< ԿԾՈԽՈՒՐ` ԲԱՐԲԱՐԻՍ
19.12.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ), Արմավիր. Մարզային նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հարցազրույցը ՝ «Արմենպրես» լրատվական գործակալությանը

1. Պարոն մարզպետ, ինչպիսին էր անցնող տարին Արմավիրի մարզի համար: Ի՞նչ խնդիրներ են լուծվել մարզում: - Անցնող տարին կարող էր առավել արդյունավետ լինել Արմավիրի մարզի համար, եթե մայիս ամսին մեզ տհաճ անակնկալ չմատուցեր աղետալի կարկտահարությունը: Այնուամենայնիվ, մարզային տնտեսության տարբեր ոլորտներում ունեցել ենք հաջողություններ: Պետական և մասնավոր ներդրումների արդյունքում լուծվել են մեծ թվով խնդիրներ. վերանորոգվել է 18 դպրոց և 3 մանկապարտեզ, 5 դպրոցում ներդրվել է լոկալ ջեռուցման համակարգ, 18 երաժշտական և արվեսի կրթօջախներ ապահովվել են անհրաժեշտ մշակութային գույքով և օժանդակ սարքավորումներով, բացվել է 13 նախակրթարան, վերաբացվել է 3 բժշկական ամբուլատորիա, իսկ բժշկական կենտրոնները համալրվել են նորագույն սարքավորումներով, Արմավիր քաղաքի Շահումյան 11 և 13 վթարային շենքերի 44 ընտանիք վերաբնակեցվել է վերակառուցված և բնակելի շենքի համապատասխանեցած Արմավիրի պահածոների գործարանի նախկին վարչական շենքում, գազաֆիկացվել է 4 համայնք, վերանորոգվել են 3 քաղաքային համայնքների թվով 8 բազմաբնակարան շենքերի տանիքներ, հիմնանորոգվել է միջպետական և հանրապետական նշանակության 32.9 կմ ճանապարհ, ինչպես նաև իրականացվել են առաջնային նշանակության մի շարք այլ ոլորտային ծրագրեր: 2. Գարնանը տեղացած կարկուտից հետո մարզի մի քանի տասնյակ գյուղեր հսկայական կորուստներ ունեցան: Կառավարության տրամադրած օժանադակությունն ու արմավիրցիներին օգնելու նպատակով բացված հիմնադրամները կարողացա՞ն մեղմել կարկուտի վնասները:   - Իսկապես, կարկուտը մեծ վնաս հասցրեց մարզի 46 համայնքի գյուղացիական տնտեսություններին, համայնքներից 26-ում վնասի չափը կազմեց 100 տոկոս: Ընդհանուր առմամբ, մարզի գյուղացիական տնտեսություններն ունեցան շուրջ 25 մլրդ դրամի կորուստ՝ հայտվելով անելանելի կացության մեջ: Սակայն ի պատիվ ՀՀ նախագահի, կառավարության, առանձին կազմակերպությունների և անհատների կողմից իրականացված օժանդակության ծրագրերի՝ մենք կարողացանք նեցուկ լինել կարկտահարությունից տուժած գյուղացիներին, և մեղմել աղետի հետևանքները: Արմավիրի մարզպետարանի և համայնքապետարանների կողմից էլ արվեց հնարավորը՝ օժանդակության ծրագրերը հասցեական և հրապարակային իրականացնելու գործում: Եվ այսօր վստահորեն կարող եմ ասել, որ իրականացված տարաբնույթ ծրագրերի արդյունքում մեզ հաջողվեց մեղմել հասցված վնասի հետևանքները:     3. Ըստ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած «ՀՀ մարզերը եւ Երեւան քաղաքը թվերով» զեկույցում նշված է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Արմավիրի մարզում բնակչության թիվը նվազել է 20,3 հազարով կամ 7 տոկոսով: Որո՞նք են հիմնական խնդիրները, որոնց պատճառով մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի կամ այլ երկրում մշտական բնակության:   - Մարզում բնակչության թվի նվազումը հիմնականում պայմանավորված է մայիս ամսին տեղացած կարկտահարությունից հետո արտագնա աշխատանքի մեկնողների թվի կտրուկ աճով: Իսկ արտագնա աշխատանքի մեկնելու հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են, որոնց լուծման ակնկալիքով էլ մարդիկ մեկնում են արտերկիր: Սակայն վստահ եմ, որ մեր իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքում իրականացվող բարեփոխումների ծրագրերը կբերեն նրան, որ առաջիկայում մեր հայերենակիցները ոչ թե օտար ափերում, այլ հենց մեր երկրում կունենան արժանապատիվ աշխատանք և իրենց կարիքները հոգալու հնարավորություն: Եվ ի ուրախություն բոլորիս, ուզում եմ ասել, որ Արմավիրի մարզում վերջին տարիներին նկատվում է ծնելիության աճ, որով էլ պայմանվորված յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին նախորդ տարվա համեմատությամբ ավելանում է 1-ին դասարան հաճախողների թիվը:   4. Մարզի գլխավոր խնդիրներից մեկը ջրի հարցն է: Մի քանի տասնյակ գյուղերում, նաեւ Արմավիր քաղաքում մարդիկ խմելու ջուրը գնում են, քանի որ կամ ծորակներից ջուր չի գալիս, կամ էլ ջուրը ժանգագույն է: Ի՞նչ քայլեր են մշակվում խմելու ջրի հարցն այդ համայնքներում կարգավորելու ուղղությամբ:   - Խմելաջրի հարցը մարզի որոշ համայնքներում իսկապես շարունակում է չլուծված մնալ և գտնվել ոլորտը համակարգող կառույցների մշտական ուշադրության ներքո: Խնդրի լուծման նպատակով վերջին տարիներին մեկ տասնյակից ավել համայնքներում պետական ծրագրերով իրականացվել են խմելու ջրի ներտնտեսային ցանցերի և խորքային հորերի վերանորոգման աշխատանքներ: Այդ նպատակով միայն վերջերս Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ հաստատվել է միջոցառումների ծրագիր` Բնապահպանության նախարարի, Ոստիկանության պետի, Արմավիրի և Արարատի մարզպետների համատեղ մասնակցությամբ Արարատյան դաշտավայրում տեղակայված ապօրինի հորատանցքերի հորոտման աշխատանքների նկատմամբ համատեղ հսկողություն իրականացնելու նպատակով, որը հնարավորություն կտա պահպանել ստորգետնյա ջրերի մակարդակը և առավել արդյունավետ դարձնել ջրօգտագործումը:   5. Պարոն մարզպետ, լուրջ խնդիր է նաեւ ոռոգման ջրի բացակայությունը: Բազմաթիվ համայնքներում գյուղացիները հողագործությամբ չեն զբաղվում, քանի որ ջրանցքնեը ցամաքած են, իսկ եղած ջուրն էլ, ըստ ՋՕԸ-երի, ձկնաբուծարանների աշխատանքին ուղղվում: Այս առնչությամբ ի՞նչ քայլերի է դիմել մարզպետարանը: - Այո, մարզում կան համայնքներ, որտեղ դեռևս օրակարգային է մնում ոռոգման ջրի հարցը, որի լուծման ուղիներից մեկն էլ վերը նշված ծրագրից բացի Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագիրն է, որի իրագործումը նախաձեռնել է կառավարությունը: Արդեն հայտնի է, որ այն հավանության է արժանացել Քուվեյթի զարգացման հիմնադրամի կողմից, և առաջիկայում նախատեսվում է հիմնադրամի պատվիրակության այցը Հայաստան` ծրագրի մանրամասներին տեղում ծանոթանալու նպատակով: Նշեմ նաև, որ միայն այս տարի Արմավիրի մարզի սակավաջուր տարածքներում պետբյուջեի միջոցներով ութ նոր խորքային հոր է կառուցվել, իսկ գործողները վերակառուցվել են:   6. Դալարիկ եւ Լենուղի համայնքներում ավելի քան երկու տասնյակ բազմաբնակարան շենքեր համարվել են չորրորդ կարգի վթարային: Այդ շենքերում ոչ միայն վտանգավոր է բնակվելը, այլեւ բացակայում են տարրական կենցաղային պայմանները` չկա ջուր, սանհանգույց: Գյուղացիների հավաստիացմամբ` մի քանի անգամ խնդրի անչությամբ դիմել են մարզպետարանին, սակայն դեռեւս հարցը չի կարգավորվել: Խնդրի լուծման վերաբերյալ որեւէ առաջընթաց կա՞: - Լենուղի համայնքում իսկապես կան 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, քանդման ենթակա թվով 3 երկհարկանի բազմաբնակելի շենքեր, որտեղ դեռևս բնակվում է 29 ընտանիք: Շենքերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն է ներկայացվել Քաղաքաշինության նախարարություն, և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2013թ. մարտ ամսին ընդունված համապատասխան որոշմամաբ նշված շենքերը ներառվել են Հայաստանի տարածքում քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, ինչպես նաև քանդված բնակարանային ֆոնդի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովման հայեցակարգում: Իսկ ինչ վերաբերում է Դալարիկ համայնքին, տեղեկացնեմ, որ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ ուսումնասիրվել են համայնքի առավել վատթարագույն վիճակում գտնվող 14 բնակելի շենքերի տեխնիկական վիճակները, և մասնագիտական եզրակացություն համաձայն 7 շենք գնահատվել է 3-րդ աստիճանի և 7-ը՝ 2-րդ աստիճանի վնասվածության: 7. Մարզում եկամուտների հավաքագրման ի՞նչ ցուցանիշներ են արձանագրվել: Տարվա կեսին չորս մարզերում, այդ թվում` Արմավիրի սեփական եկամուտների հավաքագրման միջինից ցածր ցուցանիշ էր առկա, իրավիճակը 9-10 ամիսների կտրվածքով ինչպիսի՞ն է: - Հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 1 մլրդ 579 մլն 385 հազար դրամի դիմաց կազմել են 1 մլրդ 382 մլն 343 հազար դրամ, կատարողականը՝ 87,5տոկոս: Հավաքագրման մակարդակը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 11,4 տոկոսով: Եվ ես վստահ եմ, որ մինչև տարեվերջ մենք կապահովենք սեփական եկամուտների հավաքագրման սահմանված ցուցանիշը և տարին կամփոփենք 100 տոկոս կատարողականով: Հարցազրույցը՝ Հասմիկ Հարությունյանի



To top