< ՈՉԽԱՐՆԵՐԻ ՔՈՍ
29.03.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐԻ ԷՏԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ



Պտղատու ծառերի էտի և ձևավորման աշխատանքները  կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստակալը, սորտը, տնկման խտությունը, մշակության, պարարտացման,  ոռոգման,  հիվանդությունների  և վնասատուների դեմ պայքարի միջոցառումները: Ծառերը պետք է ձևավորել` թողնելով  5-7 ամուր կմախքային ճյուղեր, որը պետք է համապատասխանի պտղատեսակի և սորտի կենսաբանական առանձնահատկություններին և մոտ լինի նրա բնական կառուցվածքին Ծառերի սաղարթի բնական ձևերի և չափերի վերակառուցումը սկսվում է այգու տնկման առաջին տարվանից և ավարտվում 4-5-րդ տարում: Ծառերի ձևավորման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները` կենտրոնական  ուղեկցողի հետ սուր անկյուն կազմող ճյուղերը էտել` պահպանելով ուղեկցողի  իշխող դերը: Խորհուրդ է տրվում կիրառել ծառերի ձևավորման հետևյալ եղանակները`
գ    նոսր հարկային սաղարթ  ձևավորել խնձորենու, տանձենու, ծիրանենու և կեռասենու ծառերը
գ    բարելավված բաժակաձև սաղարթ  ձևավորել դեղձենին
գ    կիսատափակ սաղարթ  ձևավորել սալորենու, դեղձենու և խնձորենու թույլաճ ծառերը:
Էտը և ձևավորումը նպատակային այն միջոցառումն է, որը անմիջապես ներգործում  է ծառի վրա և հնարավորություն է տալիս սննդանյութերի նպատակահարմար  բաշխումը ծառի աճող և պտղաբերող  օրգանների միջև, ուժեղացնում երիտասարդ ծառերի աճակալող ճյուղիկների և պտղագոյացումների զարգացումը, արագացնում նրանց անցումը ապրանքային բերքատվության շրջանը, ակտիվ վիճակում պահպանում  ծառերի աճեցողությունը ու բերքատվությունը:  Գոյություն ունեն էտի մի քանի ձևեր և շիվերի կարճացում, նոսրացում, սաղարթի իջեցում և երիտասարդացում, որոնք կարող են կիրառվել առանձին և միաժամանակ: Շիվերի կարճացումը լինում է թույլ, միջակ և ուժեղ: Ուժեղ կարճացման դեպքում աճը ուժեղանում է,  սակայն տեղի  է ունենում բերքի կորուստ: Նոսրացմամբ կարգավորվում է ճյուղերի համաչափ դասավորվածությունը  և բարելավվում է սաղարթի կենտրոնական մասի լուսավորությունը:  Ընդ որում, այս դեպքում,  սնկային հիվանդությունները  թույլ են զարգանում, պտուղները ունենում են նորմալ մեծություն ու սորտին համապատասխան գունավորում և որակ: Էտը, ըստ կատարման ժամկետի, լինում է ձմեռային և ամառային: Ձմեռային էտը կատարում են այն շրջաններում, որտեղ խիստ ցրտեր  չեն լինում կամ էտը կատարում են ուժեղ ցրտերից հետո: Ամառային էտի նպատակն է կարճացնել և նոսրացնել կանաչ շվերը և հոռաշիվերը: Էտը պետք է կատարել սուր գործիքներով, բողբոջից 1-1.5 սմ ներքև, իսկ վերքերին քսել այգու մածիկ` խուսափելով բութակներից:
    Վերջերս արտադրության մեջ օգտագործվում է շպալերային այգի հասկացողությունը, որը կիրառում են ցածրաաճ  պատվաստակալների վրա աճող  պտղատու  ծառերի նկատմամբ: Փորձը ցույց է տվել, որ ցածրաաճ պատվաստակալների վրա հիմնված տնկարկները տնտեսապես օգտակար են, քանի որ միավոր տարածությունից ավելի արագ և առատ բերք է ստացվում: Այդպիսի այգիներում ծառերը խիտ տնկելիս սաղարթն ունենում է 2.5-3 մ տրամագիծ, որով և հեշտանում են մշակության և բերքահավաքի  աշխատանքները: Այսպիսի ծառերը ձևավորել առաջին տարին, տնկին էտել 70-75 սմ բարձրությամբ, որից առաջացած  6-8 շիվերից երկրորդ տարվա գարնանը հեռացվում են  կենտրոնական ուղեկցողը և դեպի վեր ձգվող շիվերը, մնացածները կարճեցվում են: Այդ տարում ստացվում է առաջին բերքը, իսկ 4-րդ տարում  կանոնավորվում է աճը ու պտղաբերումը: 5-6 տարում ստացվում են հավաքված թփաձև, 2-2.2 մ բարձրությամբ և 1.5-2 մ  տրամագիծ ունեցող ծառեր: Առանձին ծառատեսակներ պահանջում են յուրահատուկ էտ  և ձևավորում:
   
                                  


To top