< Գյուղատնտեսական կոոպերատիվներ, (Ինչ է կոոպերատիվը)
29.03.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԿԱՐՏՈՖԻԼԻ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՏՆԿՈՒՄԸ



Մինչև  տնկման աշխատանքների սկսելը կարտոֆիլի տնկանյութը հարկավոր է հատուկ նախապատրաստել և դնել լուսակոփման: Դրա համար տնկանյութը պահեստներից հանելուց հետո  հարկավոր է տեսակավորել` խոտանել բոլոր նեխած, վնասված, հիվանդություններով  վարակված, բարակ և երկար  ծիլեր  տված պալարները: Տեսակավորած պալարները 2-3 շարքով դասավորել արկղերի մեջ և դնել լուսավոր տաք տեղում: Այս վիճակում 25-30 օր պահպանելուց հետո կարտոֆիլի պալարների վրա առաջանում են պալարներին ամուր կպած, կանաչ գույնի 1-0.5 սմ երկարությամբ  սաղմնային արմատներով  հաստ ծիլեր: Լուսակոփման  վերջում հարկավոր է նորից տեսակավորել ծլեցման դրված պալարները, առանձնացնել բոլոր ծլած պալարները և  դասավորել արկղներում: Տեսակավորված պալարները  տեղափոխել դաշտ և իրականացնել տնկման աշխատանքները: Ծիլերին վնաս չպատճառելու համար տեսակավորման և տեղափոխման աշխատանքները  կատարել զգուշությամբ: Շատ դեպքերում  պահեստավորման դրված տնկանյութի ծլարձակումը տեղի է ունենում պահեստում: Սա անցանկալի երևույթ է լուսակոփման դնելուց առաջ պետք է հեռացվի բոլոր կարգի ծիլերը:
Որպես տնկանյութ հարկավոր է օգտագործել  բարձր վերարտադրության, բերքատու հատկանիշներով օժտված, առողջ պալարներ: Արարատյան դաշտավայրի նախալեռնային պայմաններում կարտոֆիլի մշակման համար նպատակահարմար է ձեռք բերել էլիտա, վերարտադրության վաղահաս սորտերի սերմացու: Լուսակոփման դրված պալարները  տնկումից հետո  ծլարձակում են  շատ արագ` առաջին ծիլերը ի հայտ են գալիս տնկելուց 14-15 օր հետո, ծլարձակում են բոլոր պալարները, արագանում է պալարակազմակերպումը, բարձրանում է  բերքատվությունը:
Կարտոֆիլի տնկումը հարկավոր է իրականացնել օրգանական  սննդանյութերով` հարուստ  և փխրուն հողերում: Հարկավոր է նկատի ունենալ, որ միևնույն տեղում կարտոֆիլը  2 տարուց ավել չի կարելի տնկել, ինչպես նաև այն տարածքում, որտեղ նախորդ  տարում պոմիդոր է մշակվել: Կարտոֆիլի տնկումը պետք է կատարել վաղ գարնանը, երբ հողի ջերմաստիճանը 10-15 սմ խորության վրա 7-8 աստիճան է: Կարտոֆիլի տնկումը  տնամերձում բահերով  կատարելու դեպքում հարկավոր է պատրաստել իրարից 70-80սմ հեռավորությամբ, 12-15 սմ խորությամբ ակոսներ, նրանց մեջ փռել 3-4 սմ հաստությամբ փտած գոմաղբ կամ 1-2 սմ հաստությամբ կենսահումուս: Գոմաղբի  կամ կենսահումուսի  վրա ցանել մոխիր և իրարից 20-25 սմ հեռավորության վրա պետք է տեղադրել պալարները, փոքր պալարներն` երկուական, իսկ 50-80 գ քաշ ունեցողները` մեկական: Տեղադրելուց հետո պալարները  ծածկել  8-10 սմ հողաշերտով:


   


To top