< ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՋԵՐՄԱՏՆԵՐՈՒՄ
29.03.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Դանդուռը (պորտուլակ) մոլախոտ չէ, դեղ է




Դեռևս Հիպոկրատի ժամանակներից դանդուռն օգտագործել են անքնության դեպքում, թունավոր օձերի կծելուց առաջացած վերքերը բուժելու, և առհասարակ` վերքեր բուժելու համար: Այն օգտագործվում է նաև մեղվի խայթոցի դեպքում ու դիզենտերիայի բուժման համար: Դանդուռի վերգետնյա հատվածը սպիտակուցներ, շաքար, տարբեր մակրոէլեմենտներ է պարունակում` կալցիում, մագնեզիում, նատրիում, կալիում, օրգանական թթուներ, ալկալոիդներ, սապոնիններ, գլիկոզիդներ, նորադրենալին եւ բազմաթիվ վիտամիններ: Դանդուռի տերևները պարունակում են մոտ 300 գ վիտամին C, այլ վիտամիններ` E, PP, կարոտին, դոպամին, օրգանական թթուներ, հանքային աղեր, եւ այլն: Դանդուռի` աղցանների, ապուրների տեսքով հաճախակի օգտագործումը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակությունը, նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացումը: Թարմ բույսը օժտված է հակաբորբոքային, միզամուղ, լեղամուղ, շաքարի քանակությունը որոշակիորեն նվազեցնող հատկություններով: Դանդուռի թարմ բուսահյութը օգտակար է երիկամների բորբոքային հիվանդությունների, լյարդի և միզապարկի լորձաթաղանթի համար:
Այնպես որ, օգտակար են դանդուռի և սերմերը, և ցողունը, և տերեւները, և ծաղիկները: Գիտական բժշկության մեջ դանդուռի սերմերն ու բույսը օգտագործվում է որպես գլիստ տեսակի ճիճուների դեմ պայքարող միջոց: Դանդուռը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Դանդուռի թարմ հյութն ու ջրաթուրմն ընդունում են աչքի հիվանդության ժամանակ: Այս բույսը շատ հայտնի է դարձել հատկապես Կալիֆոռնիայի 1849թ. ոսկե տենդի ժամանակ, երբ թվով 10.000 ոսկի փնտրողների մոտ ցինգա էր առաջացել: Մահից փրկվել հաջողվեց միայն նրանց, ովքեր իրենց սննդի մեջ սկսեցին դանդուռ օգտագործել: Բացի միզամուղ հատկություններից, դանդուռն ունի հակաբորբոքային նշանակություն: Ժողովրդական բժշկության մեջ դանդուռն օգտագործում են մի շարք հիվանդություններ բուժելու համար:
Դանդուռի բուն հայրենիքը Հնդկաստանն է համարվում, չնայած այն մեծ տարածում ունի տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ճապոնիայում այն օգտագործվում է որպես միզամուղ եւ հակաբորբոքային միջոց: Ինչպես նաեւ՝ օգտագործվում է լյարդի եւ երիկամների հիվանդությունների, հոնորեայի, սիֆիլիտիկ արտրիտի, ավիտամինոզի, պարալիչի, ինֆեկցիոն ծագում ունեցող հիվանդությունների դեպքում: Թարմ հյութը օգտակար է աչքի հիվանդությունների դեպքում: Որոշ երկրներում այն օգտագործվում է որպես սիրտ-անոթային հիվանդությունները ապաքինող միջոց: Սերմերի ջրաթուրմն օգտակար է ստամոքսի խանգարումների եւ պսորիազի դրսեւորումների դեպքում:
Ի դեպ, հին եգիպտացիները թարմ դանդուռը մշտապես օգտագործել են սննդի մեջ: Հիերոգլիֆներում նույնիսկ այն հիշատակվում է` Մակխ-մակայ անվամբ: Հնագույն բժշկության մեջ դանդուռն իր ուրույն տեղն է ունեցել` նաեւ գլխացավերի, կոնյուկտիվիդի, արյունաթքության, ճիճուների, ստամոքսային հիվանդությունների բուժման համար: Արաբների մոտ նույնիսկ լեգենդ կա, ըստ որի` Մոհամեդը դանդուռի միջոցով բուժել է ոտքերի հիվանդությունը` քայլելիս ոտքերը հպելով դանդուռի տերեւներին: Արաբ բժիշկ Իբն Էլ-Բենտերը դանդուռով բուժել է լյարդի, երիկամների հիվանդությունները եւ շաքարախտը: Այն օգտագործվել է նաեւ որպես արյունաստեղծ միջոց: Դանդուռի թուրմը (1 ճ/գ չոր բույսի վրա լցնել 200 մլ եռջուր, 1 ժամ թրմել եւ թողնել սառչի) խորհուրդ է տրվում տղամարդկանց` սեռական անկարողությունը բուժելու համար: Թուրմը պետք է խմել օրը 3-4 անգամ` 2 ճ/գ չափով:



To top