< Առվույտ
17.03.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Բուսական յուղերի օգտակարությունը

Բուսական յուղերի օգտակարության մասին բոլորը գիտեն, սակայն քչերին է հայտնի նրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունները: Գրեթե բոլոր յուղերն օժտված են հակաբորբոքային, հականեխիչ եւ հակավիրուսային հատկություններով: Նրանք կարգավորում են արյան շրջանառությունը, բարձրացնում օրգանիզմի պաշտպանական հատկությունը, հեռացնում թունավոր նյութերը, բարելավում մաշկի եւ մազերի վիճակը: Բուսական յուղերն օգտագործվում են բժշկական ու կոսմետիկ նպատակներով, ինչպես նաեւ սննդի մեջ: Ընկույզի յուղն ունի մի շարք օգտակար հատկություններ, հարուստ է A, C, E, B վիտամիններով, չհագեցած ճարպաթթուներով` լինոլային եւ լինոլենային, ինչպես նաեւ վիտամին P-ով: Միկրոէլեմենտներից պարունակում է ցինկ, յոդ, պղինձ, կալցիում: Այն օգտագործվում է մի շարք հիվանդությունների բուժման համար` սրտի իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոզ, արյան բարձր ճնշում, շաքարախտ: Անտիօքսիդանտների մեծ պաշարի շնորհիվ դանդաղեցնում է ծերացումը, բարձրացնում իմունիտետը, կարգավորում է վահանաձեւ գեղձի աշխատանքը: Խաղողի կորիզի յուղի ամեն մի կաթիլն իրենից մեծ արժեք է ներկայացնում: Շնորհիվ բազմաթիվ օգտակար հատկությունների` այս յուղն անվանում են երիտասարդության ու գեղեցկության հորմոն, հզոր հակաօքսիդանտ, պարունակում է մեծ քանակությամբ վիտամին E, C, հանքային այնպիսի նյութեր, ինչպիսիք են ցինկը, պղինձը, սելենը: Այն օգնում է պահպանել արյունատար անոթների էլաստիկությունը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, կանխում հիպերտոնիան, ամրապնդում իմունային համակարգը: Որոշ հետազոտողներ պնդում են, որ խաղողի յուղը կարող է կանխել ստամոքսի, հաստ աղիքի, շագանակագեղձի, ինչպես նաեւ կրծքի քաղցկեղի առաջացումը: Կտավատի յուղն իր կենսաբանական արժեքի շնորհիվ առաջիններից է: Կտավատի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամին E, որն հանդիսանում է երիտասարդության եւ երկարակեցության գրավականը, հարուստ է նաեւ վիտամին F-ով: Կտավատի յուղը սնուցում է ուղեղը, բարելավում է նյութափոխանակությունը, դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա, վերացնում է փորկապությունը, բարելավում մաշկի վիճակը, ինչպես նաեւ իջեցնում խոլեստերինը: Դդումի կորիզի յուղը պարունակում է B1, B2, B6, C, P, E, PP վիտամինների հարուստ կոմպլեքս, կենսաբանական ակտիվ նյութեր` այդ թվում հագեցած եւ չհագեցած ճարպաթթուներ: Դդումի կորիզի յուղը բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, նպաստում է ավելորդ խոլեստերինի արտազատմանը, կարգավորում է աղե-ջրային փոխանակումը, ուստի խորհուրդ է տրվում սրտանոթային եւ երիկամների հիվանդություններով տառապող մարդկանց: A վիտամինի մեծ քանակի շնորհիվ լավացնում է տեսողությունը: Այն ավելի շատ ցինկ է պարունակում, քան ծովամթերքները: Քունջութի սերմերի յուղի աներեւակայելի օգտակարության մասին իր գրառումներում անդրադարձել է դեռեւս Ավիցեննան: Այն լայն կիրառություն ունի ավանդական բժշկության մեջ: Հարուստ է E, A վիտամիններով, պարունակում է հանքային նյութեր` ցինկ, կալցիում, ճարպաթթուներ, բնական հակաօքսիդանտներ եւ սպիտակուցներ: Այն օգտագործվում է շաքարախտի, գիրության, հյուծվածության, չոր հազի, ասթմայի, ներքին արյունահոսության, գաստրիտի, լյարդի ու երիկամների քարերի, ինչպես նաեւ մի շարք այլ խրոնիկ հիվանդությունների դեպքում: Որպես բուժական մերսման միջոց` մեծ է արդյունավետությունը արթրիտի, ռեւմատիզմի եւ օստեոխոնդրոզի դեպքում: Չիչխանի յուղը հայտնի է հնագույն ժամանակներից եւ հանդիսանում է ամենահեղինակավոր բնական դեղամիջոցը: Այն կարոտինի անսպառ աղբյուր է, պոլիվիտամինների եզակի համալիր, հարուստ է մի շարք կիսահագեցած թթուների գամմայով, A, F, E, K վիտամիններով: Առաջատար բժիշկները չիչխանի յուղը վստահորեն նշանակում են իրենց հիվանդներին: Հանդիսանում է ստամոքսի խոցի, գաստրիտի, կոլիտների, մի շարք գինեկոլոգիական ու մաշկային հիվանդությունների բուժման եւ կանխարգելման արդյունավետ միջոց: Չիչխանի յուղը բարելավում է արյան շրջանառությունը, իջեցնում խոլեստերինի քանակը, բուժման հիանալի միջոց է նաեւ անգինայի, ստոմատիտի, պարոդոնտոզի դեպքում:



To top