< Միջոցառումներ
29.03.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՊՏՂԱՏՈՒՆԵՐԻ ԲՆԵՐԻ ՍՊԻՏԱԿԵՑՈՒՄ


Պտղատուների  տարիքի մեծացմանը զուգընթաց կեղևները սկսում են կռճռոտվել և չորանալ, բնի վրա առաջանում են ճաքեր, որոնք ջրի և սնկային հիվանդությունների ազդեցության տակ աստիճանաբար մեծանում և վեր են ածվում խոռոչների ու փչակների:
Հենց այն կնճռոտված, կիսապոկ կեղևները, խոռոչները և փչակները հարմար թաքստոցներ են հադիսանում հիվանդության հարուցիչների և վնասատուների համար: Այդ իսկ պատճառով  վաղ գարնանը հարկավոր է մաքրել ծառերի բների և կմախքային ճյուղերի հիմքերի վրա գտնվող փչակները, խոռոչները, չոր և կիսապոկ  կեղևները` պտղակերների, բնին վնասող վնասատուների ձմեռող թրթուրների, երկարակնճիթների  և տերևալվիկների հասունների, պտղատուների կարմիր և գորշ տզերի  ձվերի ոչնչացման նպատակով:
    Հատկապես խնամքով  պետք է մաքրել կորիզավոր տեսակների խեժակալումից հետո առաջացած խոռոչները: Բները և հիմնային ճյուղերը կիսապոկ կեղևներից  պետք է մաքրել բութ մետաղյա քերիչներով և քերիչ դանակներով: Բները քերում են անձրևից հետո, երբ չորացած կեղևը փափկում է: Բունը մաքրելիս ծառի տակ  սավան են փռում և մաքրած կեղևի մնացորդները  հանում են այգուց և այրում: Մաքրած բները և կմախքային խոշոր ճյուղերի հիմքերը սպիտակեցնում են թանձր կրակաթով: Այդ նպատակի համար 10 լ ջրին  հարկավոր  է   խառնել 2.5 կգ կիր և վրան ավելացնել այնքան թարմ գոմաղբ կամ կավահող, որ ստացվի թույլ մածուկ ծառին հեշտությամբ կպչելու համար:Այս միջոցառումը բնային վնասատուների նկատմամբ  ավելի արդյունավետ դարձնելու համար պատրաստած մածուկին  խառնել 150-200գ որևէ միջատասպան  թունանյութ` մետաֆոս, քլորոֆոս  կամ բենզաֆոսֆատ: Եթե կատարվելու է կամ արդեն կատարվել է պտղատուների վաղ գարնանային  բուժում նիտրոֆենով, ապա այս դեպքում  վերոհիշյալ  թունանյութերի  փոխարեն  մածուկին խառնում են   նախապես  գոլ  ջրի  մեջ լուծված 300 գ  պղնձարջասպ:
    Այգիներում ծառերի բունը և կմախքային ճյուղերի  հիմքերը ամբողջ տարին անհրաժեշտ է պահել ՙսպիտակ շապիկովՙ ծածկված: Այս միջոցառումը պահպանում է բունը նաև ցրտահարություններից, իսկ ամռանը` արևահարություններից:


To top