< ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ՃԻՇՏ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԲԱՐՁՐ ԲԵՐՔԻ ՍՏԱՑՄԱՆ ՀՈՒՍԱԼԻ ԵՐԱՇԽԻՔ
07.12.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԿԱՐՏՈՖԻԼԻ ՈՍԿԵՓԱՅԼ ՆԵՄԱՏՈԴ



Բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության տվյալների համաձայն (1997թ.) Եվրոպայի համար կարանտին նշանակություն ունեն ավելի քան 300 տեսակ վնասատուներ, հիվանդություններ և մոլախոտեր:
Հայաստանի Հանրապետությունում այսօրվա դրությամբ նշվել են 9 տեսակ կարանտին վնասատուներ և հիվանդություններ և 2 մոլախոտեր:
Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդը (Globodera rostochiensis (Woll)) հիվանդություն է: Հայրենիքը Հարավային Ամերիկան է: Ներկայումս տարածված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Բոլիվիայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Պերուում, Չիլիում, Էկվադորում, Մեքսիկայում, Պանամայում, Կոստա-Ռիկայում, Կանադայում, Հնդկաստանում, Դանիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Պակիստանում, Ֆիլիպիններում, Ճապոնիայում, Լիբանանում, Սուդանում, Կիպրոսում, Իսրայելում, Մալտայում, Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Չեխոսլովակիայում, Հարավսլավիայում, Իռլանդիայում, Իսլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Բելառուսիայում, Լյուքսենբուրգում, Լատվիայում, Լիտվայում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Էստոնիայում, Նորվեգիայում, Ֆիլանդիայում, Ալժիրում, Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, Մարոկկոյում, Արևմտյան Ավստրալիայում, Նոր Զելանդիայում:
Հայաստանում առաջին անգամ նկատվել է 1977թ. նախկին Արթիկի շրջանի Լուսակերտ, Հոռոմ և Սարատակ գյուղերի տնամերձերի կարտոֆիլի ցանքերում: Այժմ այն տարածված է Արթիկի, Վարդենիսի, Կրասնոսելսկի, Արագածի, Ապարանի, Աշոցքի, Մարտունու, Կամոյի, Սպիտակի, Տավուշի, Սևանի, Գորիսի նախկին շրջաններում:
Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդը զարգացման ընթացքում անցնում է ձու, թրթուր (չորս հասակ), հասուն (արու կամ էգ) փուլերը: Էգերը սկզբում լինում են սպիտակավուն, այնուհետև դեղնում են և ձեռք են բերում ոսկե դեղնավուն երանգ: Էգերը ունեն նաև ցիստային փուլ (մեռած էգեր), որոնք ներսից պարունակում են կենսունակ ձվեր և թրթուրներ: Յուրաքանչյուր ցիստ պարունակում է 50-ից մինչև 1000 ձու ու թրթուր: Արմատների վրա նրանք լավ տեսանելի են՝ լինում են ոսկեգույն, իսկ աշնանը՝ մուգ դարչնագույն: Ցիստերը գնդաձև են, երբեմն` տանձաձև, մարմնի երկարությունը 0.5-1մմ է, հետին մասը կլորավուն է: Ձվի միջին երկարությունը 0.1մմ է, իսկ լայնությունը՝ 0.045մմ: Արուները որդանման են, անգույն, 0.9-1.2մմ երկարության և 0.031-0.046մմ լայնության:
1-2.Հիվանդ կարտոֆիլը դրսից և ներսից, 3.առողջ կարտոֆիլի բույսը, 4.հիվանդ կարտոֆիլի բույսը, 5.էգերից մինչև ցիստեր, 6. ցիստի կտրվածքը, 7.նեմատոդի կողմից պատռված արմատը, 8.ցիստի պատռումը և ձվերի ու նեմատոդի թրթուրների դուրս գալը, 9. նեմատոդը և ձուն (խիստ մեծացված):
Գարնանը` նպաստավոր ջերմության և խոնավության պայմաններում, ինչպես նաև կարտոֆիլի արմատների կողմից արտադրվող խթանիչ նյութերի ազդեցության ներքո, ցիստերում գտնվող ձվերից դուրս են գալիս մեծ թվով թրթուրներ և բնակություն հաստատում արմատների վրա: Ցիստերից թրթուրների զանգվածային դուրս գալը համընկնում է կարտոֆիլի աճման շրջանին: Թրթուրները, մտնելով արմատի մեջ, կորցնում են շարժունակությունը, սնվում են բջիջների պարունակությամբ և վեգետացիայի ընթացքում անցնում են զարգացման երեք փուլ: Չորրորդ փուլի վերջում թրթուրներից ձևավորվում են էգեր կամ արուներ: Էգը պատռում է արմատի արտաքին շերտը և մնում նրա վրա գլխով կպած վիճակում, սնվում է բույսի սննդարար նյութերով: Արուները դուրս են գալիս հողի մեջ, որտեղ փնտրում և զուգավորվում են էգերին, որից հետո մահանում են, իսկ էգերը մնալով արմատների վրա ուժեղ ուռչում են, լցվելով ձվերով, ապա մահանում և վեր ածվում ցիստերի: Կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ ցիստերը հեշտությամբ անջատվում են արմատների վրայից և մնում են հողի մեջ: Այսպիսով, յուրաքանչյուր սերնդի զարգացում, կախված հողի ջերմությունից և խոնավությունից, կարտոֆիլի ցանքի ժամկետից տևում է 40-65 օր: Վեգետացիայի ընթացքում կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդը տալիս է մեկ, սակայն նպաստավոր պայմաններում կարող է զարգանալ նաև երկրորդ սերունդը:
Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդը լուրջ վնաս է պատճառում կարտոֆիլին: Միաժամանակ նշվել է նաև լոլիկի, բադրիջանի, և մորմազգի մի քանի տեսակ մոլախոտերի վրա: Ավելի հաճախ այդ հիվանդության օջախներ հանդիպում են տնամերձերում, հատկապես այն հողերում, որտեղ կարտոֆիլը աճեցվում է նույն տեղում անփոփոխ:
Նեմատոդից վնասված բույսերը դանդաղ են աճում, ունենում են բարակ ցողուններ, մանր տերևներ, որոնք վաղաժամ դեղնում են, որի հետևանքով հաճախ բույսերը չորանում են: Նեմատոդից վնասված բույսերի մոտ զգալիորեն ընկնում է պալարագոյացումը, իսկ հաճախ պալարներ չեն ձևավորվում:
Կարանտին սահմանափակումներ և պայքարի միջոցառումներ
Արգելվում է կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդով վարակված տնտեսություններից ազատ տնտեսություններ ներմուծել կարտոֆիլ և մորմազգի այլ բույսեր:
Անհրաժեշտ է հետևել վարակված օջախների վարակազերծման աշխատանքներին և թույլ չտալ այնտեղից մեքենաների և գործիքների հետ հողի տեղափոխումը նեմատոդից ազատ տարածքներ: Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից վնասվող սորտերը փոխարինել դիմացկուններով: Նեմատոդի դեմ պայքարում զգալի նշանակություն ունի ցանքաշրջանառությունը: Գարի, աշնանացան հացահատիկ, կարտոֆիլի նեմատոդադիմացկուն սորտ: Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդի դեմ պայքարելու համար կիրառել նեմատիցիդներ:


To top