< Գյուղատնտեսական կենդանիների մատղաշի որոշ ինվազիոն հիվանդությունների կանխարգելում
21.02.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Այգետնկման ժամկետները և տեխնիկան

Նորատունկ ծառերի կպչողականության վրա խոշոր չափով ազդում են նաև տնկման ժամկետները: Սովորաբար ընդունված է այգին տնկել տնկանյութի հանգստի շրջանում` վաղ գարնանը մինչև վեգետացիայի սկսվելը, և աշնանը` տերևաթափից հետո, մինչև սառնամանիքների սկսվելը: Տնկանյութի արմատների վրա եղած վերքերի (որոնք առաջացել են տնկանյութը տնկարանից հանելու ժամանակ) վերականգնումը և նոր մազարմատների գոյացումը գարնան տնկումների ժամանակ, սովորաբար, ավելի արագ և ինտենսիվ են կատարվում, քան աշնան տնկումների ժամանակ: Այդ է պատճառը, որ գարնանը տնկելիս բույսերի կպչողականությունը ավելի բարձր է լինում: Պարզվում է, որը գարնանը ծառատնկումների ժամկետը շատ սեղմ է, տևում է 12-15 օր, որը և շատ է դժվարացնում մեծ զանգվածներով այգետնկման աշխատանքները ճիշտ և ժամանակին կազմակերպելու գործը: Աշնան տնկումները սկսում են հոկտեմբերից և շարունակում են մինչև նոյեմբերի վերջը, մինչև կայուն ցրտերի սկսվելը, և տևում են մոտ 40-50 օր: Բացի դրանից, աշնանը բանվորական ձեռքը մեծ մասամբ ազատ է և ծառատնկման աշխատանքները հնարավոր է կազմակերպել ճիշտ ժամանակին ու կատարել բարձր որակով: Այն բույսերը, որոնք ձմեռադիմացկուն չեն, օրինակ, թզենին, նռնենին, ձիթենին, արևելյան խուրման, դեղձենին, նշենին, կեռասենին, պետք է տնկել միայն գարնանը, իսկ մնացած ծառատեսակները` միայն աշնանը: Այսպիսով, խնձորենին, տանձենին, սերկևիլենին, սալորենին, բալենին, ծիրանենին, հաղարջենին, կոկռոշենին, մորենին, ելակը Հայաստանում, այդ թվում նաև Վայոց ձորում պետք է տնկել աշնանը, սակայն եթե որևէ պատճառով հնարավոր չէ տնկել աշնանը, այդ դեպքում տնկում են գարնանը: Մնացած ծառատեսակները տնկում են միայն գարնանը: Տնկանյութի թարմացումը: Տնկելուց առաջ բոլոր տնկիները պետք է մեկ-մեկ ստուգել: Եթե տնկանյութի արմատային համակարգում նկատվում են չորուկներ, վնասվածքներ, հիվանդ մասեր, ուռուցքներ, պետք է հեռացնել այգու սուր դանակով կամ մկրատով: Պետք է փոսի մեջ լցված կոնաձև հողաթմբի վրա բահով բաց անել արմատային համակարգի տեղը: Իսկ հետո վերցնում ենք տնկին և արմատային մասով իջեցնում փոսի կենտրոնը, այնուհետև կողային արմատները հավասարապես դասավորում ենք փոսի մեջ, որից հետո անհրաժեշտ է տեղանիշ ցցափայտը ամրացնել փոսի մեջ` տնկենու բնից 8-10սմ հեռավորության վրա, այն կողմից, որտեղից փչում են ուժեղ քամիներ: Ընդ որում տեղանիշ ցցափայտի ծայրը պետք է 5-6սմ ցածր լինի կմախքային առաջին ճյուղից: Այնուհետև փոսի եզրերի վերին շերտից հողը վերցնելով լցնում ենք արմատների վրա: Պետք է հողը լցնել այնպես, որ արմատների արանքը դատարկ չմնա, ոտքով ամրացնելով փոսի մեջ լցված հողը: Պետք է այնպես տնկել, որ տնկին շատ ամուր նստի փոսի մեջ: Տնկիների կպչողականության վրա չափազանց մեծ ազդեցություն է թողնում տնկման խորությունը: Տնկին պետք է տնկել այնպիսի խորությամբ, որ տնկելուց 2-3 օր հետո տնկիի արմատավզիկը հավասարվի գետնի մակերեսին` կիսահողի տակ, կիսաբաց վիճակում: Արմատավզիկը բույսի այն մասն է, որ գտնվում է ցողունի և արմատի արանքում, այդ պատճառով այն հարմարված չէ ոչ հողային և ոչ էլ դրսի բացօթյա պայմաններին: Այն հողամասում, որտեղ կատարված է խոր հիմնաշրջում` 60-70 սմ խորությամբ, և փոսերն էլ փորված են 40-50 սմ խորությամբ, պետք է տնկել այնպես, որ արմատավզիկը գտնվի հողի մակերեսից 4-5 սմ վերև. Հետագայում հողը նստելիս ճնշում է գործադրում արմատային համակարգի վրա և տնկին ձգվում է ներքև ու արմատավզիկը իջնում, հավասարվում է հողի մակերեսին: Եթե տնկել են միայն փոսերի մեջ, առանց հողը հիմնաշրջելու, պետք է տնկել այնպես, որ արմատավզիկը գտնվի հողի մակերեսից 4-5 սմ խորության վրա: Հետագայում հողը նստում է, բայց տնկին ներքև չի ձգվում և արմատավզիկը բացվելով հավասարվում է հողի մակերեսին: Տնկելուց հետո տնկիների շուրջը պատրաստում են բաժակներ. բաժակների պատերը պետք է լինեն ամուր, որպեսզի ջուրը չողողի` չքանդի: Դրա համար պատերի լայնությունը և բարձրությունը վերցնում են մոտ 20 սմ: Բաժակներ պատրաստելուց հետո տնկենու բունը 2 տեղից թելով կամ ճիլոպով ութաձև կապում են տեղանիշ ցցափայտին: Առաջին կապը պետք է լինի տեղանիշ ցցափայտի ծայրային մասից 6-7 սմ ներքև, երկրորդ կապը` հիմքի, նրա երկարության 1/3 բարձրությունից: Այդ աշխատանքը վերջացնելուց հետո միջշարքային տարածություններում անց են կացնում ջրատար առուներ: Տնկելուց անմիջապես հետո պետք է ջրել: Ջուրը տալ շատ բարակ շիթով, ոռոգման համար հոսող ջուր չլինելու դեպքում պետք է ջրել դույլերով, յուրաքանչյուր տնկուն տալով 2-3 դույլ ջուր: Նորատունկ ծառերը ջրելուց 2-3 օր հետո` երբ հողը քեշի է գալիս, պետք է ստուգել, և եթե հողը շատ է նստել և տնկիների արմատավզիկները բարձր են մնացել հողի մակերեսից, պետք է ուղղել այնպես, որ հավասարվեն հողի մակերեսին, հակառակ դեպքում տնկիները չեն կպչի և շուտ կչորանան: Իսկ եթե արմատավզիկները իջել և մնացել են հողի տակ, այդ դեպքում տնկիները պետք է բարձրացնել և արմատավզիկները հավասարեցնել հողի մակերեսին: Ստու•ումներից հետո ցանկալի է բնի շուրջը մուլչապատել փտած գոմաղբով, ծղոտով, չոր հողով և այլ նյութերով, որոնք կկասեցնեն ջրի գոլորշիացումը և հողը կպահեն խոնավ, փափուկ վիճակում, իսկ դա իր հերթին կնպաստի տնկիների բարձր կպչողականությանը: Երիտասարդ տնկիների արմատային համակարգի ծավալը տնկարանից հանելու ժամանակ խիստ փոքրանում է, իսկ վերերկրյա մասը մնում է նույնը, հետևապես խախտվում է արմատային համակարգից բարձրացող հանքային սննդանյութերի և վերերկրյա մասում պատրաստված ածխաջրերի հարաբերակցությունը: Այդ հարաբերակցությունը կարգավորելու համար անհրաժեշտ է արհեստականորեն փոքրացնել նաև վերերկրյա մասը, որպեսզի արմատային համակարգը կարողանա նրան բավարարել համապատասխան քանակությամբ ջրով և սննդանյութերով ինչպես նաև տնկիների կպչողականությունը, նրանց հետագա աճն ու զարգացումն ապահովելու սաղարթը ձևավորելու նպատակով: Աշնանը տնկած տնկիները էտում են հաջորդ գարնանը` մինչև բողբոջների ուռչելը, իսկ գարնան տնկվածները` տնկելուց անմիջապես հետո: Հնդավորների կողային ճյուղերը` կախված աճման ուժից, կարճացնում են նրանց երկարության 1/3-ից մինչև կեսի չափով, իսկ ուղեկցող ճյուղը` շատ թույլ` մինչև 1/3-ի չափով, այնպես, որ այն 15-20 սմ ավելի բարձր լինի կողային ճյուղերից: Կորիզավոր ծառատեսակների ճյուղերը կարճացնում են ավելի շատ` 50%-ի չափով, նայած նրանց աճման ուժին, որովհետև հետագա տարիներին սովորաբար էտում են ավելի թույլ: Ճյուղերը պետք է էտել դրսի բողբոջի վրայից այնպես, որ վերևի կտրվածքը հավասար լինի բաղբոջի ծայրին, իսկ ներքևի կտրվածքը` բողբոջի ստորին մասին:



To top