< ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
14.05.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՄՈԽԻՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ



Արդի պայմաններում մեր հանրապետությունում հանքային պարարտանյութերի խիստ պակաս է զգացվում: Եթե նախկինում մեր հանրապետությունում  արտադրվում և դրսից ներմուծվում էր շուրջ 200 հազար տոննա պարարտանյութ /110-120 հազար տոննա ազոտական, 50-60 հազար տոննա ֆոսֆորական և 30-35 հազար տոննա կալիումական/, ապա այժմ հիմնականում ներկրվում է միայն ազոտական պարարտանյութ, այն էլ պահանջի 10-15 %-ի չափով: Այդ պատճառով էլ խիստ նվազել է միավոր տարածությունը տրվելիք սննդատարրերի քանակը, ընկել է հողերի բերրիությունն ու գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը:
    Ելնելով ստեղծված իրավիճակից` խորհուրդ է տրվում օգտագործել բոլոր հնարավոր միջոցները այս կամ այն ձևով լրացնելու սննդատարրերի պակասը: Դրանցից մեկն էլ մոխրի օգտագործումն է, որը որոշակի չափով գոյանում է գյուղացիական տնտեսություններում  օրգանական նյութերի այրման հետևանքով:
Մոխիրը իրենից ներկայացնում է օրգանական նյութերի այրման հետևանքով առաջացած զանգված, որն իր մեջ պարունակում է  զգալի քանակության սննդատարրեր` ֆոսֆոր, կալիում և բազմապիսի միկրոտարրեր: Մի խոսքով բոլոր այն տարրերը, որոնք  գոյություն ունեն բույսերի մեջ, բացի ազոտից, անցնում են մոխրի մեջ: Կախված օրգանական նյութերի տեսակային կազմից` մոխրի մեջ ֆոսֆորի և կալիումի քանակությունները կարող են տատանվել լայն սահմաններում: Այսպես, ցորենի ծղոտի մոխրում ֆոսֆորը կազմում է  6.0-6.5 %,  կալիումը  13.0-13.5 %, աշորայի ծղոտի մոխրում` համապատասխանաբար 4.5-5.0 և 16.0-16.5 %, արևածաղկի բույսերի մոխրում 2.0-2.5 և  35.0-37.0%: Խոշոր եղջերավոր անասունների գոմաղբի, տորֆի և տարբեր ծառատեսակների մոխրում նշված սննդատարրերի պարունակությունը զգալիորեն պակաս է /1.2-6.0 և 1.0-12.0%/: Մոխրի   կուտակման և պահպանման պայմանները առանձնապես բարդ չեն, ուղղակի դա պետք է կուտակել ծածկերի տակ ձյունից և անձրևաջրերից հեռու տեղերում:
    Մոխրի օգտագործման արդյունավետության պարզաբանման նպատակով մեր հանրապետությունում ուսումնասիրություններ չեն տարվել: Գոյություն ունեցող գրական աղբյուրները վկայում են, որ կախված մոխրի մեջ հիմնականում ֆոսֆորի և կալիումի պարունակությունից դրա օգտագործման նորմաները տարբեր են: Այսպես, ցորենի ծղոտի մոխրի նորման խորհուրդ է տրվում ընտրել 4.0 ց/հա, տարեկանի ծղոտի մոխրի նորման` 3.0 ց/հա, արևածաղկի մոխրինը` 2.0 ց/հա, գոմաղբի և փայտի մոխրինը` 5.0 ց/հա:
    Քանի որ, մոխրի քանակությունը սահմանափակ է, ուստի խորհուրդ է տրվում այն կիրառել շարահերկ մշակաբույսերի ցանքերում: Ընդ որում, այն պետք է կիրառել հողի հիմնական մշակության ժամանակ, ցանքից առաջ վարի տակ:


To top