< հուլիս ամսին յուղ մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի
12.07.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՉԻ ԱՐՏԱԳԱՂԹԻ

Հովտամեջ գյուղի բնակիչ Աշոտ Մխիթարյանին Արմավիրի մարզում գրեթե բոլորն են ճանաչում, ով առնչվում է գյուղատնտեսության, հատկապես պտղագործության հետ: Բարի, աշխատասեր, հողը սիրող ու հողի արժեքը գնահատող մարդ է Աշոտ Մխիթարյանը: Գտնվելով նրա այգում, առաջին բանը,որ գալիս է մտքիդ, դա հետևյալ ասացվածքն է` իսկական հայ տղամարդը տուն պիտի կառուցի, ծառ տնկի ու տղաներ ունենա: 60 ամյա Աշոտ Միքայելյանը իր կյանքի ընթացքում հասցրել է այդ երեքն էլ բարեհաջողությամբ իրականացնել` 3 տղա, 6 թոռնիկ, տներ որդիների համար և մի հրաշք պտղատու այգի 1 հա տարածքի վրա: Ուղղակի ասել պտղատու այգի, դա ոչինչ չասելու նման մի բան է: Երբ սկսվեց հողերի սեփականաշնորհման գործընթացը այս տարածքում խաղողի այգի էր, տարածքի լավագույն այգիներից մեկը: Բայց դժվար տարիներ էին ու բերքը իրացնելու խնդիր կար: Նախկին բրիգադիրի համար շատ դժվար էր խաղողի այգին քանդելու որոշումը ընդունել: Դժվար էր, քանի որ, խաղողի այդ այգին հիմնվել էր իր և իր համագյուղացիների ձեռքերով ու տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ դարձել էր տարածքի լավագույն, ցուցադրական այգիներից մեկը: Այգին քանդելուն նպաստեց նաև այդ տարիներին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությունը, որ պարսկական սպիրտն ավելի ձեռնտու է հայկական կոնյակ ու օղի արտադրելու համար: Նկարագրելով, թե ինչ վիրավորանք էր ապրել այդ խոսքերը լսելով, նա էլ հազարավոր խաղողի այգետերերի նման` դժվարությամբ, ցավը սրտում քանդեց իր խաղողի այգին: Հետո արդեն 90-ականների կեսերին, երբ ամբողջ հանրապետությունով մեկ անխնա ոչնչացվում էին նաև պտղատու այգիները, Աշոտ Մխիթարյանը որոշեց խաղողի այգու տարածքում պտղատու այգի հիմնել: Աշոտ Մխիթարյանի կինը` տիկին Արուսը հիշում է, թե ինչպես էին ծանոթներն ու բարեկամները փորձում հետ կանգնեցնել ամուսնուն այգի հիմնելու մտքից. <<Դժվար տարիներ էին, ասում էին, կտանջվես, կաճեցնես, ձեռքիցդ կառնեն: Իսկ նա ասում էր, թող տնկեմ, մեծացնեմ, բերքի կանգնացնեմ, թող առնեն>>: Այդ տարիներին գյուղատնտեսության բնագավառում շատ խնդիրներ կային` սկսած բարձրորակ տնկիներ ձեռք բերելուց,մինչև բերքի իրացնելը: Բայց ոչ մի դժվարության առաջ կանգ չառնելով, Աշոտ Մխիթարյանը հիմնեց այգին: Նրա հավաստմամբ, տարիների ընթացքում այգում բոլոր տեսակի մրգերից էլ տնկել է, բացի սերկևիլից, դա էլ միայն այն պատճառով, որ սերկևիլը վտանգավոր հարևան է շատ մրգերի համար: Այգին հիմնականում մշակում է կնոջ օգնությամբ: Հպարտությամբ նշում է, որ վաղ գարնանից մինչև խոր աշուն սիրելի կինը այգում է, օգնում է իրեն, մանավանդ բերքահավաքի ժամանակ: Բերքահավաքը սկսվում է մայիսից` կեռաս, ծիրան, սալոր, դեղձերի տեսականի, մինչև խոր աշուն: Բարձրորակ բերքը իրացնելու խնդիր չունի: Աշոտ Մխիթարյանի մշակած այգու և բերքի համբավը նույնիսկ հանրապետությունից դուրս է եկել: Ֆրանսիացիները ֆիլմ են նկարել Աշոտ Մնացականյանի մասին, այն ցուցադրվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ: Աշոտի երկու որդիները գտնվում են Ռուսաստանում, ծնողներին կանչում են իրենց հետ ապրելու: Նրա հավաստմամբ, դժվար երկընտրանքի առաջ է կանգնած, դժվար է այն ինչ ձեռք ես բերել տարիների ընթացքում, քրտնաջան աշխատանքի շնորհիվ թողնել ու գնալ, մյուս կողմից տղաներն են, թոռների կարոտը: <<Ոնց ես նոր ծնված երեխային բարուրից պահում մեծացնում, այդպես էլ ես եմ այս այգին այգի դրաձրել` սկզբից կորիզներ եմ տնկել, հետո հանրապետության տարբեր վայրերից պատվաստանյութ եմ բերել, պատվաստել, տնկել, մեծացրել>>: Տարիների ժրաջան աշխատաքնը իր արդյունք է տվել , արդեն մի քանի տարի է ամբողջովին վայելում է այգու բերքից ստացված եկամուտը: Գյուղացու համար հիմնական ու կարևորագույն խնդիրը համարում է բերքի իրացումը: Նրա կարծիքով, եթե գյուղացին կարողանա իր ստացած բերքը ամբողջովին հարմար գնով իրացնել, ապա երբեք դժգոհելու առիթ չի ունենա: Այս տարի բացի կեռասից մնացած մրգերը առատ բերք են տվել, արդեն սկսվել է դեղձի բերքահավաքը: Նրա խոսքերով, տարին դժվար էր` ցուրտը, կարկուտը, անձրևային եղանակները բարենպաստ չէին գյուղատնտեսության համար: Երկար տարիների բրիգադիր աշխատելն ու քիմիկի մասնագիտությունը շատ է օգնել իրեն ծառերը ճիշտ մշակելու, ճիշտ թունաքիմիկատներ օգտագործելու գործում, ինչպես նաև սերը հողի հանդեպ տվել են արդյունքերը: <<Պիտի սիրել հողը, փայփայել: Շատ դեպքերում չիմացության արդյունքն է պատճառը, որ գյուղացին խնդիրներ է ունենում>> նշում է նա: Գոհ իր ապրած կյանքից ու աշխատանքի արդյունքներից, ամեն երեկո, երբ հոգնատանջ գնում է տուն, Աշոտ Մխիթարյանը հասկանում է, որ իր հայրենի հողի ուժն է, որ իրեն, չնայած դժվարություններին, հնարավորություն է տալիս, ապրել առողջ ու երջանիկ, և երեկոյան գլուխը դնելով բարձին համոզված մրմնջում է` չեմ արտագաղթելու:



To top