< ԵՐԻՑՈՒԿԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
29.03.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԱՅԳՈՒ ՏԵՂԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՎ ՀՈՂԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՏՆԿՄԱՆ ՀԱՄԱՐ



Առանձին պտղատեսակների համար տեղի  ճիշտ ընտրությունը հանդիսանում է  ապագա այգու նորմալ և բարձր բերքատվության բախտորոշ գործոններից մեկը: Տեղանքի ընտրության և այգու հիմնման ժամանակ թույլ տված սխալները  հետագայում գործնականում հնարավոր չէ ուղղել, քանի որ  այն կապված է լինում մեծ դժվարությունների ու ծախսերի հետ: Դրա համար անհրաժեշտ է նախ և առաջ նկատի ունենալ կլիմայական  պայմանները, բարձրությունը ծովի մակերևույթից, ռելիեֆն ու դիրքը, հողի մեխանիկական կազմն ու քիմիական բաղադրությունը, ոռոգման ջրի առկայությունը: Այգու տնկման համար ընտրված հողամասը պետք է  պաշտպանված լինի քամիների  ուժեղ հոսանքներից:
Մեր հանրապետության պայմաններում հնարավոր չէ լիարժեք այգի ունենալ առանց արհեստական  ոռոգման: Նախքան այգի հիմնելը անհրաժեշտ է  հուսալիորեն լուծել ոռոգման  ջրի հարցը և միայն վերջինիս ապահովվածության դեպքում կատարել ծառատնկումները: Շատ կարևոր է նկատի ունենալ հողի  բնական ջրաթափանցելիությունն ու ջրապահունակությունը: Կարևոր է նաև, որ միևնույն հողատարածության տարբեր մասերը նույն խոնավությունը չունենան:  Որպես կանոն` թեքության վերին մասը ավելի չորային  է լինում, քան ստորոտի հողը: Պտղատու ծառերի նորմալ աճի և բերքատվության համար  վճռական մշանակություն ունեն հողի որակը, նրա մեխանիկական ու քիմիական  կազմը, աղերի ու կրային մասի քանակությունը, օրգանական  նյութերի պարունակությունը:
Հայաստանի հողերը հիմնականում  չեզոք և հիմնային են, որոնց նկատմամբ ևս տարբեր պտղատու տեսակներ տարբեր պահանջներ են ներկայացնում: Օրինակ հիմնային հողերում  խնձորենին  ուժեղ հիվանդանում է քլորոզով, տանձենին` ավելի թույլ:  Մեր  հանրապետությունում մշակվող  պտղատու ծառերը լավ են աճում  և բարձր արդյունք են տալիս, եթե այգին հիմնվում է օրգանական նյութերով հարուստ հողատարածքներում:
Երբեմն  հողամասերում  հանդիպում են  ուժեղ կարբոնատային հողակտորներ, որոնք պետք է  մշակել ոչ թե սովորական  հիմնաշրջման գութաններով, այլ ուժեղ փխրեցուցիչներով, որպեսզի ներքևի կարբոնատային անբերրի շերտը միանգամից վերև  չհանվի: Պարզված է, որ չմշակված հողամասերում  նորատունկ ծառերի կպչողականությունը զգալի չափով ընկնում է: Ասենք նաև, որ քարը, խիճը, ավազը արգելակում են խոնավության գոլորշիացումը, կարգավորում, պահպանում են ջերմային ռեժիմը:
Արարատյան հարթավայրի կուլտուր-ոռոգելի հողերում, որոնք զերծ են քարերից ու կարծրացած շերտից, կարելի է խոր վար կատարել մեկ անգամ պարարտացնելով օրգանահանքային պարարտանյութերով:
Հողակտորը վարելուց հետո անհրաժեշտ է  լավ հարթեցնել, որպեսզի հետագայում համաչափ ջրվեն  այգու  բոլոր մասերը և  արդյունավետությամբ  կատարվեն այգու խնամքի աշխատանքները: Այգի հիմնելու համար հողի հիմնաշրջումը կամ խոր վարը  պետք է կատարել` աշնանային տնկումների դեպքում երկու-երեք ամիս առաջ, իսկ գարնանային տնկումների դեպքում` նախորդ աշնանը:
Միայն վերը նշված միջոցառումների լիակատար  կիրառման շնորհիվ բարենպաստ պայմաններ կստեղծվեն պտղատու ծառերի հաջող զարգացման համար, կապահովվի բարձր կպչողականություն, կստեղծվի լիարժեք այգի:


To top