< ՈՉԽԱՐՆԵՐԻ ՔՈՍ
07.02.2014 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՊՏՂԱՏՈՒՆԵՐԻ ԲՆԵՐԻ ՍՊԻՏԱԿԵՑՈՒՄ

Պտղատուների տարիքի մեծացմանը զուгգընթաց կեղևները սկսում են կռճռոտվել և չորանալ, բնի վրա առաջանում են ճաքեր, որոնք ջրի և սնկային հիվանդությունների ազդեցության տակ աստիճանաբար մեծանում և վեր են ածվում խոռոչների ու փչակների: Հենց այն կնճռոտված, կիսապոկ կեղևները, խոռոչները և փչակները հարմար թաքստոցներ են հադիսանում հիվանդության հարուցիչների և վնասատուների համար: Այդ իսկ պատճառով վաղ գարնանը հարկավոր է մաքրել ծառերի բների և կմախքային ճյուղերի հիմքերի վրա գտնվող փչակները, խոռոչները, չոր և կիսապոկ կեղևները` պտղակերների, բնին վնասող վնասատուների ձմեռող թրթուրների, երկարակնճիթների և տերևալվիկների հասունների, պտղատուների կարմիր և գորշ տզերի ձվերի ոչնչացման նպատակով: Հատկապես խնամքով պետք է մաքրել կորիզավոր տեսակների խեժակալումից հետո առաջացած խոռոչները: Բները և հիմնային ճյուղերը կիսապոկ կեղևներից պետք է մաքրել բութ մետաղյա քերիչներով և քերիչ դանակներով: Բները քերում են անձրևից հետո, երբ չորացած կեղևը փափկում է: Բունը մաքրելիս ծառի տակ սավան են փռում և մաքրած կեղևի մնացորդները հանում են այգուց և այրում: Մաքրած բները և կմախքային խոշոր ճյուղերի հիմքերը սպիտակեցնում են թանձր կրակաթով: Այդ նպատակի համար 10 լ ջրին հարկավոր է խառնել 2.5 կգ կիր և վրան ավելացնել այնքան թարմ գոմաղբ կամ կավահող, որ ստացվի թույլ մածուկ ծառին հեշտությամբ կպչելու համար:Այս միջոցառումը բնային վնասատուների նկատմամբ ավելի արդյունավետ դարձնելու համար պատրաստած մածուկին խառնել 150-200գր որևէ միջատասպան թունանյութ` մետաֆոս, քլորոֆոս կամ բենզաֆոսֆատ: Եթե կատարվելու է կամ արդեն կատարվել է պտղատուների վաղ գարնանային բուժում նիտրոֆենով, ապա այս դեպքում վերոհիշյալ թունանյութերի փոխարեն մածուկին խառնում են նախապես գոլ ջրի մեջ լուծված 300 գր պղնձարջասպ: Այգիներում ծառերի բունը և կմախքային ճյուղերի հիմքերը ամբողջ տարին անհրաժեշտ է պահել ՙսպիտակ շապիկովՙ ծածկված: Այս միջոցառումը պահպանում է բունը նաև ցրտահարություններից, իսկ ամռանը` արևահարություններից:



To top