< Այգետնկման ժամկետները և տեխնիկան
21.02.2014 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի 2014թ. առաջին նիստը

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և նախարարության պատասխանատու պաշտոնյաներ, մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի համայնքների ղեկավարները:   ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը մարզխորհրդի մասնակիցներին ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում 2013 թվականին կատարված և 2014 թվականին նախատեսվող աշխատանքները` մասնավորապես ընդգծելով, որ 2013թ. մարզի գյուղատնտեսական նշանակության 97066,9 հա հողերից 43303 հա օգտագործվել է գյուղատնտեսական արտադրության մեջ և 2012թ. համեմատությամբ մարզում ավել է օգտագործվել 656,2 հա հողատարածություն:   Նշվեց նաև, որ հաշվետու տարում, չնայած աննախադեպ կարկտահարության, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հացահատիկի, բոստանի, բանջարեղենի և խոտի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը. գյուղացիական տնտեսություններից մթերող կազմակերպությունները մթերել է 7186,6 տ պտուղ, 8157,9 տ բանջարեղեն և 49111տ խաղող: Աջակցություն է ցուցաբերվել նաև առանձին տնտեսվարող սուբյեկտներին և արտահանող կազմակերպություններին` գյուղատնտեսական մթերքների արտադրության և արտահանման գործում:   Ա. Այվազյանի խոսքով` 2013թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզում հաշվառվել է 54894 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից` 19972 կով, 90025 մանր եղջերավոր, 20683 խոզ, 1511529 թռչուն: Հաշվետու տարում արտադրվել է 6712 տ տավարի, 1901 տ ոչխարի,777 տ խոզի, 1330 տ թռչնի միս, 600 տ ձուկ, 48700տ կաթ,178 տ բուրդ և 83,7 մլն հատ ձու, և բոլոր ցուցանիշների գծով գերազանցվել է նախորդ տարվա մակարդակը:   Նա ներկայացրեց նաև ոռոգման համակարգում իրականացված ծրագրերը` ընդգծելով, որ հաշվետու տարում պետբյուջեի միջոցներով իրականացվել է 8916 մ երկարության կիսախողովակների տեղադրում, հորատվել է 9 և վերանորոգվել 11 խորքային հոր: Արդյունքում` բարելավվել է շուրջ 2294 հա հողատարածությունների ոռոգումը: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և համայնքների կողմից 15 տոկոս համաֆինանսավորմամբ մարզի 12 համայնքում ավարտվել է ներտնտեսային ցանցերի վերանորոգումը: Ծրագրի արդյունքում վերականգնվել է 28,6 կմ երկարությամբ ջրագիծ: Իսկ Կառավարության կողմից հատկացված 191,58 մլն դրամով իրականացվել է Արաքս, Մեծամոր և Քասախ գետերի, ինչպես նաև հեղեղատարների հուների մաքրման և ափապատնեշների ամրացման աշխատանքները:   Արմավիրի մարզպետարանի կողմից մարզի տեղական ինքնակառավարման մարմիններում 2013թ. իրականացված վարչական հսկողության արդյունքները և 2014 թ. իրականացվելիք գործընթացին առնչվող հարցերը ներկայացրեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը` նշելով, որ ղեկավարվելով ՀՀ նախագահի և փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի կողմից ընդունված իրավական ակտերով` Արմավիրի մարզպետի համապատասխան կարգադրություններով ստեղծված աշխատանքային խմբերը վարչական հսկողության աշխատանքներ են իրականացրել թվով 29 գյուղական համայնքներում:   Փ. Կարապետյանը տեղեկացրեց, որ համապատասխան համայնքներում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումները վերացվել են և ձեռնարկվել են համապատասխան կանխարգելիչ միջոցներ նմանօրինակ խախտումները հետագայում բացառելու ուղղությամբ, իսկ վարչական հսկողության արդյունքում կազմված ակտերը, խախտումները վերացնելու վերաբերյալ ՀՀ Արմավիրի մարզպետի առաջարկությունները, ինչպես նաև ստուգմամբ արձանագրված թերությունները վերացնելու և դրանք հետագայում բացառելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ համայնքների ղեկավարներից ստացված տեղեկատվությունը հրապարակվել են ՀՀ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքում:   Նա տեղեկացրեց նաև, որ մարզպետի 2014 թ. հունվարի 20-ի N 03, 04 և 05 կարգադրություններով ստեղծվել են համապատասխան աշխատանքային խմբեր` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2013թ. դեկտեմբերի 17-ի <<Վարչական հսկողության 2014 թվականի աշխատանքային ծրագիրը հաստատելու մասին>> N 159-Ա հրամանով հաստատված աշխատանքային ծրագրում ընդգրկված համայնքներում վարչական հսկողություն իրականացնելու համար:   Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը տեղեկություն ներկայացրեց նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում 2013թ. իրականացված աշխատանքների մասին` ընդգծելով, որ մարզի 1000-ից ավել բնակիչ ունեցող 83 համայնքից 74-ում, այդ թվում՝ 3 քաղաքային համայնքում արդեն ներդրվել է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ): Համապատասխան համայնքապետարաններց 57-ում ապահովված է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկումը:   Փ. Կարապետյանը կոչ արեց ՀԿՏՀ-ով ապահովված մյուս 17 համայնքների ղեկավարներին մեկ ամսվա ընթացքում ապահովվել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկումը և արդյունավետ շահագործումը:   Հիմք ընդունելով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի համապատասխան հանձնարարականը` մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը ներկայացրեց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրամական պահանջների վերաբերյալ կայացված որոշումների հարկադիր կարգով կատարման հնարավորությունները և դրանք սահմանող մի շարք օրենքներում իրականացված լրացումներն ու փոփոխությունները:   2014 թվականի փետրվարի 15-ի դրությամբ ՀՀ Արմավիրի մարզի 17 համայնքների աշխատակազմերում գոյացած աշխատավարձերի պարտքերին անդրադարձավ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը:   ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը ներկայացրեց ՀՀ Արմավիրի մարզային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի հիման վրա 2014 թվականի տարեկան աշխատանքային պլանի կազմման և մարզային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման 2013 թվականի մոնիտորինգի և գնահատման արդյունքները:   Արմավիրի մարզում IT ոլորտում լայնաշերտ ինտերնետ հասանելիության ապահովմանն ուղղված ծրագրերի և իրականացված աշխատանքների մասին հայտարարությամբ հանդես եկավ <<Արփինետ>> ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Հովհաննես Ալեքսանյանը:   Մարզխորհրդի նիստի ավարտին Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լավ աշխատանքի համար մեդալներ ու շնորհակալագրեր հանձնել մարզի գյուղատնտեսության մի շարք առաջավոր աշխատողների:



To top