< Միջոցառումներ
29.03.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Գյուղատնտեսական կոոպերատիվներ, (Ինչ է կոոպերատիվը)


Ներածություն
Գյուղատնտեսական կոոպերատիվները զարգացող և զարգացած երկրներում հաջողությունների և ձախողումների երկար պատմություն ունեն: Այդուհանդերձ, վերջին 150 տարիներին գյուղատնտեսական կոոպերատիվները աշխարհի տարբեր մասերում մեծ դեր են խաղացել գյուղատնտեսության զարգացման գործում:
Զարգացող երկրներում կոոպերատիվները, որպես գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործիք, ձևավորվեցին մինչև այդ երկրների անկախացումը: Կային բազմաթիվ հաջողված կոոպերատիվներ, բայց կային նաև ձախողվածներ: Ձախողման պատճառներից մեկն այն էր, որ հաճախ կոոպերատիվ հասկացությունը սխալ կերպով օգտագործվում էր գաղափարական և քաղաքական նպատակներով: Կառավարությունները փորձում էին աղդել և վերահսկել կոոպերատիվ շարժումը վերը նշված նպատակներով: Որպես արդյունք, շատ թույլ և անկայուն կոոպերատիվներ ստեղծվեցին: Որոշ զարգացող երկրներում դեռ պահպանվում են պետականորեն վերահսկվող կոոպերատիվների մնացորդները:
Կոոպերատիվի դերը պետք է դիտել որպես մասնավոր ձեռնարկատիրության այնպիսի ձև, որը պատկանում է իր անդամներին, համատեղ վերահսկվում է նրանց կողմից և ծառայություններ է մատուցում նրանց համար:
Կոոպերատիվների նպատակները հիմնականում տնտեսական են: Հեշտ գործ չէ կոոպերատիվի ստեղծումը և հաջող զարգացումը: Ընդհանուր առմամբ, դա ժամանակատար և բարդ գործընթաց է: Շուկայական պայմանները, կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև իրավական դաշտը պետք է նպաստեն կոոպերատիվների զարգացմանը: Դրա հետ մեկտեղ, կարևոր նախապայման են կառավարման հմտություններ և ունակություններ ունեցող ուժեղ առաջնորդների ընտրությունը և բավարար ֆինանսական ռեսուրսների առկայությունը:
Լայնորեն տարածված մոտեցում է կոոպերատիվները որպես աղքատության հաղթահարման գործիք դիտելը: Այս տեսակետը միանշանակ չի կարելի ընդունել: Պատմությունը ցույց է տվել, որ կոոպերատիվները հաճախ ամենահարմար կառույցները չեն աղքատ ֆերմերների առաջընթացի համար, քանի որ անվճարունակ անդամներն ի վիճակի չեն ի սկզբանե ֆինանսավորելու և զարգացնելու կոոպերատիվը: Սովորաբար միջին և մեծ ֆերմերներն են նախաձեռնում կոոպերատիվի ստեղծումը, որպեսզի հնարավորություն ունենան հաղթահարելու ինքնահաստատման, շուկայի նվաճման անխուսափելի դժվարությունները: Միաժամանակ, երբ կոոպերատիվը ստեղծվում և անցնում է նախնական զարգացման փուլերը, փոքր և ավելի աղքատ ֆերմերները միանում են կոոպերատիվին և օգտվում անդամության առավելություններից:
Շուկայամետ բարեփոխումների, սեփականաշնորհման և ապակենտրոնացման ներկայիս միտումների ազդեցության ներքո կոոպերատիվն իրավացիորեն դիտվում է որպես գյուղացիների տնտեսական նախաձեռնությունները կյանքի կոչող, կայուն զարգացում և արդյունավետ կառավարում իրականացնելու ամենահարմար կազմակերպական ձևը:
Ասվածի լավագույն վկայությունն է բազմաթիվ պետությունների, դոնոր և հասարակական կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության զարգացման գործում կոոպերատիվների կարևորության շեշտադրումը: Այդուհանդերձ, պետությունը չպետք է միջամտի կոոպերատիվների ստեղծմանը և կառավարմանը: Կառավարության խնդիրը դրանց ստեղծմանն աջակցող, իրավական և տնտեսական բարենպաստ միջավայր ձևավորող գործառույթների իրականացումն է:Գյուղատնտեսական կոպերատիվները կարող են կազմակերպվել ցանկացած կերպ: Չկա որևէ ՙդեղատոմսային՚ մոդել կամ կառուցվածք, որովհետև տարբեր երկրներում առկա են տնտեսական, հաստատակարգային (ինստիտուցիոնալ), սոցիալական և իրավական պայմանների բազմաթիվ տարբերություններ:


Կոոպերատիվի սահմանումը
Ամենապարզ սահմանմամբ` կոոպերատիվը ապրանքներ և ծառայություններ արտադրելու և մատակարարելու նպատակով կամավոր սկզբունքով ստեղծված տնտեսական միավոր է, որի անդամներն իրականացնում են կառավարումը և համատեղ բաժանում առաջացած ռիսկերն ու շահույթը:
Կոոպերատիվ շարժումը հզոր ուժ է և միջազգային մակարդակով ներկայացված է հանձինս Կոոպերատիվների միջազգային ալյանսի (ԿՄԱ): Վերջինս ավելի քան 100 երկրների 230 անդամ կոոպերատիվներին միավորող, կոոպերատիվների սկզբունքների պահպանմանը և կոոպերատիվ շարժման հեղինակության բարձրացմանը հետամուտ կառույց է:
Համաձայն ԿՄԱ-ի ձևակերպման, ՙԿոոպերատիվը այն մարդկանց ինքնավար ընկերակցություն է, որոնք կամավոր կերպով միավորվում են` համատեղ սեփականություն հանդիսացող և ժողովրդավարական ձևով վերահսկվող ձեռնարկության միջոցով իրենց ընդհանուր տնտեսական, սոցիալական և մշակութային կարիքներն ու ձգտումները բավարարելու համար՚:
Մեկ այլ լայնորեն օգտագործվող սահմանում 1987թ. տվել է ԱՄՆ գյուղդեպարտամենտը: Ըստ այդմ, ՙԿոոպերատիվը օգտագործողի սեփականությունը հանդիսացող, օգտագործողի կողմից վերահսկվող բիզնես է, որը օգուտները բաշխում է օգտագործման հիման վրա՚: Այս սահմանումն ընդգծում է կոոպերատիվների երեք  հիմնական հենասյուները` օգտագործողի սեփականությունը, օգտագործողի կողմից վերահսկողությունը և օգուտների համամասնական բաշխումը: Տվյալ դեպքում, որպես ՙկոոպերատիվն օգտագործող՚ նկատի է առնվում կոոպերատիվի անդամը, ով կոոպերատիվ կառույցն օգտագործում է իր նպատակների կենսագործման համար: ՙՕգտագործողի սեփականություն՚ սկզբունքը ենթադրում է, որ կոոպերատիվի անդամները մասնակցում են կոոպերատիվի միջոցների ստեղծմանը և այդ կազմակերպության սեփականատերերն են: ՙՕգտագործողի կողմից վերահսկողությունը՚ ենթադրում է, որ կոոպերատիվի անդամները մասնակցում են կառավարմանը ուղղակիորեն, այսինքն` անձամբ կամ անուղղակիորեն` իրենց ներկայացուցիչների միջոցով:
Ըստ ՀՀ քաղ. օրենսգրքի` ՙԿոոպերատիվ է համարվում քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը՚:
Ըստ Սպառողական կոոպերացիայի մասին ՀՀ օրենքի` ՙՍպառողական կոոպերացիան փայատերերի կամավոր միավորում է` իր անդամների կարիքները ապրանքներով և ծառայություններով բավարարելու, նրանց շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով՚:
     Այսպիսով, ինչպես տեսնում ենք, կոոպերատիվները հիմնված են փոխադարձ օգնության, ինքնապատասխանատվության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, համերաշխության և համախմբվածության արժեքների վրա:

Կոոպերատիվի 7 սկզբունքները

Կոոպերատիվների միջազգային ալյանսը 1995թ. հռչակել է հետևյալ յոթ սկզբունքները.
1.Կամավոր և բաց անդամություն: Կոոպերատիվները կամավոր կազմակերպություններ են, որոնք բաց են բոլոր այն անձանց համար, ովքեր ի վիճակի են ստանալու կոոպերատիվների ծառայությունները և պատրաստակամ են պարտավորություններ ստանձնելու որպես անդամ` առանց սեռային, սոցիալական, ռասայական, քաղաքական կամ կրոնական որևիցե խտրականության:
2.Անդամների կողմից կոոպերատիվի գործունեության ժողովրդավարական վերահսկողություն: Կոոպերատիվն իր անդամների կողմից վերահսկվող ժողովրդավարական կազմակերպություն է: Այսինքն` անդամները ակտիվորեն մասնակցում են կոոպերատիվի քաղաքականության մշակմանն ու որոշումների կայացմանը: Անդամների մեծ թվաքանակ ունեցող կոոպերատիվնրում անմիջական վերահսկողությունն իրականացնում են որոշակի կանոնակարգով ընտրված ներկայացուցիչները, ովքեր հաշվետու են կոոպերատիվի անդամների առջև: Որպես կանոն, կոոպերատիվներում անդամներն ունեն հավասար ձայնի իրավունք (մեկ անդամ, մեկ ձայն)
3.Անդամների տնտեսական մասնակցություն: Կոոպերատիվի անդամները նպաստում են կոոպերատիվի ունեցվածքի ձևավորմանը և հավասար իրավունքներ ունեն դրա օգտագործման նկատմամբ:
4.Ինքնավարություն և անկախություն: Կոոպերատիվներն իրենց անդամների կողմից վերահսկվող ինքնավար կազմակերպություններ են: Եթե կոոպերատիվը պայմանագրային հարաբերությունների մեջ է մտնում այլ կազմակերպությունների, այդ թվում` պետության հետ, ապա դա արվում է կոոպերատիվի ինքնավարությունն ու անկախությունը պահպանելու պայմանով:
5.Կրթություն, վերապատրաստում և տեղեկատվություն: Կոոպերատիվը կրթություն և վերապատրաստում է ապահովում իր անդամների, ղեկավարների և մասնագետների համար: Իր գործունեության մասին հրապարակայնորեն իրազեկում է հանրությանը և անհրաժեշտ տեղեկատվություն է ապահովում պարտավորությունների և օգուտների վերաբերյալ:
6.Համագործակցություն կոոպերատիվների միջև: Կոոպերատիվներն իրենց կանոնադրական խնդիրներն առավել արդյունավետ կերպով իրականացնելու, իրենց անդամների շահերին ծառայելու և կոոպերատիվ շարժումը հզորացնելու նպատակով համագործակցում են տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային համանման կառույցների հետ:
7.Համայնքի մասին մտահոգվածություն: Կոոպերատիվներն աշխատում են հանուն իրենց համայնքների կայուն զարգացման` համաձայն անդամների կողմից հաստատված քաղաքականության:
    Ինչպես նկատելի է, կոոպերատիվների տարբեր ձևերի սահմանները դժվար է որոշել, քանզի ներկայիս գլոբալացման և դինամիկ շուկայական զարգացման պայմաններում բազմաթիվ կոոպերատիվներ ձեռք են բերում բազմագործառութային բնույթ:

Գյուղատնտեսական կոոպերատիվների տեսակները

    Գյուղատնտեսական կոոպերատիվների շատ տեսակներ կան: Որոշ կոոպերատիվներ մեկ նպատակ են հետապնդում, օրինակ` ներդրանքների մատակարարում, որևէ եզակի մշակաբույսի արտադրություն կամ վաճառք: Այլ կոոպերատիվներ էլ ստեղծվել են որպես բազմաթիվ նպատակներ հետապնդող կառույցներ: Դրանք տարաբնույթ այնպիսի ծառայություններ են մատուցում իրենց անդամներին, ինչպիսիք են` վերամշակումը և պահեստավորումը, շուկայահանումը և վարկավորումը, լոբբինգը, խորհրդատվությունը և այլն:

Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնական ուղղություններն են`
1.    ներդրանքների մատակարարում - սերմերի, պարարտանյութերի և բուժանյութերի, մեքենասարքավորումների ձեռք բերում, արհեստական սերմնավորման կատարում և այլն
2.    գյուղմթերքի հավաքում և վերամշակում - պահեստավորում սառնարանային տնտեսություններում, սորտավորում և տեսակավորում, կաթնամթերքի արտադրություն և այլ վերամշակում
3.    արտադրված գյուղմթերքի շուկայահանում,
4.    ֆինանսներ - փոխառության միջոցների տրամադրում և լիզինգային ծառայությունների մատուցում,
5.    արտադրական սպասարկման ծառայությունների իրականացում:

Կոոպերատիվի ձևավորման ութ քայլերը

    Կոոպերատիվ հիմնելու համար հաստատված կանոններ չկան և ոչ էլ գոյություն ունի քայլերի լիարժեք մի ցանկ, որը հնարավոր լինի օգտագործել բոլոր իրադրություններում: Չմոռանալով այս նկատառումը, մենք առաջարկում ենք նախնական ութ քայլեր, որոնք ձևավորելու համար, ներառյալ ձեռնարկվելիք աշխատանքները և այն, թե ովքեր են կատարելու այդ աշխատանքները:  Կոոպերատիվ հիմնելու վերջնական նպատակին ավելի հեշտությամբ կարելի է հասնել այս նախնական քայլերը կամ ենթանպատակները իրականացնելու դեպքում: Այսպիսով, առաջարկվում է իրականացնել հետևյալ քայլերը.
1.    Նախաձեռնության զարգացում
2.    Գաղափարի քննարկում համայնքային ժողովում
3.    Նախաձեռնող հանձնաժողովի ստեղծում
4.    Հնարավորությունների ուսումնասիրություն և անդամների հարցումներ
5.    Կազմակերպության ձևի հիմնավորում
6.    Անդամների պարտավորվածության ապահովում
7.    Շահագրգիռ այլ կողմերի ներգրավում
8.    Կոոպերատիվի մեկնարկ
Բոլոր կոոպերատիվների ստեղծման ժամանակ կամավորությունը, պահանջվող
փաստաթղթերի փաթեթի առկայությունը, ստեղծման քայլերի հաջորդականության պահպանումը և նպատակների միասնությունը պարտադիր են:
    Փաստաթղթերի փաթեթը պետք է ներառի`
    Կոոպերատիվի կանոնադրությունը,
   Կոոպերատիվի անադամների ընդհանուր ժողովի արձանագրությունը,
    Երաշխավորող նամակ,
    Տուրքերի վճարման անդորրագրերը,
   Կոոպերատիվի անադամների ցուցակները,
   Կոոպերատիվի նախագահի վերաբերյալ տվյալները:


To top