< ՑՐՏԱՀԱՐՎԱԾ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
03.03.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՏԱԼՎՈՐԻԿԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՕՐԵՐԸ

Տալվորիկ գյուղը հիմնադրվել է անցած դարի 80 -ականների սկզբին: Այստեղ ժամանակին բնակություն են հաստատել հանրապետության տարբեր վայրերից եկած մարդիկ: Գյուղն ունի 300 բնակիչ, բայց գյուղում այսօր 47 ընտանիք է ապրում: Գյուղում գործում է 9-ամյա դպրոց` 19 աշակերտով: Գյուղը այնքան փոքր է, ու թվում է, եթե շատ ուզես կտեղավորես ափիդ մեջ: Գյուղն ունի 1818 հա վարչական տարածք, որից 302 հա-ն խաղողի, 280 հա-ն պտղատու այգիներ են: Գյուղում նաև զբաղվում են բոստանաբանջարային մշակաբույսերի, եգիպտացորենի, ցորենի, գարու և արևածաղկի մշակությամբ: Տալվորիկում արդեն սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները, այդ պատճառով առանց այն էլ սակավամարդ Տալվորիկի փողոցներում մարդ չես գտնի: Որևէ մեկին հանդիպելու համար դաշտերը պետք է գնաս: Երբ ասել են <<քարից հաց քամող>> երևի տալվորիկցուն ու հարակից գյուղերի բնակիչներին են նկատի ունեցել. Զարմանում ես` ինչքան նվիրված պետք է լինես հողիդ, արմատներիդ, որ անապատի ու քարերի մեջ ծառեր տնկես, բերք ստանաս ու անհաշիվ դժվարություններից չընկճվես ու չհիասթափվես: Գյուղի դաշտամիջյան ճանապարհին հանդիպեցինք Գառնիկ Ղազարյանին. նա գյուղի ջրբաժանն է: Հումորով, ասող-խոսող մարդ, իսկական լենինականցի, այստեղ բնակվում է 1991 թվականից: 2,5 հա սեփականաշնորհված հողատարածք ունի` առվույտ, եգիպտացորեն, արևածաղիկ է մշակում: Կատակով նշում է գյուղի ջրբաժանը. << Երկրաշարժից հետո եկա, հարմարվեցի, մնացի: Ջուր բաժանելիս շխատում եմ ոչ մեկի չնեղացնել, չնայած դժվարությամբ, բայց ստացվում է>>: Քարքարոտ, գրեթե անապատային Տալվորիկի հողերի համար ոռոգման ջուրն անհրաժեշտ է, մանավանդ ամռան տափին. << Ծառը, թուփը չի հասցնում հագենալ>>,-ցավով նշում է ջրբաժանը,-<< ոռոգման ջրի ինքնարժեքը բարձր է, շատ ջուր է ծախսվում: Չորրորդ կարգի հողի վճարում ենք առաջի կարգի համար նախատեսված գումար>>: Ոռոգման ջրի ինքնարժեքը և սեզոնին դրա պակասությունը շատ մեծ խնդիր է տալվորիկցու և հարակից գյուղերի բնակիչների համար: Փրկությունը կաթիլային ոռոգումն է, բայց դրան անցնելու համար ֆինանսական մեծ ներդրումներ են պետք, ինչն այսօր բավականին մեծ քայլեր և նյութական միջոցներ է պահանջում: 46-ամյա Մաթևոսը հարևան Նոր-Կեսարիայից է, Տալվորիկում 6 հա խաղողի սեփական այգի ունի: Բացի դրանից, վարձակալությամբ վերցված հողատարածքներում զբաղվում է եգիպտացորենի և բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ: Անցած տարի այգեթաղ չի կատարել: <<Մեղավորությունը իմն է, չպատկերացրեցի ցուրտ կլինի, հույս ունեմ այգիս չի ցրտահարվել>>: Իսկ թե ցրտահարվածության դեպքում ինչ կանի, Մաթևոսը դժվարանում է պատասխանել. << Հողն է սնում մարդուն, առանց հողի գյուղացին ով է: Իմ ընտանիքով տարիներ շարունակ զբաղվում եմ հողագործությամբ, դժգոհ չեմ, աշխատող մարդը սոված չի մնա: Գյուղացու համար այսօր շատ խնդիրներ կան, բայց դա էլ երևի ժամանակի խնդիր է: Խաղողի բերքն արդեն հեշտությամբ է իրացվում, դա արդեն խաղողագործի համար մեծ օգնություն է>>: Հայթաղցի Լորիկ Նիկողոսյանին ու իր երկու որդիներին հանդիպեցինք իր այգում, որտեղ 2,5 տարածքի վրա մշակում է դեղձ, ծիրան, սալոր, կեռաս: Որդիների հետ միասին արդեն սկսել է ծառերի էտը: 1986թ–ին, երբ ժամանակավորապես հաստատվեց Տալվորիկում, երբեք չէր պատկերացնի, որ շինարարի աշխատանքը կթողնի ու կլծվի հողի աշխատանքին: <<Ժամանակավոր էի եկել, հետո մի քանի ամիս անց հող և տուն տվեցին, մնացի>>: Նա և իր երկու որդիները գյուղի մեխանիզատորներն են: Դա նրանց համար հավելյալ եկամուտի աղբյուր է հանդիսանում: Որդիներին ամուսնացրել է, մի որդու համար հասցրել է տուն կառուցել: Տղաներից մեկը` Էդգարը, վարպետությամբ ձևավորում է ծառը, և ընթացքում պատմում, որ անգամ բազմաթիվ դժվարություններին չի պատրաստվում գյուղից դուրս գալ: <<Վեց տարի առաջ, երբ նոր էինք այգին հիմնում, ամբողջ տարածքը քարերի կույտ էր, հատիկ հատիկ քարերից մաքրել ենք, ծառերը տնկել: Դժվարություն ամեն տեղ կա, ուղակի չպետք է վախենալ: Իսկ հողը պետք է սիրես, որ ինքն էլ քեզ սիրի >>: Որդին հորից սովորել է, որ ինչ աշխատանք էլ լինի, սիրով պետք է անի, որ հաջողության հասի. Այսօր տալվորիկցին պատրաստ է բոլոր դժվարությունները հաղթահարել, միայն տարին բարեբեր լինի: Ամռան շոգին, երբ ջրի ամեն կաթիլը ոսկու արժեք է ստանում, այդ ժամանակ տալվորիկցին մտքում հիասթափվում է, երբեմն էլ` զայրանում, թե ինչ է կորցրել այս քարքարոտ տարածքներում, մտածում է աշնանը այլ տեղ տեղափոխվելու մասին, բայց երբ նայում է արդեն բերքի տակ կռացած այգիներին, ցորենի, եգիպտացորենի ու գարու ծփացող արտերին, հիասթափությունը վերափոխվում է հպարտության: Իսկ հիմա դեռ կռիվ պետք է տա արդեն բերքատու այգի դառած հողակտորի անվերջ քարերի դեմ, պարարտացնի անապատից ոչնչով չտարբերվող հողը, հետո սերմի հատիկը պահ տա հողին ու սպասի բերք դառնալու աստվածահաճո գործընթացին: Տալվորիկցու 30 ամյա պատմությունը պայքար է եղել ամեն մի թիզ հողի համար` բնության, անապատի, եղանակի անբարենպաստ պայմանների դեմ, բայց ամենակարևորը, երբեք պարտվող չի եղել: Թեկուզ քարքարոտ հողի իսկական տերը հենց ինքն է:



To top