< ԲԱՆՋԱՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՓԱԿ ԳՐՈՒՆՏԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
29.03.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՋԵՐՄԱՏՆԵՐՈՒՄ



Փակ գրունտում բանջարանոցային մշակաբույսերից բարձր բերք ստանալու գործում կարրևոր  նշանակություն ունի նախապատրաստական աշխատանքների ճիշտ և ժամանակին կատարումը:
Մինչ վեգետացիայի սկսվելը, պետք է ավարտված լինեն ջերմատնային բոլոր տիպի կառույցների  վերանորոգման և գրունտի ախտահանման աշխատանքները` նախապատրաստվեն գրունտը, սերմերը, պարարտանյութը և թունաքիմիկատները:: Հատկապես ձմռանը կարևոր նշանակություն ունի ապակիների մաքրությունը: Ոչ մաքուր ապակիներն ավելի քան  40-50 տոկոսով նվազեցնում են լույսի պայծառությունը, որը բացասաբար է ազդում բույսի աճման և զարգացման վրա, իջեցնում հիվանդությունների նկատմամբ բույսերի դիմադրողականությունը, բերքատվությունը և որակական ցուցանիշները: Այդ պատճառով էլ ջերմատների ապակիները հարկավոր է պարբերաբար լվանալ թե ներսի, թե դրսի կողմից: Ջերմատան ապակիների լվացումից հետո անհրաժեշտ է փակելլ դռների և պատուհանների վրա եղած բոլոր անցքերը, փոխել ջարդված ապակիները:

Հողախառնուրդի պատրաստումը:
Ծածկված  գրունտի պայմաններում կարևոր նշանակություն ունի մշակաբույսերի  սննդային ռեժիմի  կարգավորումը: Հատկապես ուշադրություն պետք է դարձնել  ջերմատնային գրունտի  հողախառնուրդների  ընտրության և օգտագործման վրա, այն հաշվով, որպեսզի բույսերն ապահովվեն սննդով, բարենպաստ պայմաններ ստեղծվեն դրանց արմատային համակարգի բնականոն աճի ու զարգացման համար:
Ջերմատներում բույսերն աճում են նախապես պատրաստված հողախառնուրդում, որը պետք է ունենա համապատասխան ֆիզիկոքիմիական  կազմ, օժտված լինի բարձր կլանողականությամբ, օդաթափանցիկությամբ, խոնավունակությամբ, միևնույն ժամանակ պարունակի բույսերի համար բավարար քանակությամբ մատչելի սննդանյութեր:
    Հողախառնուրդը  աննպատակ, ինչպես նաև երկար տարիների օգտագործման հետևանքով կորցնում է արժեքավոր բոլոր հատկությունները: Ահա թե ինչու հողն անհրաժեշտ է ամեն տարի թարմացնել:
    Ջերմատան հողախառնուրդը պատրաստվում է հետևյալ բաղադրամասերից` հող, տորֆ և ավազ: Քանակական հարաբերությունները պայմանական են և  կախված են տեղի պայմաններից, տնտեսության հնարավորություններից, մշակաբույսի առանձնահատկություններից:
    Պարզվել է, որ բարձր ֆիզիկոքիմիական հատկություններով օժտված հողախառնուրդ պատրաստելու համար հարկավոր է վերցնել 50 տոկոս տորֆ, 30 տոկոս ճմահող,  20 տոկոս բուսահող և 1 մ3 զանգվածին ավելացնել 3-10 մմ մեծության` 0.4 մ3 հրաբխային խարամ կամ պերլիտ: Վերջիններս բարձրացնում են հողախառնուրդի օդաթափանցիկությունը և կլանողականությունը, երկարացնում ջերմատնային գրունտի օգտագործման ժամանակահատվածը: Տորֆը նույնպես ունի մեծ կլանողական հատկություն, ուստի պարարտանյութերի մեծ չափաքանակների ներմուծման ժամանակ հողային լուծույթի խտության  բարձրացման վտանգ չի  առաջացնում:
    Ջերմատնային հողախառնուրդի պատրաստման ժամանակ բաղադրամասերի ճիշտ ընտրությունը, ջրաթափանց ենթահողային շերտի առկայությունը, մշակվող մշակաբույսերի սնման համակարգի ճիշտ օգտագործումը, գրունտի պարբերաբար թարմացումը հնարավորություն են տալիս երկարացնել  հողախառնուրդի օգտագործման ժամանակաշրջանը:

Գրունտի ախտահանումը
Բանջարանոցային մշակաբույսերի երկարատև  վեգետացիոն շրջանը, օդի բարձր ջերմությունն ու խոնավությունը նպաստում են սնկային, բակտերիալ և վիրուսային հիվանդությունների հարուցիչների, ինչպես նաև վտանգավոր  վնասատուի` գալլային  նեմատոդի զանգվածային զարգացմանը:
Ջերմատնային  պայմաններում մշակվող բույսերը հիվանդություններից և վնասատուներից զերծ պահելու և բերքատվությունը բարձրացնելու համար նախքան ցանքի և սածիլման աշխատանքներն սկսելը, կարևոր և անհրաժեշտ պայմաններից է ախտահանման աշխատանքների կիրառումը:
          Նախքան գրունտի աշխատանքների ձեռնարկումը, անհրաժեշտ է ախտահանել ամբողջ ջերմատան տարածքը և շրջակայքը:
         Նախ` անհրաժեշտ է ջերմատնից հեռացնել բուսական մնացորդները, հողը վարել երկարանիվ տրակտորով, որին կցված է կուլտիվատոր կամ հողը լավ փորել և փխրեցնել ( վարի խորությունը պպետք է հասնի 30սմ): Ջերմատան պատերը, դռները, ապակիները,  ճանապարհները, գույքը, ջերմատան շրջակայքն ախտահանել 5-10% ֆորմալինի լուծույթով:
        Ոստայնատզի, ձմեռող ձվերը, լվիճները, ջերմատնային սպիտակաթևը ոչնչացնելու նպատակով սրսկել հետևյալ նյութերի լուծույթներից որևէ մեկով` ակարին ԽԷ(2գ/լ), ակտելիկ ԽԷ(500գ/լ), տալստար ԽԷ(100գ/լ):
          Ջերմատնային գույքը կարելի է ախտահանել կալիումի պերմարգանատի 5% լուծույթով: Ախտահանվող մասերը առատորեն սրսկել և լավ թրջել լուծույթով:
          Ախտահանման արդյունավետ եղանակ է համարվում նաև ջերմատների ծխեցումը ծծմբի գազով: Նախքան ծծմբի այրումը, ջերմատան պատուհաները, դռները և ճեղքերը պետք է հերմետիկ փակել: Երկու օր  պահելուց հետո տարածքը օդափոխել` մինչև հոտի լրիվ ցնդելը: Հողի ախտահանման արդյունավետ եղանակը` գոլորշով ախտահանումն է   (շոգեհարման միջոցով):
         Ախտահանման այս եղանակը կիրառելու համար հողը պետք է նախօրոք վարել, այնուհետև ծածկել ջերմադիմացկուն հատուկ` պոլիցինիլքլորիդային, կամ պոլիեթիլենային թաղանթով, որոնք ունենում են 3.6մ լայնություն և 40մ երկարություն: Թաղանթի եզրերին դնում են ավազով լցված պարկերը, իսկ գոլորշին կաթսայատներից` E-1 տիպի հատուկ խողովակներով, 2.5-3 մթն. ճնշման ազդեցության տակ մտնում է ջերմատուն: Խողովակաշարն ունի մանր անցքեր, որոնցով  հողին է տրվում այնքան ժամանակ, մինչև 30սմ խորությունում հողի ջերմաստիճանը հասնում է 85 C-ի: Այս ռեժիմը պահպանվում է մինչև 1 ժամ, իսկ ընդհանուր գործընթացը տևում է 8-9 ժամ, որը կախված է հողի կառուցվածքից, խոնավությունից, հերմետիկ փակվելուց, կաթսայատան անխափան աշխատանքից: Հողի հնարավորինս չոր լինելը նպաստում է վառելանյութի խնայմանը: Անհրաժեշտ է այս մեթոդով շոգեհարել ջերմատան ամբողջ գրունտը:
         Հողը գոլորշիով ախտահանելուց հետո պետք է ջրախեղդ անել` մաքրելու համար ավելորդ աղերից: Վերջինի տևողությունը կախված է ջրի որկից: Որքան բարձր է ջրի որակը, այնքան կարճ է ջրախեղդ անելու տևողությունը: Դրանից հետո հողի EC-ն պետք է փոքր լինի 1.5-ից:
         Այն ջերմատնային տնտեսությունները, որոնք հնարավորություն չունեն գրունտը գոլորշիով ախտահանելու, պետք է այն իրագործեն քիմիակա նյութերով կամ գոլորշի արտադրող հատուկ D-721 մեքենայով, որի արտադրողականությունը կազմում է 900կգ:
          Ախտահանիչ պատրաստուկներից արդյունավետ է վիդատը (օկսամիլ) (100գ/ք.մ): Մինչև սածիլումը կամ ցանքը, վիտադի հատիկները մեքենայի օգնությամբ ցրում են հողի մակերեսին, այնուհետև 5սմ խորությամբ մտցնում հողի մեջ, և 20 օր հետո սկսում սածիլման աշխատանքները: Պատրաստուկի մնացորդները հեռացնելու նպատակով արգելվում է այդ շրջանում տաքացնել հողը: Սածիլումից 10 օր առաջ, օգտագործված պատրաստուկների վերացման համար հողը փխրեցնում են ու ջրում: Քիմիական ախտահանման ժամանակ պետք է խստորեն պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները: Պատրաստուկների հետ աշխատող անձինք պարտադիր պետք է կրեն կոմբինիզոն կամ խալաթ, գլուխներն ու ձեռքերը ծածկեն, օգտագործեն շնչադիմակներ:
         Ոչ պակաս արդյունավետ է նաև հողի ախտահանումը սև սինթետիկ թաղանթների օգնությամբ: Այս դեպքում հողը վարվում է 30սմ խորությամբ, ջրվում և անմիջապես հերմետիկ ծածկվում սև թաղանթով` 15-20 օր, որից հետո բացում են և նորից վարում: Պետք է նշել, որ այս ախտահանումը նպատակահարմար է ամռան ամիսներին, երբ ջերմատան ջերմաստիճանը շատ բարձր է: Նման ախտահանումը նվազեցնում է մոլախոտերի սերմերի ծլման էներգիան, ինչպես նաև սնկային և վիրուսային հիվանդությունները:
         Ներկայումս փակ գրունտում մշակաբույսերի ոռոգումը և սնուցումը կատարվում են հիմնականում կաթիլային եղանակով: Ուստի, բույսերի սածիլումից առաջ, պետք է անցկացվի այդ խողովակաշարը (բույսերի շարքին համապատասխան) և փորձարկվի, որպեսզի ապահովվի դրա անխափան աշխատանքը:  



To top