պետք է տեղադրել օրգանական լրիվ պարարտացում ստացած շարահերկ մշակաբույսերից` կաղամբ, վարունգ, բոստանային մշակաբույսեր և ընդեղեններ հետո: Խորհուրդ չի տրվում պոմիդոր մշակել կարտոֆիլից, տաքդեղից և բադրիջանից հետո, որովհետև դրանք վարակվում են միևնույն հիվանդություններով, ինչը ցածր բերքատվության պատճառ է դառնում: Դաշտի նախապատրաստում: Հողի կանոնավոր մշակումը և նախապատրաստումը բարձր ագրոտեխնիկայի առաջին նախապայմաններից մեկն է: Ցանքից առաջ կատարել հողի նախացանքային մշակում` կուլտիվացիա, չիզելում կամ անհրաժեշտության դեպքում` կրկնավար և հետո նոր փոցխում, հող մտցնելով ազդող նյութի հաշվով ազոտական (30-40կգ/հա), ֆոսֆորական (35-40կգ/հա) և կալիումական պարարտանյութեր (18-25կգ/հա), որից հետո դաշտը տեղագծել 90+70/2 սմ սխեմայով: Պոմիդորը կարելի է աճեցնել սածիլներով և անմիջապես դաշտում ցանելով: Բնացան եղանակով մշակության համար մեկ հեկտարին կպահանջվի 500-600գ սերմ: Պոմիդորի 1000 սերմի կշիռը 4-5 գ. է: 1գ սերմը պարունակում է 220-300գ. Պոմիդորի ցանքը պետք է կատարել քեշի եկած հողում: Սերմերը պետք է ցանել 1-2 սմ խորությամբ, 25 սմ հեռավորության վրա, որից հետո անմիջապես ջրել թույլ շիթով: Հողը պահել խոնավ վիճակում այնքան ժամանակ, մինչև սերմերը մասայական ծլեն: Իսկական առաջին տերևը ի հայտ գալուց հետո կատարել նոսրացում,օգտագործել նոստացած սածիլը վերատնկման համար: 3-4 տերևի փուլում կատարել առաջին կուլտիվացիան` 5-6 սմ խորությամբ և նայած եղանակին 10 օր չջրել: Երբ բույսերը սկսեն կանոնավոր աճել և մուգ կանաչ գույն ստանան բույսերին տալ առաջին սնեցումը և երկրորդ ջուրը, որից 2-3 օր հետո հողի քեշի վիճակում կատարել պոմիդորի խոր բուկլից, զու•ընթաց դաշտը քաղհանել և մաքրել մոլոխոտերից: Հետագա ջրումները կատարել ելնելով բույսերի պահանջից: Արարատյան հարթավայրի պայմաններում վեգետացիայի ամբողջ ժամանակաշրջանում պոմիդորի դաշտը ջրվում է 16-18 անգամ: Ջրումները պետք է կատարել օրվա հով ժամերին: Պոմիդորի հետագա խնամքը շարունակել քաղհանելով, փխրեցնելով ու սնուցելով: Նախքան պտղակալումը բույսերը պետք է ուղղել և դնել թմբերի վրա: Պոմիդորը պետք է քաղհանել որքան կարելի է շուտ, երբ մոլոխոտերը մատղաշ են և հեշտությամբ են արմատախիլ լինում: Վեգետացիայի ամբողջ ժամանակաշրջանում պոմիդորի դաշտը պետք է քաղհանել 3-4 անգամ և փխրեցնել 2-3 անգամ: Դաշտը մոլոխոտերից միշտ մաքուր պահելու համար քաղհանել նաև առուների և ճանապարհների եզրերը: Նպատակային է նաև կիրառել հերբիցիդային մշակում Զինկորով 1հա-ին 1.5կգ Քաղհանում և փխրեցնում են տրակտորաքարշ կուլտիվատորներով, իսկ միջբույսային տարածությունները և բույսի կողքերը` ձեռքի հողուրագներով: Փխրեցումը և քաղհանը 7-8 սմ-ից խորը չպետք է լինեն, որպեսզի չվնասեն պոմիդորի մազարմատները: Փխրեցնում և քաղհանում են հողի քեշի վիճակում, ջրելուց 2-3 օր հետո: Սնկային հիվանդությունների տարածումը կանխելու համար պարբերաբար, վեգետացիայի ընթացքում 2-3 անգամ բույսերը պետք է սրսկել պղինձ պարունակող պրեպարատներով: Սնուցումը Կարևորգույն միջոցառումներից է կայուն և բարձր բերք ստանալու համար: Վաղ բերքի ստացման ժամանակ արդյունավետ է,երբ ֆոսֆորական պարարտանյութը տրվում է անմիջապես բույսին (15գ յուրաքանչյուրին) դաշտում տնկելու պահին: Այն ապահովում է լավ պտղակալում և պտղի աճ առաջին պտղաողկույզներում: Առաջին սնեցումը ազոտական պարարտանյութով (100կգ/հա ամոնիակային սելիտրա, ֆիզիկական նյութի հաշվով) տալիս են առաջին պտղաողկույզներում պտուղների կազմավորումից հետո, պտուղների աճի շրջանում, քանի որ վաղ փուլում ազոտի քանակի նույնիսկ քիչ ավելցուկը կանխում է բույսի զարգացումը և վաղ բերքի ձևավորումը: Երկրորդ և երրորդ սնեցումները տրվում են առաջինից 15-20 օր հետո` երկրորդ, երրորդ քաղհանների աշխատանքները ավարտելուց հետո, կուլտիվացիայի հետ միաժամանակ տալով յուրաքանչյուր անգամ ամոնիակային սելիտրա-100կ•/հա և կալիումի քլորիդ - 50կգ/հա ֆիզիկական նյութի հաշվով:



To top