< ԱՌՈՂՋ ՄԱՏՂԱՇԻ ԱՃԵՑՈՒՄ ` ԾՆՎԵԼՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՐԻՑ ԱՆՋԱՏՈՒՄ
11.07.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԱՌՈՂՋ ՄԱՏՂԱՇԻ ԱՃԵՑՈՒՄ ` ԾՆՎԵԼՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՐԻՑ ԱՆՋԱՏՈՒՄ



 Կյանքի առաջին օրերին մատղաշի մահացության պատճառներից ամենատարածվածը փորլուծն է: Փորլուծից  մահացության բարձր տոկոս է նկատվում հիմնականում մինչև 2 շաբաթական մատղաշի մոտ: Առավել մեծ հասակում անկումների հավանականությունը կրկնակի նվազում է, սակայն մնում է բավական բարձր այլ հիվանդությունների հետ համեմատած:

Փորլուծի տեսակները

Փորլուծների տարբերակման համար հիմնականում հիմք ենք ընդունում առաջացման պատճառը` սննդային (կաթի գերկերակրում, վատորակ կաթի փոխարինիչներ, կաթնային կերակրման կտրուկ դադարեցում և այլն) և վարակիչ (տես աղյուսակ 1): Բնականաբար նման դասակարգումը խիստ պայմանական է, քանի որ ցանկացած սննդային պատճառ կարող է նախատրամադրել վարակիչ գործոնի ակտիվացման, մասնավորապես մատղաշի մոտ E.coli-տարատեսակի մանրէներով պայմանավորված փորլուծերի զարգացմանը:

Ախտանշաններ

Փորլուծը  ջրալի կղանքային զանգվածի հաճախակի արտաթորումն է: Փորլուծի դեպքում հիվանդ հորթերի կղանքային զանգվածը 5-10 անգամ ավել ջուր է պարունակում, քան առողջ կենդանիների կղանքը: Այս ամենի հետ մեկտեղ կղանքային զանգվածը լինում է գարշահոտ, դեղին կամ սպիտակ գունավորման, արյան հետքերով: Հիվանդության զարգացմանը զուգահեռ, ավելանում են նոր կլինիկական նշաններ: Ստորև, ըստ հաջորդականության, նշվում են փորլուծի դեպքում զարգացող կլինիկական նշանները` թեթևից  ծանր աստիճանի անցմամբ.

 Հիվանդ հորթը.  

             ցուցաբերում է ախորժակի աստիճանական թուլացում;

            արտաթորում է ջրալի կղանք;

            ի հայտ են գալիս օրգանզիմի ջրազրկման նշաններ (փոս ընկած աչքեր, գզգզված

             մազածածկ, մաշկի էլաստիկության նվազում և այլն);

            մարմնի ծայրամասերը սառում են (կճղակներ, ականջներ);

            դժվարանում է պառկած տեղից վեր կենալ, քայլելիս երերում է;

            պառկած տեղից ի վիճակի չէ վեր կենալ(պրոստրացիա):

 Նպաստող գործոններ

Կյանքի առաջին օրերին փորլուծի առաջացման նպաստող հիմնական գործոններն են.

            Հորթի ցածր իմունային պաշտպանությունը

            Քիչ քանակի խժի կերակրում

            Խժով կերակրման ուշացում

            Վատ որակի խժով կերակրում

            Արտաքին միջավայրում վարակիչ գործոնների ուժը

            Հորթերի խմբակային պահվածքը

            Հակասանիտարական վիճակը

            Վատ օդափոխությունը

            Սննդային գործոններ

            Կաթով կամ նրա փոխարինիչներով գերկերակրումը

            Կերերի կտրուկ փոփոխությունը

            Սթրես

            Դժվար ծին (շնչահեղձություն)

            Տեղափոխություններ

            Աղմուկ

            Միջանցիկ քամիներ

 Հիվանդության հայտնաբերումը վաղ փուլում
Հիվանդության առաջացման նպաստող գործոնների իմացությունը օգնում է փորլուծը հայտնաբերել զարգացման վաղ փուլում, որը հնարավորություն է տալիս

համապատասխան միջոցառումների անցկացմամբ նվազեցնել անկումների հավանականությունը:

Հիմնականում կյանքի առաջին օրերին հորթերը օժտված են բարձր ախորժակով, հետևաբար կենդանիների առողջական վիճակի գնահատումը կարելի է կատարել անմիջապես կերակրման ժամանակ: Եթե հորթը չի ցուցաբերում քաղցի նշաններ ու հրաժարվում է կաթից, սա արդեն իսկ ահազանգ է ախտաբանական պրոցեսի զարգացման մասին: Հետևողական և ուշադիր ֆերմերը կարող է փորլուծի առաջացումից  նույնիսկ  1 օր առաջ  հայտնաբերել հիվանդ կենդանիներին:

Ստորև բերվում են այն ազդանշանային ախտանիշները, որոնք առաջացող փորլուծի մասին են վկայում.

•          Քթաշրթունքային հայելու չորություն

•          Քթանցքերում թանձր լորձ կամ չորացած լորձի կեղեր

•          Պինդ, ջրազրկված կղանքային զանգված

•          Ախորժակի բացակայություն

•          Թուլություն

•          Ռեկտալ ջերմաստիճանի բարձրացում (>39.30C)

 Եթե հորթի մոտ նշված ախտանիշներից որևէ մեկը նկատվում է, ապա հարկավոր է կերակրվող կաթի քանակը կիսով չափ պակասեցնել` ժամանակավորապես թեթևացնելով մարսողական համակարգի աշխատանքը: Նման պայմաններում, նույնիսկ փորլուծի առաջացման դեպքում, բուժման և կենդանիների ապաքինման արդյունավետությունը մի քանի անգամ ավելի բարձր է լինում:

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Կանխարգելման հիմնական ուղղվածությունը պետք է լինի մատղաշին ապահովել համապատասխան, բավարար մակարդակի պասիվ իմունիտետ (մորից խժով փոխանցված ) և բացառել նպաստավոր գործոնների ազդեցությունը:

Պատվաստումներ


Որպես կանոն, հորթի իմունային համակարգը մինչև 6-8 շաբաթական հասակը դեռևս լիարժեք ձևավորված չէ: Այդ իսկ պատճառով պատվաստումների նկատմամբ մատղաշի իմունային արձագանքը լիարժեք չի կարող լինել պատվաստանյութի նկատմամբ: Մայրերի պատվաստումը փորլուծ առաջացնող հարուցիչների նկատմամբ (մասնավորապես E. coli, Salmonella, Rotavirus) լայն տարածում չունի` ցածր արդյունավետության պատճառով, քանի որ գոյություն ունեն այդ հարուցիչների զանազան տարատեսակներ և խաչաձև իմունիտետը, այն էլ խժով փոխանցված, գրեթե չի գործում:
Տնտեսության կառավարման ճիշտ կազմակերպումը կարող է բացառել նախատրամադրող գործոնները և դրանով իսկ նվազագույնի հասցնել փորլուծի դեպքերը

  ՄԱՐՍՈՂՈՒԹՅՈւՆ

1) Կերակրել անհրաժեշտ քանակության և լավ որակի խիժ:

2) Կաթը և խիժը կերակրելուց առաջ պետք է տաքացվեն մինչև մարմնի ջերմաստիճան`38-390C, որը նպաստում է կաթնային մակարդուկի ձևավորմանը և լիարժեք մարսմանը:

3) Կերակրումը պետք է կազմակերպե օրեկան 2 անգամ և օգտագործված տարանները, շշերը և ծծակները յուրաքանչյուր անգամ պետք է ենթարկել սանիտարական մշակման և չորացման:

4) Օգտագործել միայն լավորակ կաթի փոխարինիչներ և նախապատվությունը տալ բարձր յուղայնությամբ (15-20%) փոխարինիչներին, որոնց մարսելիությունը ավելի բարձր է 10-15% յուղայնության փոխարինիչների համեմատությամբ:

5) Խուսափել գերկերակրումից:

ՊԱՀՎԱԾՔ և ԽՆԱՄՔ

6) Հորթերը պետք է գտնվեն անհատական վանդակ-տնակներում, պաշտպանված լինեն միջանցիկ քամիներից, բայց ապահովված լինեն բավարար օդափոխությամբ:

7) Հորթանոցները պարբերաբար ենթարկել ախտահանության: Ազատված վանդակ-տնակների ախտահանությունից հետո, 3 շաբաթից շուտ նրանցում նոր հորթեր չբնակեցնել: Ուղորդվել “ԲՈԼՈՐԸ ԲՆԱԿԵՑՎՈւՄ  ԵՆ/ԲՈԼՈՐԸ ԱՐՏԱՀԱՆՎՈւՄ ԵՆ սկզբունքով:

8) Խուսափել փորլուծով հիվանդ կենդանիներին համատեղ նույն շենքում (թեկուզ և մեկուսացված առանձնավանդակներում) առողջ հորթերի հետ պահվածքից:

9) Խուսափել այլ տնտեսություններից 3 շաբաթականից երիտասարդ մատղաշի ձեռքբերումից:

               Նյութը տրամադրել է`     Վահե Մկրտչյանը,

                   անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ

              Մշակումը և պատրաստումը`  ԳԱՀԿ Ուսուցման և նորարարական ծրագրերի բաժին

 

 


To top