Ոչ ավանդական հատիկընդեղեն

ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՏԻԿԸՆԴԵՂԵՆ` ԿՈՈԼՈՌ, ԲԱԿԼԱ, ԲԱՆՋԱՐԱՅԻՆ ՍՈՅԱ, ՄԱՇ  ԵՎ ՁՆԱՈԼՈՌ  ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ   ՄՇԱԿՈՒԹՅԱՆ   ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Հանրապետությունում մեծ է բնակչության պահանջարկը բուսաբուծական  մթերքների նկատմամբ: Դրանց մեջ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում հատիկաընդեղեն մշակաբույսերը, որոնց տեսականին սահմանափակ է, ներկրվում են արտասահմանից` բավականին բարձր գներով:

Առաջարկվել է աշխարհում մեծ տարածում ունեցող, սակայն մեր հանրապետությունում ոչ ավանդական համարվող հատիկաընդեղեններից` կոլոռի և բակլայի, ինչպես նաև բանջարանոցային սոյայի, մաշի և ձնաոլոռի մշակության տեխնոլոգիաների կիրառում մեր հանրապետության մի քանի մարզերում:

Կոոլոռ: Հնագույն մշակաբույսերից է: Մշակվում է Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ալժիրում, Թուրքիայում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում: Դասվում է վաղ ցանվող մշակաբույսերի  շարքին: ՀՀ անջրդի և ջրովի պայմաններում լավ արդյունք է տալիս ցանքի 100 կգ/հա չափաքանակը: Ցանքը պետք է կատարել շարքերով` 15-20 սմ միջշարային տարածությամբ, 6-8 սմ խորությամբ: Թեթև հողերում կարելի է ցանել մինչև 10 սմ խորությամբ: Բերքահավաքը կատարել ունդերի 60-80 տոկոսը հասունացումից հետո` սովորական հնձիչ մեքենաներով, իսկ կալսումը` նախօրոք հարմարեցված հացահատիկային կալսիչներով: Ունի սննդային և առողջապահական մեծ նշանակություն:

Բակլա:  Պարենային և կերային մշակաբույս է, հիմնականում մշակվում է Միջերկրական ծովի ավազանում, Արևմտյան Եվրոպայի երկրներում, ՌԴ-ում: Բակլան երկար օրվա բույս է, կարճ օրվա ժամանակ ծաղկման և պտղակազմակերպման փուլերը հետ են ընկնում: Համեմատաբար ցրտադիմացկուն է, ծիլերը դիմանում են  մինչև -4 աստիճան ցրտի: Սերմերը կարող են ծլել անգամ -3.8 աստիճանի դեպքում էլ: Աճի ու զարգացման  համար լավագույն ջերմաստիճանն է  19-20 աստիճանը: Այս դեպքում ծիլերը երևում են  ցանքի 7-րդ օրը: 

Խոնավասեր, հողի նկատմամբ պահանջկոտ մշակաբույս է, խոնավության նկատմամբ առավել պահանջկոտ է հատկապես ծլում-ծաղկում փուլում: Բարձր բերք է ստացվում այնպիսի հողերում, որտեղ երկար է պահպանվում խոնավությունը: Այդպիսի հատկություն ունեն տորֆաճահճային  և ծանր կավային հողերը: Ցանքի չափաքանակը 100 կգ/հա է, իսկ խոշորասերմ ձևերինը` 280-300 կգ/հա: Ցանքը կատարել 50-60 սմ միջշարային տարածությամբ, 7-8 սմ խորությամբ: Ցանքից հետո դաշտը տափանել: Քանի որ սերմերը ծլում են բավականին ուշացումով, երբեմն  անհրաժեշտ է փոցխել: Վեգետացիայի ընթացքում միջշարային տարածությունները  փխրեցնել և պահել մոլախոտերից մաքուր վիճակում: Խոնավ պայմաններում կարելի է կատարել բուկլից: Սերմերի հասունանալուց ունդերը չեն բացվում և  կորուստ չի լինում: Բերքահավաքը կատարել  կոմբայնով կամ ձեռքով, երբ հասունանում են ներքևի և միջին  մասի ունդերը, այնուհետև կալսել, որից հետո չորացնել և պահեստավորել: 

Բանջարանոցային սոյա, մաշ, ձնաոլոռ:  Այս բույսերը միջին ջերմասեր են: Ցանքը կատարում են այն ժամանակ երբ հողի վերևի շերտում ջերմությունը հասնում է 8-12 աստիճան: Այս բույսերի համար մեծ նշանակություն ունի օդի հարաբերական խոնավությունը: Շատ տաք և չոր պայմաններում ստացվում է անորակ և քիչ բերք: Պահանջում են թեթև, մեխանիկական կազմո ունեցող, օրգանական նյութերով հարուստ ստրուկտուրային հողեր: Ծանր  կավային և ճահճոտ հողերում այս մշակաբույսերը լավ չեն աճում: Ծանր կավային և ճահճոտ հողերում կոոլոռը և բակլան լավ չեն աճում: Խնամքի  աշխատանքներից կարևոր նշանակություն ունի դաշտի հաճախակի փխրեցումը, որը, բացի խոնավության պահպանումից, լավագույն միջոց է մլախոտերի դեմ պայքարելու համար: Առաջին փխրեցումից  15-20 օր հետո կատարել երկրորդ փխրեցումը, իսկ երրորդ անգամ` ըստ անհրաժեշտության: 

Հատիկաընդեղենների մշակության տեխնոլոգիան կիրառելի է նաև նախալեռնային և լեռնային բոլոր գոտիներում: 

Խորհուրդներ

Օգտակար խորհուրդներ

Ինչ է թունաքիմիկատը

Թունաքիմիկատները /պեստիցիդները/ քիմիական նյութեր են, որոնք օգտագործվում են բույսերի և կենդանիների վնասատուների ու հիվանդությունների, ինչպես նաև մոլախոտային բուսականության դեմ պայքարի նպատակով:

Թունաքիմիկատները, կախված դրանց օգտագործման նպատակից, դասակարգվում են`

* ինսեկտիցիդներ` վնասատու միջատների դեմ պայքարի միջոցներ

* հերբիցիդներ` մոլախոտային բույսերի դեմ պայքարի միջոցներ

* ֆունգիցիդներ` բույսերի սնկային հիվանդությունների դեմ պայքարի միջոցներ

* ռոդենտիցիդներ` կրծողների  դեմ պայքարի միջոցներ

* ավիցիդներ` վնասակար միջատների ձվիկների և տզերի դեմ պայքարի միջոցներ

* բակտերիցիդներ` ախտածին մանրէների դեմ պայքարի միջոցներ

* ալգիցիդներ` ջրիմուռների դեմ պայքարի միջոցներ

* դեսիկանտներ` բուսական օրգանիզմները  չորացնող միջոցներ

* դեֆոլիանտներ` բերքահավաքից առաջ տերևների հեռացման միջոցներ

* ֆումիգանտներ` փակ տարածքների /օրինակ հացահատիկի պահեստարանների/ վարակազերծման միջոցներ:

Թունաքիմիկատները թունավոր են կենդանի օրգանիզմների  համար և այդ պատճառով կարող են վտանգ ներկայացնել մարդու առողջությանը և շրջակա միջավայրին: Առողջապահության  համաշխարհային  կազմակերպությունն, ըստ վտանգավորության  աստիճանի, թունաքիմիկատները դասակարգում է հետևյալ կերպ.

I a   առավել վտանգավոր

I b   շատ վտանգավոր

II     չափավոր վտանգավոր

III   բավարար վտանգավոր

U   քիչ վտանգավոր

  

Թունաքիմիկատների վտանգավորությունը  ավելի է արտահայտվում սխալ ընտրած թունաքիմիկատների կամ դրանց գերքանակությամբ  օգտագործման, ինչպես նաև ժամկետանց  թունաքիմիկատների օգտագործման դեպքում: Ուստի և պետք է խուսափել օգտագործել.

* արգելված թունաքիմիկատներ /օրինակ` ԴՆԿՕ, ԴԴՏ, քլորոֆոս, մետաֆոս, լինդան և այլն/

* ժամկետանց թունաքիմիկատներ

* ոչ ճիշտ պահպանման հետևանքով  քայքայված թունաքիմիկատներ:

Թունաքիմիկատների անվտանգ օգտագործումը

Թունաքիմիկատները քիմիական նյութեր են` օժտված տոքսիկ /կենսասպան/ հատկությամբ: Ուստի թունավորումներից և բացասական այլ ազդեցություններց խուսափելու համար անհրաժեշտ է դրանք կիրառել մեծ զգուշությամբ ու խելամտորեն` պահպանելով  ճիշտ օգտագործման բոլոր կանոնները:

Ձեքռք բերում

* Առաջին հերթին պետք է ճիշտ որոշել խնդիր առաջացնող  վնասատուն: Ցանկալի է մասնագետ գյուղատնտեսի հետ խորհրդակցելուց   հետո միայն գնել թունաքիմիկատի համապատասխան տեսակը:

* Գնել թունաքիմիկատը միայն կոնկրետ խնդրի լուծման համար անհրաժեշտ քանակությամբ, խուսափել ավելցուկների առաջացումից: Հնարավորության դեպքում գնել փոքր փաթեթներով` նախատեսված մեկանգամյա օգտագործման համար: 

* Գնել միայն հատուկ հավաստագիր ունեցող  մասնագիտացված խանութներից և կազմակերպություններից /գնելուց առաջ  համոզվեք, որ վաճառողն ունի  համապատասխան թուլտվություն/, ձեռք բերել միայն հայտնի ֆիրմաների կողմից առաջարկվող  ժամանակակից նյութեր և պատրաստուկներ:

* Մի գնեք թունաքիմիկատներ, որոնց փաթեթավորումը  կասկածելի է և պիտակավորված չէ /օրինակ` լցված է ըմպելիքի շշերում/:

* Թունաքիմիկատներ ձեռք բերելիս ձեռքի տակ ունենալ ՀՀ-ում գրանցված և օգտագործման համար  թույլատրված թունաքիմիկատների ցուցակը:

* Կշռափաթեթավորված ապրանքները պետք է ունենան պիտակներ  հայերեն կամ ռուսերեն լեզվով, որոնք պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները`

o առևտրային անվանումը

o ազդող նյութի ընդունված անվանումներն ու  խտությունը տոկոսներով կամ գ/կգ (գ/լ) չափման միավորներով

o արտադրողի անվանումն ու հասցեն

o արտադման ամսաթիվը

o մաքուր քաշը կամ ծավալը

o սպասման ժամկետները

o պիտանելիության  ժամկետը

o առաջին օգնության և հակաթույնի մասին տեղեկություններ

o ՙգրանցված է՚ բառը

o վտանգավորության  դասի նախազգուշական  գունավորումը

o գինը

*Բացի օրենքով  սահմանված պարտադիր տեղեկություններից, գնելիս պահանջեք նաև տեղեկատվություն, խորհրդատվություն այն մասին, թե որ  վնասակար օրգանիզմի դեմ է նախատեսված, ինչպես նաև  ծախսի նորմայի, կիրառման ժամկետի, կիրառման եղանակի և աշխատանքի անվտանգության միջոցառումների մասին:

  Կիրառումը 

* Չափազանց կարևոր է կիրառումն իրականացնել սահմանված կարգով` հաստատված չափաբաժինների համաձայն: Սահմանված չափաբաժինների և մշակումների թվի խախտում չի թույլատրվում կատարել. չափաքանակի գերազանցումը վնասում է բույսը և հողը, իսկ պակաս լինելը` չի ազդում վնասակար օրգանիզմների վրա:

* Չափելն ու խառնելը  պարտադիր իրականացրեք ձեռնոցներով, երբեք մի գործեք անպաշտպան ձեռքերով:

* Առավել  վտանգավոր  թունաքիմիկատների  չափման  ժամանակ ձեռնոցներից բացի կիրառեք նաև այլ պաշտպանության միջոցներ` դիմակ, ակնոց, գոգնոց և այլն:

* Չափելն իրականացնել համապատասխան չափիչների, իսկ խառնելը` փայտիկի միջոցով, աշխատել զգույշ` խուսափելով  թոփելուց կամ ցրելուց:

* Թունաքիմիկատներով մշակումը ցանկալի է կատարել միայն առավոտյան մինչև ժամը 10:00 և երեկոյան 18:00 հետո, օդի համապատասխանաբար ցածր ջերմաստիճանի, արևի նվազ ճառագայթման և օդի նվազագույն հոսանքի պայմաններում: Ամպամած եղանակին այդ աշխատանքները  կարող են կատարվել նաև ցերեկային ժամերին:

* Ցանկալի է թունաքիմիկատներով աշխատել մեկ ժամից ոչ ավել:

* Թունաքիմիկատներով մշակումը կատարելիս պետք է անպայման ուշադրություն դարձնել օրվա եղանակին, հատկապես քամուն, որը կարող է անիմաստ դարձնել մշակումը` հեռացնելով  թունաքիմիկատը  նպատակային վայրից, և անձրևին, երբ որոշ նյութեր հեշտությամբ լվացվում են անձրևաջրով:

*Ջերմատներում թունաքիմիկատներով մշակունը պատք է իրականացնել բոլոր մնացած  աշխատանքների ավարտից հետո. ջերմատունը պետք է կողպեքով  փակել և կախել նախազգուշական ցուցանակ:

* Թունաքիմիկատների հետ կատարվող աշխատանքների  վայրերում չի թույլատրվում պահել սննդամթերք, խմելու ջուր, անասնակեր և տնային գործածման առարկաներ:

*Չի կարելի մշտապես օգտագործել միևնույն                    նյութերը/պատրաստուկները կամ նույն դասին պատկանող նյութերը/ պատրաստուկները, քանի որ վնասակար  օրգանիզմները հարմարվում են դրանք:

Անհատական պաշտպանիչ միջոցներ

Օրգանիզմը շնչառական օրգանների, մաշկի, լորձաթաղանթի միջոցով թունաքիմիկատների ներթափանցումից  պաշտպանելու համար թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է  իրականացնել անհատական պաշտպանության միջոցով. քիմիական նյութերի նկատմամբ կայուն  ձեռնոցներ, շնչադիմակ կամ հակագազ` ածխային ֆիլտրով, ցողարկման համար նախատեսված թեթև  արտահագուստ/գոգնոց, հատուկ երկարաճիտ կոշիկներ, պաշտպանիչ ակնոցներ:

* Թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ չի կարելի սնունդ ընդունել, խմել, ծխել, հանել անհատական պաշտպանիչ միջոցները:

* Աշխատանքային ընդմիջման ժամանակ  ուտելուց, խմելուց կամ ծխելուց առաջ անհրաժեշտ է ձեռքերն ու դեմքը օճառով լվանալ:

* Չի կարելի արտահագուստը և հատուկ կոշիկները հագնել աշխատանքից հետո: Այն պետք է պահել մնացած հագուստներից առանձին:

  Փոխադրում, պահեստավորում և պահպանում

Մինչև թունաքիմիկատների անմիջական կիրառումը` դրանք պետք է տեղափոխվեն, պահեստավորվեն և ապա պահպանվեն տնային տնտեսությունում:

Տնային տնտեսության պայմաններում թունաքիմիկատները պետք է պահել դրանց համր հատուկ նախատեսված ապահով, չոր տեղում` առանձին պահարաններում` հեռացնելով կրակից ու արևի ուղիղ ճառագայթներից, ինչպես նաև հեռու տնտեսության բնակելի մասից, ցանկալի է փակի տակ` կիրառելով պահպանման համար նախատեսված բոլոր անվտանգության միջոցառումները:

Առաջին նախաբժշկական օգնություն թունավորման դեպքում

Թունաքիմիկատների ոչ ճիշտ օգտագործման դեպքում հնարավոր են տարբեր տեսակի թունավորումներ:

Թունավորման առաջին նշաններն են`

1. Ընդհանուր` չափազանց  հոգնածություն, ընդհանուր թուլություն, դժվարացած շնչառություն:

2. Մաշկ` գրգռվածություն, այրվածքի զգացողություն, առատ քրտինք, կարմրություն:

3. Աչքեր` քոր, այրվածքի զգացողություն, ջրառատությւոն, դժվարացված կամ մշուշոտ տեսողություն, փոփոխված /լայնացած/ բիբեր:

Աղեստամոքսային` բերանում և կոկորդում այրվածքի  զգացողություն, առատ թքարտադրություն, սրտխառնոց և  փսխում, ցավեր ստամոքսում, ստամոքսի խանգարում:

5. Նյարդային` գլխացավ, գլխապտույտ, անհանգստություն, մկանային ջղաձգություն, խոսելու դժվարություններ, ցնցումներ, գիտակցության կորուստ:

6. Շնչառական` հազ, ցավ ու ճնշման զգացողություն կրծքում, շնչահեղձություն:

Առաջին ախտանիշներն ի հայտ են գալիս  թունավորումից 1-4 ժամ հետո, իսկ ուժեղ թունավորման դեպքում` ավելի շուտ:

Առաջին օգնությունը ներառում է այնպիսի միջոցառումներ, որոնք կարող են կատարել իրենք` թունավորվածները, նրանց մտերիմները կամ բուժաշխատողները: Կարևոր է  օգնության ցուցաբերման  հերթականությունը. նախ շնչառության վերականգնում, հետո` աչքերի վնասազերծում, վերջում` մնացած օրգանների վնասազերծում:

1. Թունավորվածին ազատել շնչառությունը դժվարացնող աղտոտված  հագուստից ու շնչադիմակից, տեղափոխել հով տեղ, ապահովել մաքուր օդի մուտքը: 

2. Շնչառության դադարի դեպքում անմիջապես առաջ քաշել ծնոտը` լեզվի կուլ գնալուց խուսափելու համար, և կատարել արհեստական շնչառություն` նախօրոք լորձից մաքրելով բերանի խոռոչը:

3. Աղեստամոքսային տրակտի թունավորման դեպքում խմեցնել մի քանի բաժակ գոլ ջուր կամ կալիումի պերմանգանատի /մարգանցովկա/ թույլ վարդագույն լուծույթ և արհեստական փսխում առաջացնել, կրկնել 2-3 անգամ:

* Մի առաջացրեք փսխում, մինչև չհամոզվեք դրա  անհրաժեշտության մեջ:

 Չի կարելի փսխում առաջացնել  հիվանդի մոտ, որը անգիտակից վիճակում է:

 Չի կարելի փսխում ռաջացնել, եթե թունաքիմիկատը գրգռել կամ քայքայել հիվանդի լորձաթաղանթը, բերանը այտուցված և կարմրած է:

* Խմեցնել կես բաժակ 2%-ոց սննդի սոդայի լուծույթ, որի հետ խառնել 2-3 ճաշի գդալ ակտիվացրած ածուխ: Չի կարելի  տալ կաթ, ճարպեր և ալկոհոլային խմիչքներ:

4. Եթե թույնը աչքի մեջ է ընկել, ապա այն ջրով կամ սննդի սոդայի լուծույթով  առատորեն լվանալ ոչ պակաս քան 10 րոպե:

5. Եթե թույնը մաշկի վրա է ընկել, ապա այն թեթևորեն սրբել փափուկ կտորով և լավ լվանալ օճառով առնվազն 10-15 րոպե, հնարավորության դեպքում հիվանդին սուզել ջրավազանի մեջ:

Մաշկային արյունահոսության դեպքում դնել ջրածնի գերօքսիդով թրջած տամպոններ: Քթային արյունահոսության դեպքում դնել սառը թրջոցներ քթարմատին ու ծոծրակին, իսկ քթի մեջ` ջրածնի գերօքսիդով կամ խիտ աղային լուծույթով թրջած տամպոններ:

Թունավորման բոլոր դեպքերում, անկախ ծանրությունից, պետք է անհապաղ դիմել բժշկի կամ բուժակի` տրամադրելով նրանց թունաքիմիկատի պիտակին նծված լրիվ տեղեկատվությունը: Թունաքիմիկատներով աշխատելու վայրում ցանկալի է ունենալ առաջին մինչբուժական օգնության դեղատուփ:

Թունաքիմիկատներով մշտապես աշխատողներին առաջարկվում է անցնել նախնական զննում: 

Դեղաբույս

Սրոհունդ սովորական

 

Հայկական տարանունները - արևքուրիկ, եզնածաղիկ դաշտի, թեյի ծաղիկ, հազարածաղիկ, հայֆարիզոն, հիպերիկոն, հոտմոտ, մկան աղիք, մշահամուկ, պոպղակ

 Դեղաբույսի նկարագրությունը: Սրոհունդազգիների ընտանիքին պատկանող, 20-60 սմ բարձրության, ուղիղ, ողորկ ցողունով բազմամյա խոտաբույս է: Տերևները նստադիր են, հակադիր, ձվաձև, ամբողջաեզր: Ծաղիկները բազմաթիվ են, ոսկեդեղնավուն, սերմերը` մանր, ծակոտկեն ու դարչնագույն: Ունի ճյուղավորված, գորշ դարչնագույն արմատ: Ծաղկում է ողջ ամռան ընթացքում. պտղակալում` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Աճում է չոր և լուսառատ տարածքներում, անտառային և անտառատափաստանային գոտիներում, ծովի մակերևույթից մինչև 2300 մ բարձրության վրա` հաճախ տալով ցրված բուսուտներ: Սովորական, բծավոր, կոշտամազավոր, նրբագեղ և այլ տեսակներից գիտական բժշկության մեջ ճանաչում է գտել միայն սովորական սրոհունդը, իսկ մյուս բոլոր տեսակները օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ: Մեր հանրապետությունում սովորական սրոհունդը առատ պաշարներով հանդիպում է գրեթե ամենուր: Բույսը ձմեռում է լավ, բազմանում է սերմերով, պտղակալում` կանոնավոր: Ցեղի «Հիպերիկումե անվանումը հունարեն «հիպոե և «էրիկեե բառերի միացությունից է, որը նշանակում է հավամրգու տակ, կամ հավամրգիների մեջ, հավանաբար, ելնելով այն բանից, որ առաջին անգամ մարդիկ սրոհունդը գտել են հավամրգիների մեջ, իսկ տեսակի «պերֆորատումե անվանումը լատիներեն նշանակում է ծակծկված, ելնելով այն բանից, որ բույսի տերևները պատված են թափանցիկ, կետավոր գեղձերով: Քիմիական բաղադրությունը: Բույսը պարունակում է 10-12% դաբաղանյութեր, ներկանյութեր (հիպերիցին, պսևդոհիպերիցին), խեժանյութեր, 5-6% անտոցիաններ, սապոնիններ, գլիկոզիդ հիպերոզիդ, C վիտամին, ռուտին, նիկոտինաթթու, կարոտին, խոլին, ալկալոիդների հետքեր, կվերցիտրին, իզոկվերցիտրին, կվերցետին, 0,2-0,3% եթերայուղ, որն իր հերթին պարունակում է տերպեններ, սեսկվիտերպեններ, իզովալերիանաթթվի բարդ եթերներ, ցերիլ սպիրտ և այլն: Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործվում է դեղաբույսի վերգետնյա մասը, որը մթերում են ծաղկման ընթացքում` մինչև պտղակալելը, կտրելով մկրատով կամ մանգաղով, առանց ցողունային կոշտ մասերի: Հումքը չորացնում են տանիքում, լավ քամհարվող տեղում, կախած կամ փռած վիճակում: Չոր հումքը, որը կազմում է նախնականի 25%-ը, փշրում են, հեռացնում կոշտ մասերը և պահում թղթով փաթաթած, տուփերի մեջ: Մթերման ժամանակ պետք է թողնել առանձին բույսեր` սերմացուի համար, իսկ բույսն արմատահան անել բոլորովին անթույլատրելի է: Չոր հումքը պետք է ունենա բնականին մոտ տեսք, բալասանային հոտ, դառը, տտիպ համ: Այն պիտանի է օգտագործման շուրջ 3 տարի: Դեղաբույսն ունի կիրառման հին պատմություն: Նրա մասին դեռևս նշել են Հիպոկրատը, Պլինիոսը և Դիոսկորիդը, իսկ միջնադարում` Պարացելսը և Տաբերնեմոնտանուսը, որոնք օգտագործել են այն տարբեր հիվանդությունների ժամանակ: Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ճանաչվել է որպես հրաշագործ միջոց և նույնիսկ ընդունված է եղել այն հավատը, որ «տեր աստծո կողմից տրված այս զենքն ուղղված է կախարդների ու սատանաների դեմե. ահա թե ինչու սրոհունդը ժողովուրդն անվանում է նաև «աստվածայինե, «աստծո ողորմությունե: Ավիցեննան սրոհունդի սերմերի յուղը` կաթիլների ձևով, օգտագործել է մանկական պրակտիկայում` լսողության խանգարումների ժամանակ: Նա դեղաբույսը ճանաչել է որպես վերքամոքիչ, ցավազրկող և միզամուղ, այդ իսկ պատճառով այն օգտագործել է դժվար լավացող խոցերի և վերքերի, նստաներվի բորբոքումների ժամանակ և այլն: Մ. Հերացին դեղաբույսն օգտագործել է ջերմերի և փորկապության ժամանակ, իսկ Ամիրդովլաթը («հայը ֆարիղոնե, «հոռմցի տատիե և այլ անուններով) օգտագործել է այրվածքների, դեղնուկի, դժվարամիզության, ուռուցքների, ջերմության բարձրացման, կոնքացավի ժամանակ և այլն: Այնուհետև բժշկապետը նշում է, որ բույսի սերմերն օժտված են հակաբեղմավորիչ և վիժեցնող հատկություններով:

 

 

 

Կանաչ թեյ

Հին ժամանակներից մեզ նվեր հասած թեյը

«Սկզբում թեյը դեղաբույս էր, հետո դարձավ ըմպելիք: 17-րդ դարում այն դարձավ պոեզիայի թեմա, ապա` հաճույք, իսկ դեռեւս 15-րդ դարում Ճապոնիայում ծնվեց էսթետիզմի կրոն` «Թեյիզմե, որն առօրյա բութ իրականության մեջ գեղեցիկ պաշտամունք էրե` Օկակուրա Կակուզա: Իր հայրենիքում` Չինաստանում, թեյը հայտնի է անհիշելի ժամանակներից: Այն ունի մոտավորապես 5000 տարվա պատմություն: Կա վերամշակված թեյի 4 տեսակ` սեւ, կանաչ, կարմիր եւ դեղին: Թեյի մեջ կան 120-130 ամենատարբեր բարդ քիմիական միացություններ: Կոֆեինը 2-4 տոկոսով ավելի է` քան սուրճի մեջ: Տոնուսը բարձրացնող իր ներգործությամբ թեյն այնքան էլ կտրուկ չէ, ինչպես սուրճը, որովհետեւ սուրճի մեջ կոֆեինը հանդես է գալիս մաքուր տեսքով, իսկ թեյի մեջ` միացության ձեւով: Թեյն իր մեջ պարունակում է շատ վիտամիններ: Այն ապահովում է կենսունակությունը, կարգավորում է մարսողությունը, ունի մանրէազերծ հատկություն, շատ օգտակար է ստամոքսի խանգարումների դեպքում: Կարեւոր է թեյի դերն օրգանիզմի նյութափոխանակության համար: Ունի բարձր կալորիականություն, դրական ազդեցություն` երիկամների ու շնչուղիների վրա:

Թեյը նպաստում է քրտնարտադրությանը: Թունդ եւ քաղցր թեյը հակաթույն է ալկոհոլի եւ թմրանյութերի դեմ, իսկ դրա մեջ եղած ֆոսֆորը կանխում է ատամների կարիեսը: Թունդ թեյը գոլ վիճակում բուժում է աչքի բորբոքային հիվանդությունները, իսկ կիտրոնով թեյը` հարբուխը, անգինան եւ գրիպը: Իհարկե, շատ թունդ թեյն էլ կարող է առաջացնել անքնություն: Առհասարակ ավելի վտանգավոր է ոչ թե թեյի քանակը` այլ այն ջրի, որն ընդունում է օրգանիզմը: Օրինակ` շոտլանդացիները շատ թեյ են խմում եւ աչքի են ընկնում ամուր առողջությամբ ու երկարակեցությամբ: Թեյի շնորհիվ չինացիներն աչքի են ընկնում իրենց դիմացկունությամբ` փոքր մարմնի մեջ մեծ էներգիա ունենալով, իսկ ճապոնացիները` նախանձելի ամուր նյարդերով, տոկունությամբ եւ ուժով: Իսկ ահա ամերիկացի դիետոլոգները գտնում են, որ կանաչ թեյը շաքարով ու կիտրոնով շատ լավ է առողջությանը, քանի որ ասկորբինաթթուն եւ շաքարն օգնում են, որպեսզի օրգանիզմն ավելի լավ յուրացնի կանաչ թեյի մեջ եղած օգտակար միացությունները:

  Մեզանից շատերն են լսել կանաչ թեյի օգտակարության մասին, սակայն բավականին վերջերս շատ մասնագետներ գտնում են, որ կանաչ թեյը թուլացնում է ոսկորները: Այսինքն՝ կանաչ թեյն օրգանիզմի վրա, բացի դրական ազդեցությունից, կարող է ունենալ նաեւ բացասական ազդեցություն: Այնպես որ, ինչպես ամեն բան, այնպես էլ կանաչ թեյը պետք է օգտագործել չափավոր: Իհարկե, փորձերը նաեւ ցույց են տվել, որ կանաչ թեյի 3-շաբաթյա ամենօրյա գործածության արդյունքում նվազել է զարկերակային ճնշումը` համապատասխանաբար նվազեցնելով արյան մեջ խոլեստերինի քանակը: Այդ պատճառով էլ կանաչ թեյը պակասեցնում է մի քանի հիվանդության առաջացման վտանգն ու ռիսկը` չարորակ ուռուցքներ, Ալցհեյմերի հիվանդություն եւ այլն:

  Թեյի մեծ սիրահարները չեն էլ կարող պատկերացնել, որ այն գործածվում է նաեւ մարդկանց այլ կարիքները հոգալու համար: Օրինակ` թեյը որպես դեղամիջոց՝ կարող է օգտագործվել թարմ տերեւների քամած հյութի տեսքով` այրվածքների, ներքին եւ արտաքին վերքերի բուժման համար: Թեյը դեղագործական արդյունաբերության մեջ շատ կարեւոր նշանակություն ունեցող հումք է: Թեյի փոշուց ստանում են բնական կոֆեին` թեյին, իսկ ավելի կոշտ տերեւներից ստանում են C եւ P վիտամիններ: Թեյի էկստրակտները դեղագործության մեջ օգտագործվում են որպես ցավազրկող ու քնաբեր միջոց, որը փոխարինում է մորֆինին:

  Թեյի գույները` դեղին, կանաչ, շագանակագույն, առանձնանում են իրենց բնականությամբ եւ անվտանգ են: Դրանք շատ հանգիստ կարելի է օգտագործել սննդի մեջ: Չինաստանի եւ Բիրմայի բնակիչները թեյն օգտագործում են սխտորի հետ` որպես համեմունք: Այսպիսի համատեղության արդյունքում թեյը բթացնում է սխտորի հոտը: Աշխարհում ամենաթանկ թեյը Դահունպաոն է, որ թարգմանաբար նշանակում է՝ «մեծ կարմիր խալաթե: Այն պատկանում է յուրահատուկ համով ու հոտով օժտված, ուժեղ ֆերմենտացիա պարունակող թեյերի խմբին: Այս թեյը ստանում են ընդամենը 6 թփերի տերեւներից, որոնք գտնվում են Տյանսին վանքից ոչ հեռու: Այս հետաքրքիր ու յուրահատուկ թփերն արդեն 350 տարեկան են: Ամեն տարի այս թփերից հավաքվում էր ոչ ավելի, քան 500 գ հռչակավոր թեյ: Պատրաստի մթերքի 1 կիլոգրամն արժեր 685.000 դոլար: 2005 թ. այս թեյի 20գ` 4 գդալ, աճուրդում վաճառվել է 25.000 դոլարով, իսկ 2006թ. ամբողջ բերքը հանձնվել է Չինական Ազգային թանգարանի պահպանությանը: Այսօր այդ թեյը չի կարող այլեւս վայելել ոչ ոք, քանի որ բերքն այլեւս չի հավաքվում: