< ԱՌՈՂՋ ՄԱՏՂԱՇԻ ԱՃԵՑՈՒՄ ` ԾՆՎԵԼՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՐԻՑ ԱՆՋԱՏՈՒՄ
07.12.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԱԽՏԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԲԵՐՔԻ ԵՐԱՇԽԻՔ



Բանջարանոցային մշակաբույսերը /լոլիկ, վարունգ, տաքդեղ/ շատ հաճախ վարակվում են սնկային, բակտերիալ, վիրուսային և ֆիտոպլազմային հիվանդություններով: Արդյունքում բույսերը վաղաժամ չորանում են, պտուղները` փտում, ընկնում է նրանց ապրանքային տեսքը, նվազում բերքատվությունը: Այս առումով հրատապ խնդիր է համարվում ինտեգրացված պայքարի մշակումն ու կիրառումը, որը հնարավորություն է տալիս նվազեցնելու վնասակար օրգանիզմների քանակը և վնասակարության չափը, մինչև տնտեսապես անվտանգ շեմը:
Ինտեգրացված պայքարի կարևոր օղակներից է հողի և սերմերի ախտահանումը: Բանջարաբուծության մեջ կարևոր նշանակություն ունի առողջ սածիլների ստացումը: Սածիլների մշակությունը սկսվում է ջերմոցների նախապատրաստումից: Մշակաբույսեր աճեցնելու համար օգտագործվող հողում, հատկապես ինտենսիվ ջերմոցային արտադրությունում, կուտակվում են վնասատու օրգանիզմներ, մանրէներ, բորբոսներ, նեմատոդներ, միջատներ և մոլախոտեր: Պայքարի ավանդական մեթոդներ են` գոլորշիով ախտահանումը, որը թանկ է, և ֆումիգացիան/ծխահարումը/ քիմիական նյութերի կիրառումը, ինչպես օրինակ մեթիլ բրոմիդի հետ միասին, որը վտանգավոր է և վնասակար շրջապատի համար:
Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ սոլարիզացիայի միջոցով կարելի է ստանալ ընդունելի արդյունքներ: Սոլարիզացիան` մի քանի շաբաթ շարունակ հողի արևային տաքացումն է թափանցիկ պոլիէթիլենային ծածկի տակ` տարվա ամենատաք ու ամենաարևոտ եղանակներին: Պոլիէթիլենային թաղանթ: Օգտագործել 2 մմ-ից ոչ ավելի հաստությամբ ամուր ձգված, թափանցիկ պոլիէթիլենային թաղանթ, որը պետք է հպվի հողի մակերևույթին: Եզրերը պետք է թաղել հողի մեջ 15 սմ խորությամբ` թաղանթը քամուց պաշտպանելու համար:
Թաղանթի վրա ցանկացած պատռվածքի կամ անցքի առկայությունը կառաջացնի ջերմության կորուստ, և միջոցառումը կլինի անարդյունավետ:  Հողի նախապատրաստումը: Քանի որ սոլարիզացիայից հետո հողի մշակման հետևանքով հողի մակերևույթին կարող են հայտնվել նոր սերմեր, հիվանդության հարուցիչներ, ուստի ջերմոցները ցանքից մի քանի օր առաջ /3-6 օր/ վարակազերծել Պրեվիկուրի 0,15 տոկոսանոց /10լ ջրին 15մլ/ կամ պղնձարջասպի 0,3 տոկոսանոց /10լ ջրին 30գ/ բանվորական լուծույթով` ոռոգման եղանակով: Քանի որ հիվանդությունների մեծամասնությունը փոխանցվում է սերմերի և տնկանյութի միջոցով, ուստի դրանց ախտահանումը /վարակազերծումը/ հանդիսանում է ագրոտեխնիկական պարտադիր միջոցառում:
Վիրուսային հիվանդությունների դեմ լոլիկի, վարունգի, տաքդեղի սերմերը պետք է ախտահանել թաց եղանակով, 1 տոկոս կալիումի պերմանգանատով` 30 ր տևողությամբ, ապա 20 ր լվանալ հոսող ջրով: Ախտահանված սերմերը չորացնել:Բանջարանոցային մշակաբույսերի բակտերիալ, սնկային և վիրուսային հիվանդությունների կանխարգելման պրակտիկ և կարևոր միջոցառում է ջերմային ախտահանումը:
Շատ հաճախ ֆերմերային տնտեսություններում օգտագործում են իրենց իսկ կողմից մշակված և ստացված սերմացուն /վարակված հիվանդությունների հարուցիչներով/ առանց ախտահանման, որը միևնույն ժամանակ խախտում է պայքարի ճիշտ տեխնոլոգիաների կիրառումը: Այս առումով մշակողներն ու վաճառողները վարակված սերմերի պաշարներ ունեն: Իսկ տաք, ջերմային բուժումն ամենաքիչն ապահովում է 90 տոկոս արդյունավետություն:
Ցանքից առաջ սերմերը /լոլիկ, տաքդեղ/ թանզիֆե տոպրակներով ընկղմել ջրային բաղնիքի մեջ, պահել 25-30 րոպե, որից հետո հանել և չորացնել: Դրանից հետո սերմերն ախտահանել նատրումի կամ կալցիումի հիպօքլորիդի 1 տոկոսանոց լուծույթում` 1 րոպե տևողությամբ, որից հետո հանել և չորացնել: Վարունգի սերմերի ախտահանումը կատարել 3 օր` ամեն անգամ պահելով մինչև 50 աստիճան C: Բանջարանոցային մշակաբույսերի բակտերիալ հիվանդությունների դեմ լավ արդյունք է տալիս անտիբիոտիկներից ստրեպտոմիցին սուլֆատը և տերմիցին HCl-ի լուծույթը /1լ գոլ ջրին 0,5 գ/: Սերմերը թանզիֆե տոպրակով ընկղմում են պատրաստի ջրային լուծույթի մեջ, պահվում 6 ժամ, հանվում ու բարակ շերտով փռվում չորացման:
Պայքարի կենսաբանական միջոցառումներից բանջարանոցային մշակաբույսերի վիրուսային հիվանդությունների դեմ լավ արդյունք է տալիս սերմի ախտահանումը սխտորի պատրաստուկով: 500 գ ծեծած սխտոը լցնել 2-3 լ ջրով տարայի մեջ, բերանը փակել, դնել մութ, տաք տեղ: Մեկ շաբաթ հետո թուրմը քամել և օգտագործել սերմի ախտահանման համար: Այդ նպատակով վերցնել 1 լ գոլ ջուր և ավելացնել 25-30 գ թուրմ: Թուրմի մեջ սերմերը պահել մեկ ժամ, որից հետո հանել և չորացնել: Հացահատիկային մշակաբույսերին մեծ վնաս են պատճառում սնկային հիվանդությունները /փոշեմրիկ, քարամրիկ, հելմինտոսպորիոզ, ֆուզարիոզ, սեպտորիալ և արմատային փտումներ/:

ք. Արմավիր, Աբովյան 71
հեռ. 0237 2 05 42, ֆաքս 2 26 09
E-mail   armavir-gamk@inbox.ru
www.armavir.agro.am


To top