< AM-04/12
21.05.2012 Կատեգորիա Նոր տեխնոլոգիաներ (Արմավիրի ԳԱՄԿ), ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

/AM-03/12/

Պոմիդորի հայկական նոր սորտերի (Հայաստանի Հրաշք 476, Բերդավանի 400, Նվեր-ստուգիչ) մշակություն



Ծրագրի նպատակը: Ծրագրի նպատակն է նշված մարզի ֆերմերային տնտեսության պայմաններում ընտրել այն սորտը, որը կադապտացվի տվյալ հողակլիմայական պայմաններում և կապահովի բարձր արդյունավետություն ստուգիչի նկատմամբ:
Ծրագրի խնդիրները: Ծրագրի իրականացման համար առաջարկվում է Էջմիածնի տարածաշրջանում մշակել և ներդնել պոմիդորի Հայաստանի Հրաշք 476, Բերդավանի 400 սորտերը:
Ծրագրի  համառոտ բովանդակությունը: Ծրագրի նպատակն է կազմակերպել նշված սորտերի արտադրական սորտափորձարկում, շահագրգիռ ֆերմերներին ծանոթացնելու հայկական բարձր արդյունավետ, բարձրորակ, փոխադրունակ սորտերին, նրանց մշակության տեխնոլոգիայի առանձնահատկություններին, ներդրման արդյունավետությանը, որոնք կնպաստեն այս սորտերի նկատմամբ պահանջարկի մեծացմանը և հետագայում ներդրման տարածքների ընդլայնմանը ՀՀ-ն մարզերում: Հետազոտության արդյունքում կտրվի նշված սորտերի գնահատականը` ըստ ապրանքային բերքատվության, պտուղների փոխադրունակության, նրանց բարձր որակական ցուցանիշների, բույսերի կենսունակության, հիվանդությունների, վնասատուների նկատմամբ դիմացկունության և տնտեսական արդյունավետության:
Սորտերի նկարագրությունը.
Հայաստանի Հրաշք 476 - Միջահաս է, վեգետացիայի տևողությունը 112-115օր: Բույսերն ունեն դետերմինանտ աճ, փարթամ աճեցողություն, ուժեղ տերևապատվածություն, բարձր կենսունակություն և դիմացկունություն հիվանդությունների նկատմամբ: Պտուղները կլոր են, վառ կարմիր գույնի, 180-220 գրամ, ամուր, ունեն  բարձր փոխադրունակություն, չոր նյութերի պարունակությունը 6.5-7.0%: Բարձր ագրոտեխնիկայի կիրառման պայմաններում բերքատվությունը հասնում է 1000-1200ց/հա: Սորտն աչքի է ընկնում պտուղների բարձր համտեսությամբ, ինչպես սեղանի թարմ օգտագործման, այնպես էլ լավ հումք է վերամշակման համար:
Բերդավանի 400 - Միջահաս է, վեգետացիայի տևողությունը 115-120 օր: Բույսերն ունեն դետերմինանտ աճ, հավաք թուփ, պտուղները կլոր են, բաց կարմիր, 150-180 գրամ, փոխադրունակ: Չոր նյութերը պտուղներում կազմում են 6.5-6.8%: Բերքատվությունը 900-950ց/հա, համեմատաբար դիմացկուն է հիվանդություններին:
Մշակության տեխնոլոգիան: Աշնանը անհրաժեշտ է կատարել վար 25 սմ  խորությամբ: Վարի հետ միաժամանակ հող պետք է մտցնել գոմաղբ 35 տ/հա: Այնուհետև վաղ գարնանը կատարել կրկնավար, չիզել, հարթեցում: Ցանքից առաջ սերմերը ենթարկել թերմիկ ախտահանման 0,5 ժամ պահելով 40-500C ջրային բաղնիքում: Ցանքը կատարել արևային ջերմոցներում ավանդական եղանակով մարտի  երկրորդ տասնօրյակում: Սածիլումից մեկ շաբաթ առաջ դաշտը տեղագծել 90+70 սմ սխեմայով: Միջբուսային տարածությունը պահպանել 30-35 սմ: Սածիլները դաշտ տեղափոխել  մայիսի առաջին տասնօրյակում: Վեգետացիայի ընթացքում ոռոգումը  պետք է կատարվի 13-15 անգամ: Տնկելուց 20 օր հետո անհրաժեշտ է կատարել կուլտիվացիա, քաղհան, բուկլից, իսկ երկրորդ  քաղհանը  տնկումից 30 օր հետո: Առաջին սնուցումը կտրվի երկրորդ քաղհանից հետո: Անհրաժեշտ է բույսերը սնուցել ազոցեովիտով, սրսկիչով` օգտագործելով 3լ լուծույթ 3000մ2 հողատարածքի համար: Երկրորդ սնուցումը պետք է տալ պտղակազմակերպման փուլում ակոսներով ջրի հետ միասին: Վեգետացիայի ընթացքում կկատարվի նախազգուշական պայքար վնասատուների և հիվանդությունների  դեմ: Բերքահավաքը պետք է կատարել պարբերաբար, յուրաքանչյուր 7-10 օրը մեկ:

Իրականացման ժամկետը    Սկիզբը`    15 մարտի  2012թ.
                                            Ավարտը`  15 հոկտեմբերի 2012թ.

Ակնկալվող արդյունքները: Պոմիդորի Հայաստանի հաշք 476 և Բերդավանի 400 սոտերը ստուգիչի նկատմամբ կապահովեն 20-25% լրացուցիչ բերք, որը  ֆերմերային տնտեսությանը կապահովի հավելյալ եկամուտ:
Մեթոդաբանություն, տվյալների վերլուծություն – Փորձը դրվելու է 3000մ2 հողատարածքի վրա, 1 կրկնողությամբ: Ուսումնասիրվելու  են Հայաստանի հաշք 476 և Բերդավանի 400 սորտերը: Ստուգիչ է ծառայելու շրջանացված Նվեր սորտը: Վեգետացիայի ընթացքում կատարվելու են ֆենոլոգիական դիտումներ, բերքի հաշվառում: Տվյալները մշակվելու և ամփոփվելու են բերքահավաքից հետո:
Ծրագրի հետազոտողը Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի բաժնի վարիչ, գգթ Վազգեն Զուրաբյանն է, ինչպես նաև ԳԱՄԿ-ից մասնագետներ Ֆաիզո Օզմանյանն ու  Արայիկ Վարդանյանը: Ծրագիրն իրականացվում է Էջմիածնի տարածաշրջանի Ապագա համայնքում, ֆերմեր Խադմ Հասոյանի տնտեսությունում:


To top