< Ծիրանենու և խնձորենու վնասատուներն ու հիվանդությունները և պայքարի համալիր միջոցառումներ դրանց դեմ
25.04.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒՄԸ ԱՐՅՈՒՆԱՊԱՐԱԶԻՏԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ /ՊԻՐՈՊԼԱԶՄԻԴՈԶՆԵՐԻՑ/

Ելնելով անասնապահությունում առաջացած ներկա խնդիրներից, որոնք թույլ չեն տալիս հատկապես մասնավոր, ֆերմերային տնտեսությունների զարգացմանը, նպատակահարմար ենք գտնում անասնապահությամբ զբաղվողների ուշադրությունը հրավիրել գյուղկենդանիների մոտ ավելի հաճախ հանդիպող պիրոպլազմիդոզներից կենդանիներին պաշտպանելու խնդիրներին, որը կնպաստի հարկադիր սպանդների կամ անկումների նվազեցմանը և ավելորդ ֆինանսական միջոցների կորստի կրճատմանը: Պիրոպլազմիդոզները խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, ձիերի, ճագարների և թռչունների արյունապարազիտային հիվանդություններ են: Արյան մակաբույծները/պարազիտներ/ միաբջիջ նախակենդանիներ են, որոնք տեղավորվում են արյան կարմիր գնդիկների /էրիթրոցիտների/ մեջ և ունեն կլոր օղակի կամ զույգ տանձի ձև: Հարուցիչների հիմնական փոխանցողները արոտավայրի տզերն են, որոնք խոշոր և մանր կենդանիների մոտ առաջացնում են պիրոպլազմոզ, բաբեզիոս, ֆրանսելիոզ, թեյլերոզ, անապլազմոս հիվանդությունները, իսկ ձիերի մոտ պիրոպլազմոզ, նուտալիոզ հիվանդությունները: Պարազիտները լրիվ զարգացման են հասնում երկու տիրոջ` արոտային տզերի և կենդանիների օրգանիզմում ապրելով: Պիրոպլազմիդոտները բազմանում են հիմնական տիրոջ /տզի/ օրգանիզմում` անսեռ ճանապարհով: Կենդանիների վարակը կատարվում է արոտավայրում տզերի կծելու միջոցով: Հիվանդացած կենդանիների մոտ պիրոպլազմիդոզների ախտածնությունում կարևորը պարազիտների կողմից հիվանդի արյան ձևավոր տարրերի, հատկապես էրիթրոցիտների քայքայումն է: Պետք է նշել, որևէ եղանակով առաջացած իմունիտետը կարճատև է և ոչ հուսալի, քանի որ օրգանիզմում պարազիտների ոչնչացումից հետո իմունիտետը թուլանում է և անհետանում: Այսպիսով ընկնում է նաև կենդանիների օրգանիզմի դիմադրողականությունը նաև այլ վարակիչ հիվանդությունների /ձիերի ինֆեկցիոն անեմիա և այլն/ նկատմամբ: Անապահով տնտեսություններում հաճախ անկումները հասնում են մեծ չափերի, քանի որ համաճարակային երեք օղակները առկա են /զգայունակ կենդանի, փոխանցող տիզ, հիվանդ կամ վարակակիր կենդանի/: Հետևապես մեր նպատակը պետք է լինի տնտեսությունները` /ֆերմաները, հոտերը, կենդանիների գիշերային կամ ցերեկվա նստավայրերը/ դարձնել ապահով, երեք օղակներից մեկը` հատկապես փոխանցող օղակը /տզերին/ ոչնչացնելը: Տավարի պիրոպլազմոզի հարուցիչը պիրոպլազմա բիգեմինումն է: Պարազիտի փոխանցող տերը բոոֆիլուս կալկառաուս տիզն է, որի թրթուրները բնության մեջ երևում են գարնանը` մարտ և ապրիլ, իսկ երկրորդ սերունդը` հունիս ամսվա վերջին: Հիվանդության բռնկումը պայմանավորված է հենց այս թրթուրների ի հայտ գալու հետ, երբ տզերը կծում են կենդանիներին: Հիվանդությունն ընթանում է սուր տենդի նշաններով. ջերմաստիճանը բարձրանում է 41-420–ով` մնալով կայուն, գաղտնի շրջանը 1-2 շաբաթ է, տեսանելի լորձաթաղանթները սկզբում լինում են սակավարյուն /անեմիկ/, իսկ հետո դեղնում են, մեզը լինում է կարմիր գույնի, խանգարվում է սիրտանոթային և մարսողական օրգանների ֆունկցիան, էրիթրոցիտները նվազում են` 7-ից հասնելով 2.5 մլն-ի: 5-8 օրից կենդանին մահանում է: Տեղական տավարը համեմատաբար դիմացկուն է, ձեռք բերելով իմունիտետ, իսկ անապահով վայրերից և արտերկրներից ներմուծվածները հիվանդանում են բռնկումով և ծանր ընթացքով: Հիվանդության ախտորոշման ժամանակ չպետք է շփոթել սիբիրախ հիվանդության հետ, որով հիվանդանում են գյուղատնտեսական բոլոր կենդանիները, երբ արյունը չի մակարդվում և որոշ կլինիկական նշաններով նմանվում են: Սպանդի ենթարկված մսեղիքի արտաքին տեսքը շատ դեպքերում դեղնավուն է, այն ավելի նկատելի է ջլերում, փակեղներում և ճարպային հյուսվածքում: Այդպիսի մսեղիքը համարվում է պայմանական պիտանի և խորհուրդ է տրվում լաբորատոր ստուգումից հետո ուղարկել երշիկեղենի կամ պահածոների արտադրություն: Բուժումը – Կատարում են յուրահատուկ նշանային և ախտածնային բուժում: Պիրոպլազմոզով հիվանդ կենդանիներին առանձնացնում են, ապահովում դյուրամարս կերերով և թարմ ջրով: Կերաբաժինը հագեցնում են կաթնամթերքներով, միկրոտարրերով և վիտամիններով: Նշանակում են մարսողական համակարգի օրգանների գործունեությունը կարգավորող դեղամիջոցներ: Բուժումը կատարվում է հետևյալ դեղամիջոցներով. 1. Ազիդինի /Բերենիլ/ 7%-ոց լուծույթ, ենթամաշկային կամ ներմկանային` 0.0035գ/կգ դեղաչափով կամ 2.36գ արտասահմանյան Բերենիլը լուծում են 12.5մլ ջրում և ներարկում են 0.5մլ/10կգ զանգվածին դեղաչափով, միանվագ 2. Դիամիդինի 7%-ոց լուծույթ, ենթամաշկային կամ ներմկանային` 0.001-0.002գ/կգ դեղաչափով 3. Տրիպան կապույտ-1%-ոց լուծույթ, ներմկանային, 5մգ/կգ դեղաչափով 1-2 անգամ, 18-24 ժամ ընդմիջումով 4. Պիրոպլազմի 5%-ոց լուծույթ, ենթամաշկային, 1մգ/կգ դեղաչափով 1-2 անգամ, 24 ժամ ընդմիջումով 5. Պիրոցիդ - 1գրամ փոշին լուծում են 20մլ գոլ ջրում և ներմկանային միանվագ ներարկում հետևյալ դեղաչափերով` 100կգ զանգվածին - 6-7մլ 200կգ - 12-14մլ 300կգ - 18-21մլ 400կգ - 24-28մլ 500կգ - 30-35մլ 6. Նատրիբանիլ – 1կգ փոշին լուծում են 21մլ թորած ջրում և կատարում ներմկանային ներարկում` միանվագ: Ներարկում են հետևյալ դեղաչափերով. Բուժական դեղաչափ` 1մլ – 16-17կգ զանգվածին Կանխարգելիչ դեղաչափ` 1մլ 25կգ զանգվածին: Կանխարգելումը - Գյուղատնտեսական կենդանիներին անհրաժեշտ է արոտի հանել իքսոդային տզերից զուրկ արոտավայրերում: Տզերի կենդանիների վրա հարձակման շրջանում, կենդանիներին պարբերաբար մշակում են տզասպան դեղամիջոցներով, իսկ անապահով գոտիներում կենդանիներին 2-3 շաբաթը մեկ անգամ ներարկում են վերը նշված դեղամիջոցներից որևէ մեկը: Արտասահմանյան երկրներում այս հիվանդության նկատմամբ կենդանիներին պատվաստում են:



To top