< AM-01/12
07.06.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԲՆԱԿԱՆ ՑԵՈԼԻՏՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Հարկ է նշել, որ Հայաստանում դեռևս1972թ. հայտնաբերվել է բնական ցեոլիտների խոշորագույն հանքավայր, որի Նոր Կողբի տեղամասում, մի փոքրի տարածքում, կատարվել է մանրազնին հետախուզական աշխատանք և գնահատվել է բնական ցեոլիտների 13.8 մլն պաշար:



Մինչ հանքավայրում մանրազնին հետախուզական աշխատանքների սկիզբը, կատարվող նախնական փուլի հետազոտություններով պարզվել է, որ Նոյեմբերյանի ցեոլիտները պիտանի են`
1.    կատալիզատորներ և դրանց կրողներ պատրաստելու համար
2.    որպես աբսորբենտներ նավթամթերքների մաքրման համար
3.    ցեզիումի, ռոբիդիումի, լիթիումի, կալիումի և մի քանի ծանր մետաղների ընտրովի տարանջատման համար
4.    որպես հողի կառուցվածքը բարելավող և բերքատվությունը բարձրացնող նյութ, որը միևնույն ժամանակ հողից կլանում է ռադիոակտիվ ստրոնցիում և ցեզիումը, ինչպես նաև  մի շարք ծանր  մետաղների գերակշիռ մասը արգելակելով  դրանց թափանցումը բույսի մեջ, հետևապես և մարդու օրգանիզմ
5.    կարբամիդային խտանյութի /անասնակերի/  պատրաստման համար
6.    որպես աբսորբենտ բնական այրվող գազերի չորացման համար
7.    արդյունաբերություններից հեռացող գաղերից թթու տարրերը որսալու համար
8.    սինթետիկ մաքրող  նյութեր պատրաստելու համար
9.    այլ տիպի  /ավելի կարևոր և արժեքավոր/ ցեոլիտներ  /ֆոժազիտ, շաբազիտ, նատրիումական մորդենիտ և այլն/ սինթեզելու համար
10.    հոսքաջրերի մաքրման և խմելու համար պիտանի դարձնելու համար
11.    ատոմական էլեկտրակայաններից  հեռացող ջրերից ռադիոակտիվ թափոնները որսալու համար և այլն:

Բնական ցեոլիտները հատկապես կլինոպտիլոլիտ հանքանյութը իրենց յուրահատուկ կառուցվածքի և դրա հետ էլ կապված կլանող և մաքրող ունակությունների շնորհիվ շատ շուտով մեծ ճանաչում են գտնում երկիր մոլորակի մի քանի տասնյակ երկրների կողմից, որոնք էլ վաղուց ի վեր կիրառում են այդ ցեոլիտներն ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության մեջ: Հայաստանն այս գործում բավականին հետ է մնում չնայած նրան, որ 1982 և 1983 թթ Հայկական ԽՍՀ նախարարների խորհուրդը երկու որոշումներով ուրվագծել է բնական ցեոլիտների կիրառության հիմնական ուղղությունները Հայաստանում կիրառելու համար և պարտավորեցրել է համապատասխան նախարարություններին հետախուզել և ներդնել բնական ցեոլիտները արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ:
    1983 թ, N 548 որոշումով  Հայաստանում  բնական ցեոլիտների կիրառության հիմնական ուղղություններն են ճանաչվել`
    1. բնական ցեոլիտների կիրառությունը, որպես հավելում խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի և թռչունների կերաբաժնում
    2. բնական ցեոլիտների կիրառությունը հոսքաջրերի մաքրման համար և, Երևանի աէրացիայի կայանի  նստվածքների մշակման` արհեստական հողաշերտ ստեղծելու գործում որպես կատիոնատ
    3. բնական ցեոլիտների հումքային հենքի վրա դրանց սինթետիկ նմանակների ստեղծում, ցեոլիտների ներդրումը սինթետիկ լվացող նյութերի ստացման, գազերի, հեղուկների և յուղերի մաքրման և չորացման գործում, ինչպես նաև մոլեկուլյար մաղերի լայն տեսականու ստացման փորձարարական արտադրության կազմակերպում կատալիզատորներ և լցայութերի համար:
Ինչպես տեսնում ենք, Հայկական ԽՍՀ նախարարների խորհուրդը բնական ցեոլիտների կիրառության առաջին պլանի վրա էր դրել դրանց կիրառությունը, որպես հավելում` անասնակերի մեջ:
    Նոյեմբերյանի հանքավայրում բնական ցեոլիտները ներկայացված են հանքանյութային տարատեսակ կազմերով` անալցիմով, մորդենիտով և կլինոպտիլոլիտով, որոնցից արդյունաբերական նշանակություն ունեն վերջին երկուսը: Ցեոլիտները ներկայացված են շերտային մարմիններով, որոնք  հերթափոխվում են կրաքարերի և բենթոնիտային  կավերի շերտերով: Վերջիններս էլ ներկայացված են ինչպես անջատ, համարյա միահանքանյութային շերտերով, այնպես էլ ցեոլիտների հետ խառը` միևնույն շերտի տարածքում և ցեոլիտների  հետ խառը` միևնույն շերտի տարածքում և ցեոլիտներ հետ ունեն տարբեր քանակային հարաբերություն` 10-90 տոկոս:
    Հայտնի է, որ անասնակերին, որպես հավելում, Հայաստանի հանքավայրի բնական ցեոլիտներն առաջին անգամ փորձարկվել են ՌԴ Մոսկվայի  հազվագյուտ տարրերի հանքաբանության, բյուրեղաքիմիայի և երկրաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտում 1972-1973 թթ, իսկ հետո միահանքանյութային ցեոլիտային, այնպես էլ խառը` ցեոլիտ-բենթոնիտային տարատեսակները ՌԴ Վորոնեժ քաղաքում փորձարկվել են կարբամիդային  խտանյութեր /անասնակեր/ պատրաստելու գործում: Նշենք, որ բոլոր փորձարկումներն էլ  տվել են միանգամայն դրական արդյունքներ:
    Խոճկորների համար նախատեսված սպիտակուցային կերին սովորաբար ավելացվում է 10 տոկոս չգերազանցող ցեոլիտ, որը զգալիորեն նպաստում է կենդանիների քաշի աճին: Հայտնի են դեպքեր, երբ անասնակերին 5 տոկոս քանակությամբ կլինոպտիլոլիտ ավելացնելիս 11 շաբաթվա ընթացքում փորձակենդանիներ քաշը ստոգվող խմբի համեմատ աճել է 16 տոկոսով: Համեմատելով ՀՀ Նոյեմբերյանի, Ադրբեջանի Այ- Դաղի և Թուրքմենիայի Բադխիզի հանքավայրերի կլինոպտիլոլիտի խթանիչ ազդեցությունը խոզերի աճի վրա, պարզվել է, որ անասնակերին մինչև 5 տոկոս կլինոպտիլոլիտ ավելացնելիս փորձակենդանիների քաշն աճում է հետևյալ քանակներով`
    -Նոյեմբերյանի հանքավայրի կլինոպտիլոլիտ ավելացնելիս` 20-23 տոկոս
    -Այ Դաղի և Բադխիզի հանքավայրերի` 9-16 տոկոս:
Նոյեմբերյանի հանքավայրի ցեոլիտները /Նոր Կողբի տեղամասի/ փորձարկվել են նաև  խոշոր եղջերավոր կենդանիների վրա: Հայաստանի Աբովյանի շրջանի ՙԱբովյան՚ տնտեսությունում կատարված փորձերով  հաստատվել է, որ կթու կովերի օրաբաժնում  կլինոպտիլոլիտի օգտագործումը նպաստում է  կաթնատվության բարձրացմանը` 6.6-8.7 տոկոսով: Բացի այդ, անասնակերին կլինոպտիլոլիտի հավելումը կենդանիներին ազատու է /բուժում է/ քորից, ժանտախտից և այլ հիվանդություններից, որոնք հաճախ խիստ անհանգստացնում են մատղաշին, հատկապես մորից կտրվելու առաջին շրջանում:
    Մենք արդեն իսկ նշել ենք, որ լավագույն արդյունք ստացվում է անասնակերին ցեոլիտ հավելելիս, սակայն, Աբովյանի տնտեսությունում, մեզ համար անհասկանալի պատճառներով, ցեոլիտի քանակը խոշոր եղջերավոր կենդանիների կերաբաժնում կազմել է յուրաքանչյուր գլխի համար ընդհամենը 90 գ, որը լավագույն չափաքանակից` 5 տոկոսից, փոքր է մի քանի անգամ:
    Համոզված ենք, որ լավագույն չափաքանակով ցելոիտ հավելելիս կովերի կաթնատվությունը կարող էր աճել, ոչ ավել 5.6-8.8 տոկոսի չափով, այլ առնվազն 15-18 տոկոսի չափով:
    Դրա լավագույն ապացույցն են հետագայում Երզոովետ ինստիտուտի կողմից կատարված հետազոտությունները`
    Երզոովետ ինստիտուտի գիտնականների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքով պարզվել է, որ կթու կովերի կերաբաժնում օրական կերի տոկոսի չափով Նոյեմբերյանի բնական ցեոլիտ հավելելու պարագայում միջին կաթնատվությունն աճում է 12.5 տոկոսով:
    Խոշոր եղջերավոր կենդանիների ցեոլիտային հավելում /կերի 5 տոկոսի չափը/ պարունակող կերով կերակրելիս կենդանիների քաշի աճը կազմում է 16-20 տոկոս:
    Նշենք, որ նախկին ԽՍՀՄ-ի տարբեր հանրապետություններում կատարված հետազոտություններով հաստատվել է, որ բնական ցեոլիտները անասնապահության և թռչնաբուծության մեջ կիրառելիս /հավերին, ճտերին, խոզերի և խոշոր եղջերավոր կենդանիներին ցեոլիտով պատրաստված կերով կերակրելիս/ ստացվում է  զգալի տնտեսական արդյունք: Այսպես, 1 տ. ցեոլիտից ստացված տնտեսական արդյունքը կազմել է `
    ճտերի աճեցման համար` 623 դոլլար,
    ձվատու հավերին կերակրելիս` 15901 դոլլար
    խոշոր եղջերավոր կենդանիներին կերակրելիս` 705 դոլլար
    խոզերին կերակրելիս` 459 դոլլար:

Մինչ բնական ցեոլիտներ արդյունաբերական նշանակության հանքավայրերի հայնտնաբերումը, անասնապահության գործում կիրառվում էին բարձրորակ բենթոնիտային կավեր, որոնք հազվադեպ հանդիպող և խիստ կարևոր հումք են արդյունաբերության զանազան ճյուղերի համար: Բնական ցեոլիտներ ու ցեոլիտ-բենտոնիտային տարատեսակներն ամբողջությամբ փոխարինում են բարձրորակ` ալկալային տիպի, բենթոնիտներին և տալիս են ավելի բարձր տնտեսական արդյունք:
    Ցեոլիտների կիրառությունը ոչ միայն բարձրացնում է կենդանիների մսատվությունն ու կաթնատվությունը, այլև բարելավվում է կաթի և մսի որակը:
    Ընթերցողների մոտ կարող է առաջանալ մի շատ բնական հարց` ի±նչ են կատարում բնական ցեոլիտները կենդանիների օրգանիզմում, որ այդպիսի լավ արդյունքներ են ստացվում: Պատասխանենք.
    -առաջինը` ցեոլիտների բյուրեղային ցանցում առկա են ծակոտիներ /մասնագետները դրանց անվանում են պատուհաններ/, որոնց մեջ տեղադրված են կալիումի, կալցիումի, նատրիումի և մագնեզիումի կատիոններ.
Ցեոլիտները կենդանիներին են տալիս միկրոքանակներով այդ կատիոնները, որի հետևանքով էլ ծակոտինները /պատուհանները/ ազատվում ե դրանցից,
    -երկրորդը` ցոլիտները կենդանու օրգանիզմից նշված ծակոտիներով կլանում են կերի հետ թափանցած ծանր մետաղներն ու ռադիոակտիվ տարրերը և դուրս բերում դրանք կենդանու օրգանիզմից,
    -երրորդը` ցեոլիտները կլանում են կենդանու մարսողության ընթացքում առաջացող գազերը և դուրս բերում դրանք:
    Այս բոլորի արդյունքով կենդանիներն ազատվում են թունավոր ու խիստ վտանգավոր ծանր մետաղներց, ռադիոակտիվ տարրերից և գազերից, արգելակում են դրանց թափանցմանը, կենդանիներին ազատում են թունավորումներց և այլ հիվանդություններից և  նպաստում են կենդանիների նորմալ աճին:

ՀՀ ԳԱԱ. Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության
ինստիտուտի բաժնի վարիչ, երկրաբանական
գիտությունների դոկտոր
Հ.Ս. Ավագյան



To top