< ՊՏՂԱՏՈՒՆԵՐԻ ԲՆԵՐԻ ՍՊԻՏԱԿԵՑՈՒՄ
07.02.2014 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

Արմավիրցի վերամշակողների համար նոր շուկա կավելանա

Վերջերս փոխհամագործակցության հուշագիր է ստորագրվել Արմավիրի մարզի և Չեխիայի հանրապետության Մորավսկո Սիլեզսկի երկրամասի հետ: Համագործակցությունը ենթադրում է արմավիրցի վերամշակողների համար նոր շուկայի ավելացում: Համագործակցության գլխավոր նախապայմանը գյուղմթերքների արտադրատեսակների արտահանումն է, որոնք որակով պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշերին: Անուշահամ մրգերի ու բանջարեղենի արտադրության մեծ շտեմարան հանդիսացող Արմավիրի մարզը համագործակից նոր ընկեր ունի Չեխիայի հանրապետությունում, որտեղ կարող են սպառվել մարզում արտադրված գյուղմթերքները: Հունվարի 29-31 ՀՀ նախագահի հետ Չեխիա էր այցելել նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և տնտեսական համագործակցության եզրեր գտել Մորավսկո Սիլեզսկի երկրամասի հետ: Չեխիայի հանրապետություն կատարած այցից հետո Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդիպեց Արմավիրի մարզի վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների և գործարարների հետ` քննարկելու նրանց արտադրանքի արտահանման խնդիրները: Իսկ մինչ այդ մարզպետը հիացմունքով նշեց, որ Չեխիայի հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ արտասանել է 1.5 միլիոն հայերի ցեղասպանություն բառը:   Մարզպետը Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարարության արտաքին առևտրի դեպարտամենտի հետ պայմանավորվել է հայկական վերամշակված գյուղմթերքների համար ստանալ եվրոպական սերտիֆիկատ , որպեսզի առանց խոչընդոտների մեծ պահանջարկ ունեցող ապրանքներն Արմավիրի մարզից Չեխիայի միջոցով արտահանվեն Եվրոպա: Արմավիրի մարզի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Սարգսյանը նկատեց, որ սննդարդյուբերության ոլորտում սերտիֆիկատ ձեռք բերելն այդքան էլ դյուրին գործ չէ և պարտադիր է ԻՍՈ` որակի ենթակառուցվածքի համակարգի ներդրումը, որն ապահովում է արտադրանքի ու ծառայությունների համապատասխանությունը պարտադիր պահանջներին:   Այս դեպքում միայն պաշտպանված կլինեն սպառողների և տնտեսվարող սուբյեկտների շահերը, կխթանվի մրցակցությունն ու արտահանումը: Ապրանքի որակի սերտիֆիկատ ստանալու վերաբերյալ առաջարկվեց սննդի անվտանգության տեսչության համագործակցությունը:   Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին արդեն հայտնի են Եվրոպայում պահանջարկ ունեցող ապրանքատեսակները, դա պանիրն է, չիրը, մուրաբան, ձկնեղենը, գյուղմթերքների պահածոները, որոնք հաճելի են եվրոպացու քիմքին: Գործնական քայլերի անցնելու նպատակով առաջարկվեց ստեղծել հանձնախումբ, որը կզբաղվի արտահանման հարցերով:   Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա հասարակական կազմակերպությա նախագահ Սանդրո Աբովյանը քաջատեղյակ է Եվրոպա արտահանվող սննդի որակի մասին և նշեց, որ եվրոպական ստանդարտներն ավելի խիստ մոտեցում են պահանջում սննդամթերքի որակի վերաբերյալ, ինչն էլ կկենտրոնացնի հայ արտադրողի ուշադրությունը արտադրանքի որակին:   Մինչ հայակական սննդամթերքի եվրոպական սերտիֆիկատի ձեռք բերումը Արմավիրի մարզում կազմավորվեց Եվրոպա արտահանվող սննդամթերքի հարցերով զբաղվող հանձնախումբ Արմավիրի մարզպետարանի գյուղվարչության պետ Արթուր Այվազյանի գլխավորությամբ, որտեղ ընդգրկվեցին գյուղմթերք վերամշակող տարբեր ճյուղերի ձեռնարկությունների ներկայացուցիչներ:



To top