< ԲՆԱԿԱՆ ԿԵՐՀԱՆԴԱԿՆԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
29.03.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ


Անասնաբուծության հիմնական նպատակն է ստանալ առավելագույն չափով արտադրանք` ամենաբարձր որակի ու ցածր ինքնարժեքով: Ուստի անասնաբուծության բնագավառում գործադրվող միջոցառումների գլխավոր խնդիրն է ռացիոնալ  կերպով կազմակերպել արտադրությունը և առաջին հերթին կենդանիների կերակրումը, պահվածքը և տոհմային  օգտագործումը` նպատակ ունենալով մեծ չափով բարձրացնել կենդանիների արտադրողականությունը և անասնաբուծությունից ստացվող արտադրանքը:
    Գործադրվող միջոցառումների արդյունքները գնահատելու համար անհրաժեշտ  է ունենալ կենդանիների մթերատվության գնահատման օբյեկտիվ տվյալներ և առաջին հերթին հաշվառման ճիշտ դրվածք: Կենդանիների մթերատվության հաշվառումը և ճիշտ գնահատումը մեծ նշանակություն ունի նախ` տնտեսությունը  պլանային եղանակով վարելու և տնտեսության ներսում հաշվառում կատարելու համար, երկրորդ` այդպիսի հաշվառումը  թույլ է տալիս կենդանիների ընտրությունը և զույգընտրությունը ճիշտ կերպով վարելու համար, երրորդ` բավականաչափ ճիշտ գիտենալով կենդանիների մթերատվության մեծությունը և նրա վրա ազդող գործոնների բնույթը` կարելի է տոհմային աշխատանքի միջոցառումների լրիվ կոմպլեքսի կիրառմամբ բարձրացնել մթերատվությունը: Ընտանի կենդանիների մեծ մասը մի քանի տեսակ արտադրողականություն ունեն: Այսպես` տավարը և գոմեշը տալիս են կաթ, միս, կաշի և կարող են որպես բանող ուժ ծառայել: Գյուղատնտեսական կենդանիների այդ բոլոր տնտեսական օգտակար հատկություններն  ունեն շատ բարդ  բնույթ և կախված են ինչպես  կենդանիների առանձնահատկություններից, այնպես էլ  արտաքին միջավայրի այն կոնկրետ պայմաններից, որոնց մեջ կենդանիները  զարգանում և օգտագործվում են: Քանի որ մթերատվությունը պայմանավորված է ժառանգականությամբ և միաժամանակ ունի մեծ փոփոխականություն, ապա ցեղերի կատարելագործման առաջ լայն հնարավորություներ  են բացվում կերակրման, պահվածքի և խնամքի համապատասխան պայմաններ ստեղծելու միջոցով էլ ավելի բարձրացնելու նրանց արտադրողականությունը: Միայն բարենպաստ  պայմաններում ստացված մթերատվությունը կարող է բնորոշել գյուղատնտեսական կենդանիների ուսումնասիրվող խումբը:
Ուրեմն տոհմային նպատակների համար պահվող կենդանու մթերատվությունը կարելի է գնահատել միայն կերակրման ու պահվածքի առավելագույն բարենպաստ պայմաններում:

    


To top