< ՑՐՏԱՀԱՐՎԱԾ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
28.02.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՑՐՏԱՀԱՐՎԱԾ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Հայաստանի խաղողագործական շրջաններում` հատկապես Արարատյան դաշտավայրում, նախալեռնային գոտում, Եղեգնաձորում, ձմեռային սաստիկ ցրտերից խաղողի այգիները զգալի չափով վնասվում են, իսկ երբեմն էլ տեղի է ունենում վազերի վերգետնյա օրգանների ամբողջական անկում: Խաղողի վազն իր ժառանգականությամբ ջերմասեր բույս է: Ձմռան ցրտերի ազդեցությունը վազերի տարբեր օրգանների վրա կախված է դրանց աստիճանից, տևողությունից, սորտերի կենսաբանական առանձնահատկություններից, մշակության պայմաններից, վազերի օրգանների հասունացման ու զարգացման աստիճանից, հողի մակերևույթից դրանց ունեցած բարձրությունից, ձմռանը նախապատրաստվելու բնույթից և այլն: Հայտնի է, որ եթե -14օC ցրտերը տևեն 20 օր, ապա ձմեռող աչքերի զգալի մասը կցրտահարվի, իսկ -15-18օC ցրտերի 3-4 օր տևելու դեպքում կցրտահարվի աչքերի կենտրոնական, ամենաբերքունակ բողբոջների 40-60%-ը: Եթե -18օC-ից ցածր ջերմաստիճանը տևի 3-4 օր, ապա կցրտահարվեն նաև միամյա մատերը, ընդ որում այնքան ուժեղ, որքան վատ են հասունացած: Մի քանի օր պահպանվող -20-22օC ջերմաստիճանի պայմաններում կարող են ցրտահարվել նաև վազերի թևերը, իսկ մեկ օր տևող -26օC ցրտերի պայմաններում ցրտահարվում են վազի բոլոր վերգետնյա օր•անները: Սառնամանիքների հասցրած վնասի չափը որոշելու համար վաղ գարնանը` մինչև էտը, չթաղված և վատ թաղված այգիների տարբեր մասերից անհրաժեշտ է վերցնել միամյա մատերի կտրոններ` յուրաքանչյուր սորտից` ոչ պակաս, քան 25-30 հատ: Թմբային այգիներում` նմուշը պետք է վերցնել մատի հիմքից մինչև 8-րդ, իսկ լարային այգիներում մինչև 15-րդ աչքը: Մթերվող մատերը պետք է լավ զարգացած լինեն: Խորհուրդ չի տրվում մատեր վերցնել թույլ, հյուծված, մեխանիկական վնասվածքներ ունեցող վազերից: Մատերը պետք է խրձավորել /յուրաքանչյուր խրձում` 25-30 մատ/ և պիտակավորել` նշելով սորտը, վայրը և ժամկետը: Այնուհետև, նմուշներն անհրաժեշտ է տեղափոխել սենյակային ջերմաստիճանի պայմաններ /18-20օC/, թարմացնել մատերի հիմքի կտրվածքները /կտրել 1.5-2սմ/, հիմքի կտրվածքներով դեպի ներքև ընկղմել /10-15սմ խորությամբ/ ջրի մեջ պահել 5-6 օր, երկու օրը մեկ փոխելով ջուրը: Եթե նմուշները վերցվում են ցրտերի ժամանակ /-15օC-ից ցածր/, դրանք ոչ մի դեպքում չի կարելի անմիջապես տեղափոխել տաք սենյակ, քանի որ հյուսվածքների արագ հալվելը նույնքան վտանգավոր է, որքան ցրտահարումը: Այդ դեպքում հավաքված մատերը մեկ օր պետք է պահել -1-2օC-ի, իսկ այնուհետև 2 օր` +1+2օC-ի պայմաններում, որից հետո միայն դրանք կարելի է տեղափոխել սենյակային ջերմաստիճանի պայմաններ: Խորհուրդ չի տրվում ջրի մեջ ընկղմված խրձերը տեղադրել ջեռուցման մարտկոցների, սարքավորումների, վառարանների մոտ: Նախապատրաստած միամյա մատերի ձմեռող աչքերի բողբոջների վնասվածության աստիճանը որոշելու համար` սուր դանակով կամ սրիչով պետք է կատարել աչքերի երկայնական կտրվածք` աչքի գագաթի կենտրոնից դեպի մատը: Աչքը բաղկացած է ավելի խոշոր` կենտրոնական, ու նրան շրջապատող 2-6 փոքր, փոխարինող /պահեստային/, բողբոջներից. անզեն աչքով մեծամասամբ երևում են փոխարինող բողբոջներից միայն երկուսը: Հաշվառման պետք է ենթարկել ինչպես կենտրոնական, այնպես էլ փոխարինող բողբոջները: Կտրվածքում բողբոջների վառ կանաչ գունավորումը նշանակում է, որ դրանք առողջ են, իսկ գորշ /մուգ դարչնագույն/ կամ սև գունավորումը ցրտահարման նշան է: Ցրտահարության տոկոսը որոշելու համար վնասված բողբոջների քանակը պետք է բազմապատկել 100-ով և բաժանել հաշվառված բողբոջների ընդհանուր թվին: Այսպես, օրինակ, եթե հաշվառման է ենթարկվել 360 բողբոջ, որոնցից 120-ը վնասված է, նշանակում է ցրտահարությունը կազմում է 33%: Այնուհետև պետք է որոշել միամյա մատերի հյուսվածքների ցրտահարվածության աստիճանը, որի համար սուր դանակով երկայնակի կտրում են միամյա մատի կեղևի տակ գտնվող հյուսվածքները: Եթե վնասվածությունը մասնակի է, ապա հյուսվածքներն ունենում են թեթևակի գորշ-կանաչավուն գունավորում, ուժեղ ցրտահարության դեպքում դրանք գորշ են: Բազմամյա օրգանների վնասվածության աստիճանը որոշվում է ցրտերն անցնելուց հետո: Դրա համար դանակով պետք է բացել կեղևի տակ գտնվող բնափայտը. եթե հյուսվածքները թարմ են, սպիտակ, թեթևակի դեղնավուն երանգով` նշանակում է դրանք առողջ են, իսկ եթե ունեն գորշ գունավորում` ցրտահարված: Ըստ ցրտահարության աստիճանի, որոշվում են էտի և կանաչ հատումների ժամկետներն ու եղանակները, որոնք պետք է իրականացնել ըստ առանձին սորտերի և հողամասերի: 1. Եթե վազերի վերգետնյա մասերը /բունը, բազմամյա ճյուղավորումները, միամյա մատերը/ չեն վնասվել կամ վնասվել են աննշան, սակայն ցրտահարվել է կենտրոնական բողբոջների մինչև 50 տոկոսը, իսկ փոխարինող բողբոջները մեծամասամբ անվնաս են, ապա էտի ժամանակ պետք է համապատասխան չափով մեծացնել վազերի բեռնվածությունը` մեծ թվով միամյա մատեր թողնելով: Այսպես, օրինակ, եթե սառնամանիքներից տուժել է կենտրոնական բողբոջների 50 տոկոսը, ապա էտի ժամանակ պետք է սովորականից շուրջ երկու անգամ ավելի աչքեր թողնել: Լարային այգիներում բերքի յուրաքանչյուր օղակի վրա մեկի փոխարեն կարելի է թողնել 2-3 բերքատու մատ, իսկ թմբային այգիներում` յուրաքանչյուր թևի վրա` 3-4 մատ: Վազերի բեռնվածությունը կարելի է ավելացնել նաև բերքատու մատերի ավելի երկար էտի միջոցով: Լարային այգիներում բերքատու մատերը պետք է էտել սովորականից 2-3, իսկ թմբային այգիներում` 1-2 աչք ավելի: Թմբային այգիներում բերքատու մատերի երկարությունը չպետք է գերազանցի 6-7 աչքը: Աչքերը բացվելուց հետո, երբ հնարավորություն կլինի բերքատու շվերը տարբերել ոչ բերքատուներից, պետք է հեռացնել ոչ բերքատու այն շվերը, որոնք վազի սաղարթում ավելորդ խտություն են ստեղծում և պիտանի չեն հաջորդ տարում ձևավորման համար: 2. Եթե ցրտահարվել է ձմեռող աչքերի կենտրոնական բողբոջների 50 տոկոսից ավելին, ապա էտը պետք է կատարել երկու փուլով: Նախ` անհրաժեշտ է խաղողի վազի վրա թողնել հնարավորինս շատ միամյա մատեր` հյութաշարժության ժամանակ /մինչև աչքերի ուռչելը/ դրանք էտելով համեմատաբար երկար /վերը նշված սկզբունքով/: Հաջորդ տարում վազերի ձևավորումը պահպանելու, ինչպես նաև` թևերի և ենթաթևերի չափից ավելի երկարելը կանխելու նպատակով, վերջիններիս վրա պետք է թողնել անհրաժեշտ քանակությամբ փոխարինող մատեր` յուրաքանչյուրը էտելով 2-3 աչք երկարությամբ: Աչքերը բացվելուց հետո, երբ հնարավորությունկընձեռնվի տարբերել բերքատու և ոչ բերքատու շվերը, անհրաժեշտ է կատարել լրացուցիչ էտ և կանաչ հատումներ: Նախ` պետք է հեռացնել այն միամյա մատերը, որոնց աչքերը չեն բացվել, իսկ եթե բացվել են դրանց հիմքի մասի աչքերը, ապա մատերը կարճացնել մինչև այն միջհանգույցների սահմանը, որտեղից առաջացել են նորմալ աճող շվեր: Միաժամանակ պետք է հեռացնել նաև այն թևերը և ենթաթևերը, որոնց վրա քնած բողբոջները չեն արթնացել: Հեռացման են ենթակա նաև երկար էտված մատերի ոչ բերքատու շվերը կամ դրանցից թույլ աճ ունեցողները, որոնք սաղարթում ավելորդ խտություն են ստեղծում: Այն դեպքում, երբ միամյա մատերի վրա եղած շվերի քանակը բավարար չէ ընթացիկ տարում նորմալ բեռնվածություն ապահովելու, իսկ հաջորդ տարում վազերի ձևավորումը վերականգնելու և բերքատու հանգույցներ կազմելու համար, անհրաժեշտ է վաղ ժամկետում, կախված ձևավորման համակարգից, ծերատել /5-6-րդ հանգույցներից վերև/ վազի բազմամյա օրգանների վրա գտնվող որոշ քանակի հոռաշվեր: Այնուհետև պետք է կատարել բճատում կամ բճաշվերի կարճացում /2-րդ, 3-րդ հան•ույցից վերև/ թողնելով ծայրամասի 2-3 հանգույցների բճաշվերը: 3. Շատ ուժեղ ցրտահարության դեպքում, երբ վերգետնյա օրգաններն ուժեղ վնասվել են, վազերն անհրաժեշտ է ենթարկել խոր էտի` ետ տալ վազերի թևերը և ենթաթևերը մոտեցնել բնին կամ` էտել մինչև բնի առողջ հատվածի սահմանը: Եթե ցրտահարվել են վերգետնյա բոլոր օրգանները, վազերը պետք է բնատել /կունդ անել/ հողի մակերեսին հավասար: Բազմամյա օրգանների բողբոջներից առաջացած և հարմար դիրք ունեցող հոռաշիվերից մի քանիսը /կախված ձևավորման համակարգից` 3-6 հատ/ պետք է թողնել և, աճին զուգընթաց, կապել լարերից: Ձևավորումն արագացնելու նպատակով հոռաշվերը պետք է ծերատել համապատասխան բարձրության վրա, այնուհետև կատարել բճատում` թողնելով յուրաքանչյուր հոռաշվի վերին մասի 2-3 հանգույցների բճաշվերը: Ծերատումը միաժամանակ կնպաստի բերքատու բճաշվերի առաջացմանը, որը զգալի չափով կհատուցի բերքի կորուստը: Ֆիլոքսերավարակ շրջաններում շատ ուժեղ ցրտահարություններից հետո վազերի բնատումը պետք է կատարել պատվաստի տեղից 7-8սմ բարձր: Սառնամանիքներից տուժած այգիների վերականգնումը մեծապես կախված է վեգետացիայի ընթացքում բույսերի աճի և զարգացման համար նպաստավոր պայմանների առկայությունից, որին կարելի է հասնել այգիների խնամքի հետ կապված աշխատանքները, ագրոտեխնիկական միջոցառումները /վազերի էտ և ձևավորում, հողի մշակություն, պարարտացում, ոռոգում, չոր և կանաչ հատումներ, պայքար հիվանդությունների, վնասատուների ու մոլախոտերի դեմ և այլն/ որակով և ժամանակին կատարելով: Ցրտահարված վազերի վերականգնման բոլոր տարբերակներում վազերի բնի քնած բողբոջներից առաջացած հոռաշվերը և դրանց վրա աճող բճաշվերը լինում են շատ փարթամ և զգայուն սնկային հիվանդությունների հադեպ: Անհրաժեշտ է հնարավորության սահմաններում, միլդիու և օիդիում հիվանդությունների դեմ առաջին բուժումը կատարել միաժամանակ, երբ բնատված վազերի հոռաշիվերի կամ դրանց ծերատումից հետո առաջացած բճաշիվերի վրա գոյացել է 4-5 տերև: Սրսկել պղնձի քլորօքսիդի` 0.6 և տոպազի 0.3%-անոց խառնուրդով: Հաջորդ` 2-3 համատեղ սրսկումները կատարել 10-12 օր ընդմիջմամբ, հաջորդաբար` ռիդոմիլի 0.25%-անոց կամ պղնձի քլորօքսիդի 0.6 և տոպազի 0.03%-անոց խառնուրդներով: Ցրտահարված վազերի ձևավորումը վերականգնելուց հետո, որպես կանոն, սեղանի և քիշմիշային սորտերի ողկույզների ապրանքային տեսքը պահպանելու, պտուղների համաչափ աճն ապահովելու, մանրապտղությունը նվազագույնի հասցնելու համար բերքատու մատերը պետք է էտել լարային այգիներում` 6-10, իսկ թմբայիններում` մինչև 5-6 աչք երկարությամբ: Տեխնիկական, բարձր բերքատու Հաղթանակ, Նռնենի, ԱրմՍԽԻ, Կարմրահյութ, Կախեթ սորտերի բերքատու մատերը պետք է էտել մինչև 4-5 աչք երկարությամբ, իսկ ուժեղ աճ ունեցող տեխնիկական սորտերի /Գառան դմակ, Կանգուն, Ռքածիթելի, Ոսկեհատ, Ճիլար, Մեղրաբույր, Արենի և այլն/ լավ զարգացած միամյա բերքատու մատերն էտել 7-10 աչք երկարությամբ, իսկ համեմատաբար թույլերը` մինչև 5-6 աչք: Ցրտահարված այգիները պետք է ջրել սովորականից 1-2 անգամ ավելի, առաջին ջրումը անհրաժեշտ է կատարել վաղ գարնանը` էտից և պարարտացումից հտո, մինչև աչքերի ուռչելը: Այգիները պետք է պարարտացնել օրգանական և հանքային պարարտանյութերով` յուրաքանչյուր հա-ին տալով 100-120կգ ազոտ, 120-140կգ ֆոսֆոր, 90-100կգ կալիում /ազդող նյութի հաշվով/ և 4-5 տոննա կիսափտած թռչնաղբ, 30-40 տոննա կիսափտած գոմաղբ: Հիմնական պարարտացումից զատ, վեգետացիայի ընթացքում այիները պետք է մեկ անգամ սնուցել բերքի հասունացման սկզբում` 30-40կգ ֆոսֆոր և 30-35կգ կալիում /ազդող նյութի հաշվով/: Սնուցման ժամանակ ազոտ չի տրվում: Լարային այգիներում պարարտանյութերը հող են մտցվում ակոսներով. երիտասարդ այգիներում` 20-25սմ, բերքատու այգիներում` 25-30սմ խորությամբ, իսկ թմբային այգիներում` բնային եղանակով, բնից 50-60սմ հեռավորությամբ և 25-30սմ խորությամբ փոսերի մեջ /պետք է փորել 4-5 փոս, լցնել պարարտանյութերի խառնուրդը և հողով ծածկել/: Պետք է հիշել, որ այն տեղանքներում /հատկապես` ցածրադիր մասերում/, որտեղ գարնանային ցրտահարությունների վտանգը մեծ է, մինչև վտանգի անցնելն այգիները չի կարելի պարարտացնել ազոտական պարարտանյութերով, ինչպես և ջրել: Այս տեղանքներում պետք է հետաձգել նաև վազերի էտը: Լրացուցիչ եկամուտ ստանալու համար ուժեղ ցրտահարված այգիների միջշարքային տարածությունները խորհուրդ է տրվում զբաղեցնել բանջարանոցային մշակաբույսերով:



To top