28.02.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՇԱՄՊԻՆՅՈՆԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ



Շամպինիոնները, որպես սապրոֆիտներ, սնվում են պատրաստի օրգանական և հանքային միացություններով, որոնք սնկի սնկամարմինը հայթայթում է կենդանական մնացորդներից: Սննդամիջավայրը հանդիսանում է սնկի արտադրության կարևոր գործոններից մեկը: Ապացուցված է, որ շամպինիոնի համար լավագույն սննդամիջավայր է ծղոտով ձիու աղբը: Սակայն հաշվի առնելով ձիերի գլխաքանակի ներկայիս սահմանափակությունը, օգտագործում են փոխարինողներ` թռչնաղբ, գոմաղբ, ոչխարի աղբ, մսի կոմբինատի թափոններ և հանքային պարարտանյութեր:
Ներկայումս տարբերում են կոմպոստի հետևյալ տեսակները` բնական, կիսասինթետիկ և սինթետիկ: Կախված օգտագործվող աղբի տեսակից` կոմպոստի պատրաստման տեխնոլոգիան ունի իր առանձնահատկությունները:
ՍՆկի նորմալ աճի, զարգացման և բարձր բերքատվության համար կոմպոստը պետք է չոր նյութի հաշվով պարունակի մոտ 2 տոկոս ազոտ:
Կոմպոստը պատրաստում են սնկանոցից 20-50 մ հեռավորության վրա, բետոնապատված, 4մ լայնությամբ և հնարավորին երկարության հրապարակում: Հրապարակը պետք է ունենա  որոշակի թեքություն, որպեսզի մշակման ժամանակ առաջացած գոմաղբահեղուկը լցվի նախօրոք տեղադրված որևէ ամանի կամ տակառի մեջ: Ախտահանված 1.5-2.5 մ լայնությամբ հրապարակի հատակին փռում են  նախօրոք խոնավացրած ծղոտը 0.4-0.5 մ հաստությամբ, վրան լցնում թռչնաղբը կամ ձիու աղբը և առատ ջրում այնքան, մինչև շերտի բարձրությունը հասնի 1.5-2 մ: Պատրաստված խառնուրդը պետք օրական 1-2 անգամ առատորեն ջրել:
6-7 օր անց անհրաժեշտ է կատարել առաջին խառնումը: Անհրաժեշտ է արտաքին և կողային մասերը հրել մի կողմ, կենտրոնում գտնվող զանգվածը շրջել տակի մասում, վրան լցնել արտաքին և կողային զանգվածը:Վերոհիշյալ ձևը պարտադիր է բոլոր խառնումների ժամանակ:
Առաջին խառնելուց 5-6 օր անց կատարվում է 2-րդ խառնումը, որի ժամանակ պետք է ավելացնել գաջ: Անհրաժեշտ է ջրել ամեն օր, մինչև հաջորդ խառնելը: Հերթական խառնումները կատարվում են 4-5 օր հաճախականությամբ: Կոմպոստավորման արդյունավետ իրականացման գործում շատ կարևոր է  խառնումների ժամանակ բուրտի ուղիղ պատերի ապահովումը: Գործնականում կոմպոստի պատրաստումը տևում է 3-4 շաբաթ: Պատրաստի կոմպոստը պետք է համապատասխանի հետևյալ ցուցանիշներին` հավասարաչափ  կառուցվածք, ծղոտը աննշան փայլով, խոնավ, ափում սեղմելիս` առաձգական, էլաստիկ: Կոմպոստը պատրաստելուց հետո տեղափոխում են  սնկանոցև լցնում դարակաշարերի կամ արկղների մեջ:  Գործնականում 1 մ 2 համար անհրաժեշտ է 100-120 կգ կոմպոստ:
Քանի որ սնկանոցում կարող են լինեն տզեր, սնկային ճանճի ձվեր, վնասակար սնկեր, ուստի դրանց ոչնչացման համար անհրաժեշտ է պաստերիզացիայի ենթարկել լցված կամերան +55-60 C-ի պայմաններում,  6-8 ժամվա ընթացքում, որից հետո սնկանոցը  աստիճանաբար սառեցվում է օդափոխման միջոցով: Երբ  սնկանոցի ջերմաստիճանը իջնում է մինչև 25-27 աստիճանի, կատարվում է սնկամարմնի ցանքը: Ցանվող սնկամարմնի 80 տոկոսը հավասարաչափ պետք է փռել կոմպոստի մակերեսին և խառնել նրա հետ 12-15 սմ խորությամբ, մնացած 20 տոկոսը շաղ տալ մակերեսին և թեթևակի տափանելով ամրացնել: Ցանքից հետո կոմպոստի մակերեսը ծածկում են թղթով և հաճախակի ջրում: 12-15 օր անց, երբ նկատվում է սնկամարմնի զարգացումը, անհրաժեշտ է հավաքել թուղթը և այրել, իսկ կոմպոստի մակերեսը ծածկել 2-3 սմ հաստությամբ հողաշերտով: Այդ նպատակով օգտագործում են  տարբեր հողատեսակներ` ավազային,կավային, կրային և տորֆ:  Քանի որ հանրապետությունում որպես ծածկոց օգտագոծվել է տորֆը,  նկարագրելու ենք օգտագործման եղանակը` տորֆը մաղել և ախտահանել 0.2 տոկոսանոց ֆոմալինով, ծածկել պոլիէթիլենային թաղանթով, պահել 24-28 ժամ, ապա 1-2 օր անց օգտագործել: Տորֆը պարբերաբար ջրել, այնպես, որ միշտ լինի խոնավ, բայց ոչ թաց վիճակում:  Այդ դեպքում սնկամարմնի աճը բավականին ակտիվանում է , և այն դուրս է գալիս հողի մակերես: Սնկանոցի ջերմաստիճանը իջեցվում է 15-16 C-ի, խոնավությունը` 80-90 տոկոսի: Կախված մշակության պայմաններից` շամպինիոնի պտղաբերությունը սկսվում է  տորֆոֆ ծածկելուց 18-40 օր անց:


To top