< Գյուղատնտեսական կենդանիների արյան մակաբույծային հիվանդությունները
07.12.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԿՈՃԱՊՂՊԵՂ` ՆՈՒՅՆ ԻՆՔԸ` ԻՄԲԻՐ /Ginger եւ Zingiber Officinale/



Բույսի վերգետնյա մասը երկարավուն տերեւներով, մինչեւ 2 մ բարձրության ցողուն է։ Վառ կարմիր ծաղիկները ունեն մեկ առէջք։ Կոճապղպեղի հիմնական հարստությունը հոտավետ, այրող համ ունեցող արմատն է։ Կոճապղպեղը բազմամյա բույս է։ Հայրենիքն է` Հարավ-Արեւելյան Ասիան։ Բույսը հայտնի է եղել Հնդկաստանում եւ Չինաստանում դեռեւս հնագույն ժամանակներից։
4000 տարի առաջ հնդիկները կիրառում էին բույսը համեմունքային խառնուրդի մեջ։ Եվրոպացիներն իմացան կոճապղպեղի եւ այլ համեմունքների մասին Ալեքսանդր Մակեդոնացու (մ.թ.ա. 327) արշավանքների ժամանակ։ Հռոմեացիները կանոնավոր ձեւով կատարում էին սեւ պղպեղի, դարչինի եւ կոճապղպեղի առեւտուր, պահեստավորելով այդ համեմունքները Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում։ Հռոմի անկումից հետո (5-րդ դար) այդ համեմունքների հետ ծանոթացան նաեւ գերմանական ցեղերը:
Բույսը լինում է երկու տեսակ՝ չինական եւ հնդկական։ Օգտակար է կաթվածի, ընկնավորության եւ այն հիվանդությունների դեպքում, որոնց հետեւանքով լորձ է առաջանում։ Կոճապղպեղի ընդունման չափաբաժինը 1,5 գրամ է։ Բայց վնասակար է տաք բնույթ ունեցող մարդկանց համար։
16-րդ դարում իսպանական ազնվական Մենդոզան Ջամայկա կղզում կոճապղպեղի պլանտացիաներ հիմնադրեց, որտեղից մինչ մեր օրերը արտահանվում է այս արժեքավոր բույսի արմատը։Հիմնական արտահանող երկրներն են նաեւ Հնդկաստանը, Չինաստանը, Արեւմտյան Աֆրիկայի արեւադարձային գոտու երկրները։ Կոճապղպեղը բազմացնում են վեգետատիվ ձեւով, կտրատելով բույսի կոճղարմատները, առաջին բերքը կարելի է հավաքել 6-12 ամիս անց։ Բույսի արմատը վաճառվում է կտրատած, աղացած, շաքարապատ կամ շոկոլադապատ ձեւով, նաեւ գարեջրի համար նախատեսված էքստրակտի ձեւով։ Մանր աղացած արմատը կիրառում են քաղցրավենիքների, ապուրների, մսային եւ ձկնային ուտեստների մեջ։ Կոճապղպեղը հարուստ է եթերային յուղերով, տանինով, բջջանյութով, օսլայով, ազոտային միացություններով։ Կոճապղպեղը պարունակում է վիտամիններ՝ C, B1, B2, ենթավիտամին A, միկրոտարրեր (նատրիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ցինկ)։ Կարեւոր ամինաթթուներ (վալին, ֆենիլանին, մետիոնին, լեյզին, տրեոնին, տրիպտոֆան)։Կոճապղպեղի թեյը նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, ունի ցավամոքիչ հատկություն, որի հետեւանքով լավացնում է մարսողությունը, հանգստացնում որովայնի ցավերը, լավացնում նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, օգտակար է նաեւ շնչառական ուղիներին։
Ստամոքսի ցավերը հանգստացնող թեյ. խառնել մեկ քառորդ թեյի գդալ կոճապղպեղ, 1 պատիճ հիլ (կարդամոն), 1 թեյի գդալ դեղին թեյ, ավելացնել 250 մլ տաք ջուր, թրմել 30 րոպե։Որպես ցավազրկող միջոց` միմյանց խառնել կես թեյի գդալ կոճապղպեղի փոշին եւ 1 ձվի դեղնուցը, քսել վնասվածք ստացած հատվածին։ Այս դեղատոմսն օգնում է նաեւ գլխացավի դեպքում (քսել քիմքին)։
Օգտակար խուրհուրդներ
Փորկապության դեպքում ուտելուց հետո ընդունել 1-3 գրամ կոճապղպեղի փոշի։
- Բկաբորբի դեպքում (նաեւ ստոմատիտի) ծամեք մի փոքր կտոր կոճապղպեղի արմատ։
- Սրտխառնոցի դեպքում խմեք (գազը հանած) հանքային ջրի մեջ լուծված 1,5 գրամ (կես թեյի գդալ) կոճապղպեղի փոշի։
- Ցուրտ եղանակներին կոճապղպեղի թեյը խմելուց հետո չի կարելի անմիջապես տնից դուրս գալ։
- Խմեք (ուտելուց առաջ) մեկ թեյի գդալ կոճապղպեղի թարմ հյութը, խառնած մի պտղունց աղի հետ։
- Սովորական թեյի կամ սուրճի մեջ խառնած մի պտղունց կոճապղպեղի արմատի փոշին կարգավորում է ճնշումը, ամրացնում դիմադրողականությունը։


To top