< ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐԻ ԷՏԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
29.03.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԵՐԻՑՈՒԿԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Հայկական տարանունները - օշոշ, հավածաղիկ, արգանդախոտ, խնծադեղ, կոկոռճիկ, կուծուռի, լալապնդիկ։
Դեղատնային երիցուկը բարդածաղկավորների (Compositae) ընտանիքին պատկանող բուրումնավետ, միամյա բույս է։ Ունի մինչև 60 սմ բարձրություն։ Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորված։ Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող, բարակ, ճյուղավոր։ Տերևները դասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներով։Ծաղկային զամբյուղիկները խոշոր չեն, նստած են ցողունի գագաթներին և երկար ծաղկակիրների ճյուղերին։
Ծաղկազամբյուղի եզրային ծաղիկները վարսանդավոր են (իգական), լեզվակավոր, սպիտակ գույնի։ Ծաղկազամբյուղի ներքին ծաղիկները ոսկեդեղնավուն են, երկսեռ, ձագարա-խողովակաձև։ Ծաղկակիրը երկարակոնաձև է, ներսում դատարկ, մերկ, ծաղկման վերջում երկարում է։Երիցուկի պտուղը կորացած, հիմքում սեղմված, եռկողանի, գորշ կանաչավուն գույնի սերմիկ է։Բույսի բոլոր օրգաններն ունեն ուժեղ բուրումնավետ հոտ։
Դեղատնային երիցուկը ծաղկում է մայիս-սեպտեմբեր ամիսներին։ Պտուղները սկսում են հասունանալ հուլիս ամսին։ Բազմանում է սերմերով։ 1000 հատիկ սերմերի քաշը հասնում է 0,03-0,07գ։ Սելեկցիայի ենթարկված (պոլիպլոիդ) տեսակներինը` 0,075-0,08գ.։ Դեղատնային երիցուկը տարածված է ԱՊՀ եվրոպական մասի հարավային և միջին գոտիներում, Կովկասում, Միջին Ասիայում և Սիբիրի հարավային շրջաններում:
Բույսն աճում է փշատերև, խառը և լայնատերև անտառների բացատներում, ճանապարհների երկայնքով, անտառահատված մասերում, բնակավայրերում, այգիներում, ցանքատարածություններում։
Որպես մոլախոտ կարող է հայնվել տարբեր վայրերում, սակայն սովորաբար 1-2 տարուց հետո անհետանում է` չդիմանալով այլ տեսակի բույսերի մրցակցությանը։
Վայրի վիճակում դեղատնային երիցուկն ավելի հաճախ հանդիպում է Ուկրաինայում, Մոլդովայում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում։
Ծաղկաբույլերը հավաքում են ծաղկման սկզբում, երբ սպիտակ, լեզվակավոր ծաղիկները հորիզոնական են տեղավորված զամբյուղներում:
Ավելի ուշ հավաքելու դեպքում` զամբյուղները չորացման ընթացքում փշրվում են և հումքը կորցնում է իր ապրանքային տեսքը։Զամբյուղիկների հավաքումը կատարվում է չոր եղանակին, քանի որ անձրևից հետո, ցողի ժամանակ կամ մառախլապատ եղանակին հավաքված զամբյուղիկները վատ են չորանում և չորացումից հետո մգանում են։
Հավաքված հումքը չորացնում են բաց օդում, մինչև 5 սմ հաստությամբ շերտերով։ Չորացման ընթացքում խորհուրդ չի տրվում զամբյուղիկները շրջել, որպեսզի ծաղիկները չթափվեն։Լավ եղանակին հումքը չորանում է 5-7 օրվա ընթացքում։
Հումքի հոտն ուժեղ է, բուրումնավետ, համը` դառնավուն, համեմունքային։ Որպեսզի կատարվի դեղատնային երիցուկի ինքնավերարտադրություն, հումքի հավաքման ժամանակ, յուրաքանչյուր հատվածում, պետք է թողնել մոտ 20% լավ զարգացած բույսեր։
Ֆարմակոլոգիական հատկությունները: Երիցուկի եթերային յուղը որոշ չափով ուժեղացնում և խորացնում է շնչառությունը, հաճախացնում սրտի կծկումների ռիթմը, լայնացնում գլխուղեղի անոթները, ունի նաև ախտազերծող և հակաբորբոքային հատկություններ` ի շնորհիվ իր կազմի մեջ մտնող խամազուլենի։
Խորհուրդ է տրվում հյութն օգտագործել ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։ Գիշերը մեղրի և կաթնասերի հետ հյութի օգտագործումը նպաստում է խորը քնին։

Հակացուցում և հնարավոր կողմնակի ազդեցությունները
Երիցուկի եթերային յուղի բարձր չափաբաժինները կարող են առաջացնել գլխացավ և ընդհանուր թուլություն։Եթերային յուղն օգտագործում են լիկյորների, օծանելիքների, օդեկոլոնների, օճառների, քսուքների (կրեմ) արտադրության ժամանակ։Օգտագործում են որպես լուծիչ` հախճապակյա իրերը ներկելու ժամանակ։Ծաղիկներով կարելի է բրդե գործվածքները դեղին գույնով ներկել։Անասնաբուժության մեջ օգտագործում են երիցուկի թուրմը` աղիների կծկանքային ցավերի և գաստրոէնտերիտների դեպքում։Դեղատնային երիցուկը լավ է աճում պարարտացված թեթև և միջին կավային հողերում։ Աղքատ հողերում տալիս է ցածր բերք և ծաղկման շրջանը շատ կարճ է տևում։ Լավ կանխանշան է գոլորշին։


To top